ՍԴ դատավորի թեկնածուի փաստաթղթերում շփոթ կա

- in Պաշտոնական

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ կընտրի այսօր: Խորհրդարանում հարցի քննարկումը ավարտվեց, սպասվում է փակ գաղտնի քվեարկություն: ՍԴ անդամի թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, ում թեկնածությունն առաջադրել էր հանրապետության նախագահը:

Նախքան քվեարկությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ թեկնածուն գրանցման փաստաթղթերի հետ կապված հարց կա: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրել էր՝ ինչո՞ւ է ԱԺ նախագահը ընդունել այդ թեկնածությունը, եթե այն այդքան խոցելի էր: Արարատ Միրզոյանն իր հետ բերել էր փաստաթղթեր, ասաց, որ նախագահի առաջարկից հետո խորհրդարանում ուսումնասիրել են փաստաթղթերը և պարզել, որ թեև Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է և օրենսդրության համաձայն՝ պետական մարմիները պարտավոր են փաստաթղթերի ստեծման, ձևավորման ու շրջանառության ապահովման գործընթացը կատարել գրական հայերեն լեզվով, բայց ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասի հայերեն թարգմանություն չեն ունեցել, ներկայացված են եղել գերմաներենով: Բացի դրանից, օրենքը շատ հստակ սահմանում է, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացվեն:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այս փաստաթղթերն ու թեկնածությունն ընդունել են, որովհետև չպետք  է կառչել օրենքի տառին և խանգարել իրավասու մարմնին, տվյալ դեպքում հանրապետության նախագահին՝ իրականացնելու իրեն վերապահված լիազորությունները: «Արդյոք սա ճի՞շտ մոտեցում է, վստահ եմ, որ ոչ, օրենքը չպետք է խախտել: Եվ եթե իրավասու մարմնին՝ հանրապետության նախագահին, վերապահված է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել, ապա պետք է գրանցել և հնարավորություն տալ, ինչի հնարավորությունը օրենքը տալիս է, որ սահմանվի ժամանակ, գրավոր դիմել իրավասու մարմնին՝ առաջարկելով շտկել ձևական սխալները: Ահա սրա համար ես գրությամբ դիմել եմ հանրապետության նախագահին  և առաջարկել շտկել ձևական սխալները:

Ինչին ի պատասխան հանրապետության նախագահից պատասխան նամակ եմ ստացել, որտեղ ասվում է, որ նախկինում այլ լեզուներով ներկայացված են եղել թեկնածություններ, բայց ԱԺ-ն առարկություններ չի արել: Ասվել է, որ մեր պահանջը կներկայացվի թեկնածուին, իրենք էլ դա կանեն, որից հետո թեկնածուն ներկայացրել է նոր փաստաթղթեր: Եվ ինչն է հետաքրքիր, դրանցով ոչ թե հիմնավորվում է նախորդ կենսագրական քարտում կամ CV-ում կենսագրության մեջ նշված տվյալները հիմնավորող ապացույցներ, այլ ներկայացված են նոր կենսագրական տվյալներ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց. «Պարոն Միրզոյան, ես ուզում եմ ճշտենք, ֆունդամենտալ հարցը, որը մենք բարձրացնում ենք, հետևյալն է՝ պարոն Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է, թե՞ ոչ: Եթե այո, մենք մասնակցում ենք քվեարկությանը: Եթե ոչ, մենք չենք մասնակցում քվեարկությանը: Եթե թեկնածու է, ուրեմն գրանցված թեկնածու է»:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը շատ հստակ ասաց, որ աշխատակազմը գրանցել է թեկնածուին և հնարավորություն է տվել ձևական սխալները շտկելու: «Տեղի է ունեցել որոշակի գրագրություն, փաստաթղթերի համալրում, որի արդյունքում դեռևս շփոթ կա փաստաթղթերում, բայց չգրանցելու, փաստաթղթերը հետ ուղարկելու ժամկետը վաղուց անցել է: Մենք ունենք թեկնածու, ով հանդես եկավ ելույթով, խնդիր չկա: Մենք ունենք թեկնածու, բայց ֆիքսում ենք, որ կա փաստաթղթային մեծ  շփոթ»,- ասաց ԱԺ նախագահը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հետաքրքրվեց. «Այսինքն՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ տեսականորեն չբացառենք, որ այն թղթերը, որոնք դուք պահանջել եք, բերի և պարզվի, որ այդուհանդերձ չի բավարարում որպես թեկնածու: Այսինքն՝ ինչ-որ մի հատ իմիտացիոն պրոցես ենք անում: Կա՞ հնարավորություն այդպիսի տարբերակի, որ դուք որպես թեկնածու գրանցել եք, դե ֆակտո ընդունել ենք իրեն, բայց կարող է ստեղծվել դե յուրե իրավիճակ, որ պարզվի մենք սխալվել ենք, որովհետև թեկնածուն կարող է բերել փաստաթուղթ, պարզի դա չի համապատասխանում»: Արարատ Միրզոյանն ասաց, որ թեկնածուն ներկայացրել է որոշ փաստաղթղթեր, որոնք մասամբ մտահոգությունները փարատում են, մասամբ առաջացնում են նոր հարցեր: «Բայց մենք ունենք թեկնածու, թեկնածուն գրանցված թեկնածու է, ձեր վերաբերմունքը քվեարկությամբ արտահայտեք, ես չեմ հասկանում ինչի մասին է  խոսքը»,- հավելեց Միրզոյանը:

«Ընդդիմությունը  շատ բան կարող է ասել, ընդդիմությունը բերում է մի առաջարկ, եթե ինքը լինի կառավարություն, այդ առաջարկն ընդունի, տեսնենք ոնց են աշխատելու: Իսկ որոշ դեպքերում բերում է ռացիոնալ առաջարկներ, որոնք դրական արձագանք են գտնում մեծամասնության կողմից»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա ասաց, որ ընդդիմության բողոքը տեղին չէ, քանի որ ընդդիմության բազմաթիվ նախաձեռնություններ արժանացել են դրական վերաբերմունքի, դարձել են օրենք. «Իսկ այդպիսի բան կա՞, որ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները պետք է դառնան օրենք, որ մեծամասնությունը պիտի կողմ քվեարկի: Սկի մեծամասնության բոլոր առաջարկները չեն դառնում օրենք»:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի շնորհիվ են Իմ քայլի պատգամավորները հայտնվել խորհրդարանում, Միրզոյանը  պատասխանեց. «Այ ինչ-ինչ, անլուրջ վեաբերմունք Իմ քայլը խմբակցության նկատմամբ ոչ ոքի թույլ չէի տա ցուցաբերել»: Նա նշեց, որ տարբեր շրջանակների կողմից այսօր միտում կա փորձել չտեսնել լավը և նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիա կամ եղածն այլ կերպ ներկայացնել: Նրա խոսքով՝ այդ մանիպուլյացիաները շարունակվում են: