Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, կամերային նվագախումբ. նոր ձևաչափով երաժշտական համադրություն

- in Մշակույթ
Dirijor

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ 5th Season խմբի համերգը: Նոր ձեւաչափ ունեցող այս համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված եւ սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

Երաժիշտների խոսքով՝ համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարարական ինքնատիպ ձեւաչափի հետաքրքիր համադրություն է: Համերգային երեկոյի խորագիրն է՝ «Մուտք ձայնային հաճախականություն»:

Արտո Թունջբոյաջյանի խոսքով՝ համերգի ընթացքում փորձելու են «շնորհքով» հատելով սահմանները, բոլորի ոճերը համադրելով՝ նոր բան ներկայացնել: «Երաժշտությունն ինձ համար իմ կյանքի ձայնն է, դա մարդու անկեղծ մտածողությունն է: Սա նոր մի բան չէ, բայց նման ձեւով մենք ավելի շատ ենք մոտենում իրար: Այս համերգին ամենահետաքրքիր բանը ձայնային հաճախականությունն է, այն տեղից ռեակցիա է»,-ասաց Արտո Թունջբոյաջյանը:

Դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նկատեց՝ ցանկացած պարագայում իրենք ազնվորեն իրենց աշխատանքն են անում, չեն անում, որ ինչ-որ մեկին դուր գան: Խոսելով Արտո Թունջբոյաջյանի հետ իրականացվելիք երաժշտական փորձարկումների մասին՝ վերջինս նշեց. «Ամբողջ երաժշտական պատմությունն է էքսպերիմենտ: Ոմանց մոտ դա ստացվել է, ոմանց մոտ՝ ոչ: Իրականում մենք էլ չգիտենք՝ ինչ կստացվի արդյունքում: Մենք մեր նոտաներն ենք նվագելու, դրանց գումարվելու են Արտոյի միքսերը: Էքսպերիմենտներ անելը մեր աշխատանքն է»:

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի բնորշմամբ էլ՝ կայանալիք համերգի ընդհանուր երաժշտական իմաստը ոճ հասկացողությունը դուրս մղելն է լինելու: Համերգի կազմակերպիչները նշում են, որ այս ծրագրով դեռեւս դրսում ներկայանալու մտադրություններ չունեն. «Այստեղ ներկայանալուց հետո միայն կհասկանանք՝ արժե՞ համերգը ներկայացնել նաեւ դրսում, թե՝ ո՛չ»

Երաժշիտ Արտո Թունջբոյաջյանի կարծիքով՝ ցանկացած պարագայում մասնագիտությունից առավել կարեւոր է մարդու անկեղծ մտածելաձեւը:

«Բոլոր մասնագիտությունների մեջ էլ գրեթե նույն պրոցեսն է, մի բան ես պատկերացնում զրոյից, սկսում ես իրագործել: Եվ պետք է ասել, որ այսօր դա մեզ մոտ ստացվում է: Վախենալու ոչինչ չկա, ամեն ինչ սկսելն էլ դժվար է, կարեւորը քո անկեղծ մոտեցումն է: Համբերությունով կամաց-կամաց կհասնենք ամեն ինչի: Թուրքիայում որքան էլ մեզ չէին սիրում, բայց միշտ ասում էին՝ հայերը ստեղծագործող մարդիկ են»,- ասաց Արտո Թունջբոյաջյանը: