Սխալներն այլևս չեն կրկնվելու, ժողովուրդն այլևս ոչ թե ցեղասպանված է, այլ հաղթանակած ու հեղափոխական

- in Վերլուծական
cuyc 1

Հայոց ցեղասպանության հանրային ընկալումների վերաբերյալ մոլորությունները բավականին շատ են: Չի կարելի ասել, թե էթնիկական խումբը կուրորեն մորթվել է, առանց դիմադրության:

Վերոհիշյալը հայոց պատմության չիմացության արդյունք է: Վանի, Շապին Գարահիսարի, Սուեդիայի, Ուրֆայի և այլ վայրերի հերոսամարտերը ասվածի վառ ապացույցն են: Հատկապես տպավորիչ է Վանի հերոսամարտը, որտեղ հայկական ուժերը կատաղի դիմադրություն են ցույց տվել: Ասվածի համատեքստում 1915 թվականը պետք է դիտարկվի ոչ միայն սգի ու ոգեկոչման տարեթիվ, այլ նաև համառ ու անզիջում պայքարի հիշատակություն:

Շատերը պնդում են, թե զենք չկար, կռվելու ցանկություն չկար և դրա համար ազգը հլու-հնազանդ մորթվեց: Չկա նման բան: Զենք էլ կար, եթե չկար էլ, ապա գտնելու մեխանիզմներ հաստատապես կային, իհարկե նաև կռվելու ցանկություն կար:

Պարզապես պետք է փաստենք, որ մեծ քաղաքականության մեջ զենքը երկրորդական դերակատարություն ունեցող գործոն է: Կարևորը քաղաքականությունն է և քաղաքական արվեստին տիրապետելը: 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը քաղաքական անտերության մատնված էթնո-կրոնական զանգված էր, որն ի զորու չէր որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ ու պատասխանել իր առջև դրված մարտահրավերներն: Համաժողովրդական ապստամբության ձախողումը ասվածի վառ ապացույցն է: Փաստորեն, ցեղասպանությունն առաջին հերթին քաղաքական անկազմակերպվածության հետևանք էր: Չկային քաղաքական ինստիտուտներ, չկային քաղաքական նպատակներ ու ծրագրեր, և պատահական չէ, որ այսպիսի պայմաններում ազգը պետք է դատապարտվեր ոչնչացման:

Նշենք, որ գրեթե նույն մոլորությունն առկա է նաև մեր օրերում: Շատերը պնդում են, թե քաղաքականությունը երկրորդական է, պոռնկություն է, կարևորը սահմանն ու զինվորներն են, քանի որ հայրենիքը սկսվում է սահմաններից: Սա, իհարկե, կործանարար մտայնություն է: Զինվորը սահմանի պաշտպանության գործում ռոմանտիկ, բայց երկրորդական դեր է խաղում: Այդ սահմանները կարող են պաշտպանված լինել միայն մայրաքաղաքում մշակված վճռական և կենսունակ քաղաքական մոտեցումների արդյունքում, քանի որ պետությունը սկսվում է մայրաքաղաքից, արժեքներն ու գաղափարները սաղմնավորվում ու ստեղծվում են կենտրոնում, իսկ հետո ճառագայթի տրամաբանությամբ ճյուղավորվում դեպի պերիֆերիա: Սահմաններն ու բանակը երբեք չեն կարող ամուր լինել, քանի դեռ Երևանում չի ստեղծվել զորեղ քաղաքական համակարգ, որը պետք է կազմակերպի պետության պաշտպանության և արտաքին մարտահրավերներից զերծ պահելու գործընթացները:

Կարծես թե հաղթանակած հեղափոխական ալիքից հետո վերոհիշյալ ճշմարտությունն աստիճանաբար սկսում է տիրապետող դիրքեր զբաղեցնել մարդկանց գիտակցության մեջ: Ինչպես անգլիացի պատմաբան Ա. Թոյնբին է նկատում, հանրույթները երբեք չեն կարող պատասխանել արտաքին մարտահրավերներին, քանի դեռ չեն չեզոքացրել ներքին մարտահրավերն ու հիմնախնդիրները: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը գործում է ժամացույցի ճշգրտությամբ, քանի որ համակարգերը կործանվում են ներքին հիմնախնդիրների ներգործությամբ և, կորցնելով դիմադրողականությունը, չեն կարողանում պատասխանել արտաքին սպառնալիքներին:

Այս նույն տրամաբանությամբ ցեղասպանությունը քաղաքական մարտահրավեր էր: Հայ ազգը դրան պետք է տար քաղաքական պատասխան, որը և ձախողվեց, քանի որ ներսից համակարգը փտած էր և ոչ դիմադրողունակ:

Օսմանյան կայսրությունը մեկ օրում անկում չի ապրել: Այդ գործընթացը տևել է հարյուրամյակներ: Կայսրությունների կործանման երկարաժամկետ ակտերը սահուն ընթացք ունենալ չեն կարող: Բոլոր դեպքերում պրակտիկան փաստում է, որ լինում են խոր ցնցումներ, իսկ դրանց հաջորդում է կործանումը, որի փլատակների տակ մնում է ամենաանպաշտպան միավորը: Այս դեպքում՝ հայերը:

Համիդյան կոտորածներից և Բալկանյան երկրների անկախացման գործընթացներից հետո պետք է ակնհայտ լիներ, որ թուրքական իշխանությունները փորձելու են կանխել Հայաստանի անկախացումը: Եթե կայսրությունը փորձում է փոխակերպվել ազգային պետության, ապա ակնհայտ է, որ էթնիկ զտումները անխուսափելի են: Ամենն այս հնարավոր կլիներ կանխատեսել միայն կենսունակ քաղաքական ինստիտուտների գոյության պայմաններում:

Չխորանանք պատմական փաստերի մեջ և միայն ավելացնենք, որ ցեղասպանությունը պետք է դաս լինի արդեն 28 տարեկան Հայաստանի համար: Ի՞նչն է հիմա խանգարում: Թերևս, ոչինչ:

Մյուս մոլորությունն այն է, երբ ցեղասպանությունը փորձում են դիտարկել իսլամ-քրիստոնեություն քաղաքակրթական համակարգերի անհամատեղելիության համատեքստում: Չկա նման բան: Ղուրանը արգելում է քրիստոնյաներին սպանել, վերջիններս դիտարկվում են որպես գրքի ժողովուրդ՝ զիմմի: Նույնիսկ Մեքքայի շարիֆը, իսկ Մեքքան իսլամի գլխավոր սրբավայրն է, դատապարտել է հայերի կոտորածները: Իսկ արաբ մուսուլմանները սիրով և հոգատարությամբ փրկել են բազմաթիվ հայերի ու ապաստան տվել: Կրոնի պոստուլատների աղավաղման արդյունքում ֆանատիկ, մոլեռանդ զանգվածներին դեպի համապատասխան թիրախներ ուղղելը, ամենևին էլ չի ենթադրում, որը իսլամում այդպիսի տրամաբանություն կա:

Ամենավիճահարույցն այն պնդումն է, թե հայերի և թուրքերի միջև գոյություն ունեցող ենթադրյալ անտագոնիզմն է ցեղասպանության առաջնային պատճառը: Այս պնդման ճշմարտացիությունն առնվազն լուրջ գիտական կասկածների տեղիք է տալիս: Բանն այն է, որ հայերն ու թուրքերը իրար հետ հարյուրամյակներ շարունակ ներդաշնակ ապրել են: Թեկուզ ծանրագույն պայմաններում, բայց ապրել են: Այսինքն՝ ազգերը իրար հետ որևէ խնդիր չունեին: Սկզբնական շրջանում հայերը խնդիր չունեին նաև թուրքական իշխանությունների հետ: Օտարերկրյա հետազոտողներից մեկը նույնիսկ հայերին անվանել է քրիստոնյա թուրքեր: Ընդհանրապես, Օսմանյան կայսրության առևտրական կապիտալի մի զգալի հատվածը խարսխված է եղել հայ առևտրականների կապիտալի վրա:

Այսինքն՝ խնդիրն առաջացել է քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով: Անկում ապրող կայսրությունը, որը փորձում էր ամեն կերպ պահպանել առավելագույնը, իր արևելյան գավառները փրկելու համար ընտրել է հայերին բնաջնջելու ռազմավարությունը: Հայերը չեն կարողացել դիմադրել այս մոտեցմանն ու դրանից ելնելով՝ կարելի է պնդել, որ ցեղասպանության առաջնային պատճառը ներքին է:

Ասվածից որևէ կերպ չի կարելի ենթադրել, որ թուրքական կառավարությունն իր հանցանքների համար կարող է խուսափել պատասխանատվությունից: Երիցս ոչ: Նրանք հանցավոր են, իսկ այդ հանցավոր կեցվածքը մարդկության պատմության մեծագույն հանցագործություններից մեկի պատճառն է: Բայց մյուս առաջնային պատճառը էթնիկական խմբի և նրա քաղաքական վերնախավի անպատրաստ լինելն է, գիտակցության բացակայությունը, քաղաքական որևէ կենսունակ մեխանիզմների չտիրապետելը, ինստիտուցիոնալ պայքարի բացակայությունը և այսպես շարունակ:

Վերադառնալով մեր իրականություն՝ նշենք, որ անցած տարի այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Պատահական համընկնումով ներքաղաքական ակտն այդ համընկավ Ցեղասպանության հերթական տարելիցի հետ: Գուցե հանդիպումն այդ իսկապես պատահականության հետևանք էր, բայց դրա մեջ նաև ինչ-որ խորհրդանշական կապ կար:

Ապրիլի 23-ին հաղթական հեղափոխություն կերտած հանրույթն ապացուցեց, որ ինքն էլ իր տեղն ունի արևի տակ և չի պատրաստվում ապրել տարտամ անցյալականությամբ, այլ անցյալի վերարժևորման և վերագնահատման միջոցով պատրաստ է կառուցել իր արժանապատիվ ներկան՝ անցյալի ու ապագայի հետ երկխոսող ու ներդաշնակ։ Հայաստանի ժողովուրդն այլևս ցեղասպանվածի ինքնությամբ ինչ-որ տարերային բազմություն չէ, այլ հեղափոխություն տեսած և մարմնավորած, քաղաքացիական կոդեքսով ամրագրված հանրույթ։ Վերևում շարադրված սխալներն այլևս երբեք չեն կրկնվելու, քանի որ ժողովուրդն այլևս ոչ թե ցեղասպանված է, այլ հաղթանակած ու հեղափոխական:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...