ՊԵԿ-ը մտել է Առինջ Մոլ. Ծառուկյանի խոսնակը՝ ստուգումների մասին

- in Տնտեսական
Iveta Tonoyan

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված վարձատրության գումարի մասին է խոսքը, որ մեկ քառակուսի մետր տարածքի համար նախատեսված է 800 դրամ, իրենք ինչ-որ տեղեկատվություն ունեն, որ իրականում ավելի շատ է այդ գումարը գանձվում: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հավելեց, որ երեք տարի շարունակ այդ տարածքներն անվճար են տրամադրվել առևտրականներին, և վերջերս են միայն կնքվել վարձակալության պայմանագրեր, որոնցով նախատեսված է մեկ քառակուսի մետրի համար 800 դրամ վճարել:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: Այնտեղ է գնացել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, թե ստացել են ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս: Նա ասել է նաեւ, թե քաղաքական սրացումների փուլում ՊԵԿ-ը միշտ «հիշում է» Առինջ մոլը, փոխանակ բացահայտի երկրի իրական թալամչիներին:

Գեւորգ Պետրոսյանը հորդորել է ՊԵԿ-ին իր գործառույթներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում: «Եթե ոչ, սրան հաջորդելու են շատ խիստ կոնկրետ քաղաքական գնահատականներ»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...