Պեկինում հանդիպել են Պուտինն ու Ալիևը, իսկ Կիմ Չեն Ընը ընդհատել է ռուսաստանյան այցը և 7 ժամ շուտ վերադարձել Փհենյան

- in Միջազգային
Putin Aliev

Չինաստանի մայրաքաղաքում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք մասնակցում են Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ուղի» միջազգային համաժողովին:

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ առաջիկա օգոստոսին Ռուսաստանում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդները, գրում է Ազատությունը:

Պեկինում այսօր մեկնարկած երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 100 երկրների նախարարներ և ներկայացուցիչներ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընդհատել է ռուսաստանյան այցը և 7 ժամ շուտ վերադարձել Փհենյան:

Այսօր կեսօրին Վլադիվոստոկի «Լեսնայա Զաիմկա» ռեստորանում ճաշելուց հետո, որտեղ 17 տարի առաջ ճաշել էր հայրը՝ Կիմ Չեն Իրը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նստել է զրահապատ գնացքը և ուղևորվել տուն: Մինչդեռ նա այսօր Վլադիվոստոկում պետք է այցելեր դելֆինարիում և դիտեր «Քնած գեղեցկուհին» բալետը, գրում է Ազատությունը:

Թե որն է Կիմ Չեն Ընի շուտափույթ վերադարձի պատճառը, հայտնի չէ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստան է ժամանել ապրիլի 24-ին: Նախօրեին նա հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: