Ռուսաստանը հրաժարվե՞ց. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի կոչը

- in Վերլուծական

Կալանատանը գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոդված է հրապարակել, որտեղ Եվրամիությանն ու Եվրոպայի խորհրդին անում է իր կողքին կանգնելու եւ Հայաստանի նոր իշխանության հետապնդումից իրեն պաշտպանելու կոչ, ասելով, թե միայն ինքն է, որ կարող է հանրության առաջ հաշվետու դարձնել այդ իշխանությանը:

Հոդվածը հրապարակվել է EURACTIV կայքում, թվագրված է ապրիլի 18-ով: Ե՞րբ է գրել հոդվածը երկրորդ նախագահ Քոչարյանը: Դա հետաքրքիր է նրանով, որ նրա գրասենյակն օրեր առաջ տարածեց տեղեկություն, որ նրան նամակ է հղել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որտեղ մանրամասն ներկայացրել է Ղազախստանում տեղի ունեցող ներքին գործընթացները եւ, ջերմությամբ հիշելով միմյանց շփումները, հույս հայտնել, որ ապագայում էլ կլինեն այդպիսիք:
Ռոբերտ Քոչարյանը հրապարակված հոդվածը գրել է մինչեւ Նազարբաեւի նամա՞կը, թե՞ դրանից հետո: Արդյոք Ղազախստանի նախագահը գրել է, որ այլեւս հնարավոր չէ հույս դնել Ռուսաստանի վրա, Մոսկվայի վիճակն ու խնդիրներն այլեւս այլ են:

Որովհետեւ հոդվածում արվող կոչն ուշագրավ է թե ներկայիս իրողությունների, թե նաեւ որոշակիորեն անցյալի համատեքստում: Օրինակ, դեռեւս իր նախագահության շրջանում, երբ ընդդիմությունը դիմում էր եվրոպական կառույցներին՝ Հայաստանում ժողովրդավարության եւ իրավունքների ոտնահարման դեմ պայքարում իրենց աջակցելու համար, Ռոբերտ Քոչարյանն արձագանքում էր, որ Եվրախորհուրդը «պոլիտբյուրո» չէ:

Հիմա փաստորեն ինքն է դիմում Եվրոպայի Խորհրդին ու Եվրամիությանը, որ կանգնեն իր կողքին եւ աջակցեն պաշտպանությանը: Իրապես՝ իրավիճակ է փոխվել:

Մյուս կողմից, արդյոք Եվրամիությանն ու ԵԽ-ին ուղղված երկրորդ նախագահի կոչը նշանակում է, որ Ռուսաստանը հրաժարվել է նրան օգնելուց, կամ Ռոբերտ Քոչարյանը խիստ անբավարար է համարում այդ օգնությունը: Բանն այն է, որ այդ օգնությունը կարծես թե արտահայտվում է առավելապես տեղեկատվական աջակցության կարգով, ընդ որում գուցե ստացվում է բավական թանկ:

Իսկ Եվրամիությունն ու Եվրոպայի Խորհուրդը ոչ միայն գին չեն պահանջում ժողովրդավարությանն օգնելու համար, այլ նույնիսկ իրենք են փողով օգնում՝ դրամաշնորհների տեսքով:

Եթե լուրջ, ապա թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում հակառուսական երանգի ներքո ներկայացնել փորձող երկրորդ նախագահը օգնության համար դիմում է Ռուսաստանի դեմ պատժամիջոց կիրառող կառույցների:

Արդյոք երկրորդ նախագահի մոտ տեղի է ունենում արժեհամակարգային եւ աշխարհայացքային վերագնահատում, եւ աշխարհքաղաքական վերակողմնորոշում: Որովհետեւ բանն այն է, որ նա իր հոդվածի ներքո դնում է շատ հստակ քաղաքական ենթատեքստ եւ խոսում այն մասին, որ հետապնդման է արժանանում քաղաքական դիրքորոշման եւ սուբյեկտության պատճառով:

Հետեւաբար, պաշտպանության մասին կոչը աներկբա ստանում է քաղաքական տողատակ: Թե՞ խոսքն ընդամենը տակտիկական դիվերսիֆիկացիայի մասին է, ընդ որում Մոսկվայի հետ համաձայնեցված: Կամ գուցե որոշ շրջանակների, օրինակ Լազարեւսկի կոմիտեի, որի ստեղծումը ողջունել եւ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանը: Հնարավոր է, որ կոմիտեի նախագահ Զատուլինը անհրաժեշտ է համարել Կրեմլի ուշադրությունը գրավելու համար անել մի փոքր ոչ ստանդարտ, անսպասելի քայլ, Ռուսաստանում երկրորդ նախագահի գինը բարձրացնելու համար:

Հատկապես որ, հակառակ պարագայում կարող է կտրուկ անկում արձանագրել Լազարեւսկի կոմիտեի գինը: 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...