Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

- in Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսպիսի որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:

Դատարանը այսպիսով մերժեց պաշտպանական կողմի բողոքը:

Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Դատարանի այս որոշման դեմ բողոք են ներկայացրել թե՛ պաշտպանները եւ թե՛ նաեւ մեղադրող դատախազները:

Դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերի կաշառքի դրվագում հիմնավոր կասկածը բացակայում է: Դատախազությունը հենց այս հիմքով էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: