Սպայկայի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է

- in Հասարակություն

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին  կալանավորելու որոշումից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերության աշխատակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Տիգրան Մեծի պողոտան, սակայն իրավապահներին հաջողվեց վերականգնել պողոտայի երթևեկությունը:

«Սպայկա»-ի աշխատակիցները թույլ չէին տալիս ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավայր տեղափոխող մեքենային առաջ շարժվել:

Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց էր սկսվել: Իրավապահները փորձում էին մեքենայի առջևից հեռացնել բողոքի ակցիա իրականացնողներին:  Ի վերջո մեքենան դուրս եկավ շրջափակումից և հեռացավ դատարանի մոտից:

Այնուհետև «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց որևէ  անօրինական գործողության չդիմել: «Ես խնդրում եմ խոհեմություն ցուցաբերել, խնդրում եմ որևէ տեսակի ուժ իրավապահ մարմինների նկատմամբ չկիրառել: Այն բոլոր մարդիկ, ովքեր ոչ իրավաչափ գործողություն կիրականացնեն, «Սպայկա»-ի հետ կապ չունեն»,- ասաց Բաղդասարյանը՝ Տիգրան Մեծի պողոտան փակել փորձող քաղաքացիներին կոչ անելով մոտենալ դատարանի շենքին և բացել ճանապարհը:

Նա հայտնեց, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Սպայկա»-ի մի խումբ աշխատակիցների: «Մենք ճանապարհ չենք փակում, մենք բռնություն չենք գործադրում, բոլոր սադրիչները մեզ հետ կապ չունեն: Մեր աշխատակիցների մի մասին բերման են ենթարկել: Դա իրավաչափ գործընթաց է, այդ մասով մի անհանգստացեք, բայց որևէ մեկդ իրավապահների նկատմամբ որևէ կոպիտ գործողություն թույլ մի տվեք: Իրավապահների նկատմամբ մենք որևէ բռնություն չենք կատարում, սա բաց մնացած հարցերի պատասխաններ ստանալու համար պայքար է»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նաև ընդգծեց, որ ակցիան որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ Երևանի փոխոստիկանապետը հավաստիացրել է, որ «Սպայկա» ընկերության բերման ենթարկված բոլոր աշխատակիցներն ազատ կարձակվեն:

Բողոքի ակցիան շարունակվում է: Ոստիկանությունը վերականգնել է Տիգրան Մեծի պողոտայի երթևեկությունը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի բակում տեղի ունեցած քաշքուկից հետո մեկ ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ մեկ անձ բերվել է ոստիկանության Էրեբունի բաժին, ոստիկանների պահանջը չկատարելու համար։

Սպայկա ընկերության աշխատակիցները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակից երթով շարժվեցին Կառավարություն։ Ընկերության աշխատակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրեն հետ: