Պոպուլիստ, դեմագոգ, Համազասպ – համազուսպ, զոմբի. ԱԺ-ում թեժ նիստ էր

- in Հրապարակ
AJ

ԱԺ-ում «Զինվորականների ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը վերածվեց վիճաբանության: Խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող Իմ քայլը դաշինքը դեմ քվեարկեց ԲՀԿ նախագծին:

Նախագծով առաջարկվում է, որ մարտական հերթապահություն իրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները: Իմ քայլի պատգամավորները նշեցին, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ կատարել այդ փոփոխությունը:

Այնուհետև Իմ քայլի պատգամավորները մի կողմից, ԲՀԿ և Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները մյուս կողմից թեժ վիճաբանություն սկսեցին: Վիճաբանությանը մասնակցեցին ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը, Իմ քայլից Սոֆյա Հովսեփյանը և այլ պատգամավորներ՝ միմյանց մեղադրելով պոպուլիզմի, դեմագոգիայի մեջ: Հետո միացան մյուս պատգամավորները. Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց մեծամասնությանը նախորդ իշխանության գործելաճը և սոցցանցերում իշխանական «զոմբիների» հարձակումները: Գևորգ Պետրոսյանին պատասխանեց Համազասպ Դանիելյանը՝ հիշեցնելով ԲՀԿ անցյալը:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը Համազասպ Դանիելյանին կոչ արեց զուսպ լինել, իսկ Իմ քայլի մյուս պատգամավորներին ասաց, որ նրանք այստեղ նստած չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

Էդմոն Մարուքյանը Իմ քայլի պատգամավորներին հիշեցրեց, որ նույն նախագիծը ժամանակին բերել է Նիկոլ Փաշինյանը:

Երբ խոսում էր Մխիթար Հայրապետյանը, միջամտեց Գևորգ Գորգիսյանը, Հայրապետյանը նրան կոշտ տոնով կոչ արեց լռել: Այնուհետև միջամտեց Էդմոն Մարուքյանը՝ դու ո՞վ ես: Դու չի, դուք է՝ պատասխանեց Հայրապետյանը: Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով Մարուքյանին, որ Մխիթար Հայրապետյանը ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահն է:

ԱԺ այսօրվա նիստում բուռքն քննարկում ծավալվեց ԲՀԿ խմբակցության նախաձեռնության շուրջ, որով առաջարկվում է փորձառու զինծառայողներին տանել մարտական հերթապահության: Իմ քայլի պագամավորները անհեթեթ էին որակել ԲՀԿ նախաձեռնությունը: Նաև ԲՀԿ-ականներին մեղադրել էին պոպուլիզմի մեջ:

ԱԺ այսսօրվա նիստում ԲՀԿ, ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորների բանավեճը շարունակվեց նաև Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ: Հիշեցնենք, որ բանավեճը ծավալվել էր ԲՀԿ ներկայացրած օրենքի նախագծի շուրջ, որով առաջարկվում է առաջնագիծ մարտական հերթապահության տանել միայն փորձառու զինծառայողներին: Իմ քայլը դեմ է այս նախագծին:

Մխիթար Հայրապետյանի ելույթը տեղից ընդհատեց Լուսավոր Հայաստանի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա, պարոն Գորգիսյան, լռեք»,- գոռաց Մխիթար Հայրապետյանը; Նա շարունակեց. «Ուրեմն, պարոն Գորգիսյան, ձեզ եմ ասում ու ձեր մյուս գործընկերներին, փոխեք ձեր հռետորաբանությունը և ոճը: Սա խնդրանք է, բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք փոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է այս հատվածը առնվազն պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»: Տեղից սկսեց պատասխնել նաև Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը: «Պարոն Մարուքյան, լռեք ասացի: Դու չի, դուք ա ձեզ համար»,- ասաց  Հայրապետյանը: Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Դու ո՞վ ես»:

Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Շատ ցավում եմ ձեզ համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»:

«Հետագայում, եթե մի 10 րոպե ունենամ, կանդրադառնամ անհատապես Ձեզ, պարոն Մարուքյան: Մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»,- սպառնաց Մխիթար Հայրապետյանը: Այնուհետև Մխիթար Հայրապետյանը դիմեց Իմ քայլի պատգամավոր Համազասպ Դանիելյանին. «Պարոն Դանիելյան, դուք ուզում եք ունենալ այն քաղաքական հետագիծը, որն ունե՞ք, թե՞ այնպիսին, որը պարոն Մարուքյանն ունի»: Իմ քայլի պատգամավորները ծափեր հնչեցրեցին:

«Ճիշտն ասած, ես չեմ հասկանում էս կռիվն ինչի մասին էր»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում հարցադրում արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ ամեն անգամ ընդդիմությունն ասում է՝ կառավարությունն ընդդիմության նախագծին բացասական եզրակացություն է տալիս, հանձնաժողովը դակում է, խորհրդարանն էլ այստեղ դակում է: «Այ ձեր ցավը տանեմ, հիմա բացեք օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնվել են ընդդիմության կողմից և դրական եզրակացություն են ստացել, շուտով մենք քննարկելու ենք: Էդ ինչի՞ եք ամեն անգամ էդ բանը շահարկում, իհարկե, այդպես չէ»:

«Տիկին Զոհրաբյան, առաջարկում եմ այսուհետ այդպիսի բաներ չասել՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք այստեղ: Այստեղ մարդիկ են նստած, որոնք լուրջ հետագիծ ունեն և պրոֆեսիոնալ, և քաղաքական առումով: Կոռեկտությունը պահել է պետք, այո, անհեթեթություն չի կարելի ասել ֆրակցիայի նախագծին, բայց նաև չի կարելի անընդհատ շահարկել հակառակ կողմից և վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Ի՞նչ ա նշանակում՝ դու ո՞վ ես, պարոն Մարուքյան: Ի՞նչ է նշանակում ֆրակցիայի ղեկավարը հանձնաժողովի նախագահին ասում ա՝ դու ո՞վ ես, է: Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը նրան ասել էր. Համազասպ, մի քիչ զուսպ եղիր, արձագանքելով նրա ելույթին:

Միակողմանի արտահայտություններ, որակումներ են եղել, այնտեղ փոխադարձ վիրավորանք չի եղել: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի արտահայտությանը, մարդը, ով մեկ արտահայտության մեջ օգտագործել է տարրական բարոյականություն արտահայտությունը և հետո իրեն իրավունք է վերապահել որևէ մեկի անվան հետ բառախաղ անել, ես կարծում եմ՝ արժանի չէ նույն որակի ու մակարդակի արձագանքի: Իմ անունն ինձ համար շատ թանկ է: Իմ անունը ինձ համար շատ ավելի թանկ է, քան նման քաղաքական հետագիծը, ինչի մասին իրենք խոսում են,- ասաց Համազասպ Դանիելյանը:

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն Արարատ Միրզոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել:

«Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերում, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունում:

Օրակարգերի նախագծերում ընդգրկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը»,- գրված է հաղորդագրությունում: