Վահագն Վերմիշյանը սև ցուցակ ունի. հայտարարություն Գյումրիում

- in Տնտեսական

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագան Վերմիշյանը Գյումրիում կայացած հանդիպման ժամանակ փողոցաշինական աշխատանքներում ներգրավված նախագծողներին եւ շինարարներին նախատեց, նաեւ պահանջեց բացատրություններ:

Վերմիշյանն ասաց՝ ի՞նչ տրամաբանությամբ է Գյումրիում հոկտեմբերի վերջին մեկնարկել փողոցաշինական աշխատանք, եթե շինարարը գիտի, որ 1-2 օրից սառցակալված փողոց է ունենալու:«Դու կանխավ գիտես, որ քեզ սպասում ա 6 ամիս սառած շինհրապարակ, նաեւ մարդիկ են, վերջը: Եթե խոսքը գնում է բարեխիղճ շինարարի մասին, չէր արվի էսպիսի բան, ճիշտ չի: Ես ոչ նախագծային առաջադրանք տվողին եմ ճանաչում, ոչ էլ՝ շինարարին: Ես տեսնում եմ իր արած գործը, իսկ իր արած գործն իր դեմքն է ընդամենը»:

«Ես չեմ ուզում հիմա ինչ-որ մեկին ահաբեկեմ, ուղղակի ես զգուշացնում եմ բոլոր շինարարերին, նախագծողներին, եւ հատկապես նախագծողներին՝ քաղշինկոմիտեում շատ լուրջ ենք վերաբերվելու լիցենզավորման խնդրին: Այն կազմակերպությունները, որոնք որեւիցե անգամ նախագծման ժամանակ կամ փորձաքննություններն անցկացնելիս վրիպումներ են թույլ տվել, կընկնեն սեւ ցուցակ: Եվ ստեղ ոչ թե կազմակերպությունների հարցը կլինի, այլ կոնկրետ ֆիզիկական անձանց, որպեսզի չձեւափոխեն վաղն իրենց ՍՊԸ-ները եւ անցնեն, ուրիշ ընկերության անդամ դառնան: Սա շինարարական էթիկայի խնդիր է: Մենք մեր տունն ենք սարքում: Եթե նման վերաբերմունք կա, նման առնետներին պետք է վերացնեք, որ ոտքի տակ չընկնեն, լուրջ, ազնիվ շինարարներ են պետք, եւ ազնիվ տեխհսկողներ: Էսօր ի՞նչ է կատարվում: Նայում ես՝ արժեքը շինմոնտաժային աշխատանքների, մեկ էլ տեսնում ես՝ տեխհսկումը մի չնչին գումարով շահել է: Դա ի՞նչ է նշանակում: Էդ մարդը կարող է ընդհանրապես գումար էլ չվերցնի: Վաղը մյուս օրը գնում նստում է շինարարի վզին, սկսում ա ցեմենտ, ավազ ու գումար գողանալ: Էստեղ համ նախագծանում համ տեխհսկում: Չկա աշխարհում նման բան: Երբ դու ե՛ւ նախագիծ ես անում, ե՛ւ տեխհսկումը, դա բերում է շինարարական որակի անկման, իսկ որակը թիվ 1 պարամետրն է մեր ազգային քաղաքաշինական քաղաքականության»,- հայտարարեց Վերմիշյանը:

Շիրակի մարզպետարանում կայացած Գյումրու փողոցաշինության վերաբերյալ քննարկումն այսօր անցել է բավական լարված մթնոլորտում: Քննարկման նախաձեռնությունը մարզպետ Տիգրան Պետրոսյանինն էր, որին մասնակցել են նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կոմիտեի աշխատակիցները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները, նախագծողները, շինարարներն ու կոմունիկացիոն ծառայությունների ղեկավարները: Հանդիպումը կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, որպեսզի տեղում հնարավոր լիներ հասկանալ, թե խնդիրն ումից է ծագել եւ լուծման ինչ ելքեր կան: Հանդիպան ընթացքում Վեոլիա ջուր ընկերության ներկայացուցիչն ասաց՝ իրենք կոյուղատար համակարգի նորոգման կամ անցկացման պարտավորություն չունեն: Երբ այդ աշխատանքը կձեւակերպվի որպես ծավալ ու փող, այնպես, ինչպես Երեւանում է արվում, նոր կանեն այդ աշխատանքը:

Սա շատ կարեւոր խնդիր համարեց Սամվել Բալասանյանն ու փորձեց բացատրել Քաղշինկոմիտեի նախագահին, թե որքան լուրջ իրավիճակում են գտնվում ՀԷՑ-ի եւ Վեոլիա ջուր ընկերությունների նման վարքի պատճառով:

«Մենք նամակ ենք գրել Տարածքային զագացման նախարարություն եւ փոխվարչապետին, էսօր նորից  զանգել եմ, որ ճշտեմ, թե ով պետք է էդ ծախսն անի: Որովհետեւ ՀԷՑ-ն ասում է՝ ես որեւէ բան չեմ անելու, արեք, կաբելները գնեք, սարեք: Բայց չի կարող էդպես լինել, քանի որ խռամուկի տերն իրենք են, շահագործման տերն իրենք, հիմա ո՞վ է անելու դա: Հիմա էս հարցը շատ կարեւր է, պարոն Վերմիշյան, եւ պետք է քննարկել»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Վահագն Վերմիշյանը, սակայն, առանց քննարկման, միանգամից անցավ մեղադրանքներին:

«Ես հիմա կասեմ՝ ով է անելու, դուք եք անելու»,-  Վերմիշյանի խոսքին, Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ չկա էդպիսի բան, բանկը թույլ չի տալիս:

Վեմիշյանը նույն տոնով շարունակեց. «Չկա էդպիսի բա՞ն: Դե ուրեմն տանը տեր ա պետք, որ անի: Սավել Բալասանյանն էլ հակադարձեց՝ ես կփոխվեմ, տանը տեր բերեք, թող անի: Տան տերը դուք բերեք: Վերմիշյանն էլ թե՝ ես տան տեր բերող չեմ: Էս քաղաքը տեր ունի՞, թե անտեր է թողած»:

«Բայց ինչի՞ եք վիրավորում»,-հարցրեց Բալասանյանը: Վերմիշյանն ասաց՝ չեմ վիրավորում:

Սամվել Բալասանյանը մինչեւ վերջ պնդեց եւ բացատրեց, որ քաղաքապետարանը կոյուղատար համակարգը փոխելու պարտավորություն չունի: ՎԶԵԲ-ն այդ նպատակի համար գումար չի հատկացրել:

«Մենք կոյուղիները պետք է փոխե՞նք»,-հարցեց Բալասանյանը: Վերմիշյանն էլ՝ եթե պետք է, կփոխեք:

«Չի կարող նման բան լինել»,-վստահ շարունակեց Բալասանյանը:

«Դուք ձեր քաղաքում կոմոնիկացիաների տեղերը գիտե՞ք»,-հարցրեց Վերմիշյանը:

«Շատ լավ, շատ լավ, ես փոսերով գիտեմ մեր քաղաքը: Իսկ ընդհանուր առմամբ էս հարցը շատ կարեւոր հարց է, ես նամակ եմ գրել, որ ներդրումային ծրագրերով անեմ: Ասում եք՝ թող տերն անի: Տերը ո՞նց անի: Տերը եթե անի, 1 փողոց կանի էս 14.6 մլն-ով ու կվերջանա, իսկ տիրոջ խնդիրն էն է, որ 40 կմ սարքի: Ոչ թե գնա Վեոլիա ջրի կիսատ գործն անի: Ամեն քայլափոխի ասում եք՝ փողը, փողը: Արեք, ձեր գործն է, ձեր կոյուղին սարքեք, ՀԷՑ-ն էլ թող վթարները վերացնի, ոչ թե քցեք քաղաքի վրա, քաղաքն էլ տեր չունենա, չի կարելի, չէ՞»,-բարկացավ Սամվել Բալասանյանը:

Լարված հանդիպման ավարտին կողմերը համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցին: Ամփոփելով քննարկումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ առկա ճգնաժամի հաղթահարման նպատակով էր հանդիպումը կազմակերպվել: «Այս քննարկումը, կարծում եմ, չէինք ունենա, եթե չունենայինք իրականության փոփոխություն: Շինաշխատանքները նախագծվել, ծրագրավորվել, մրցույթները կազմակերպվել ու անցկացվել են հին Հայաստանում, հիմա նոր իրականության մեջ ենք հայտնվել, իսկ խնդրի լուծման համար ավելի գլոբալ մոտեցումներ են պետք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր սխալներից զերծ մնանք, բոլորս պետք է համատեղ աշխատենք: Կարծում եմ, որ այս աշխատանքային խմբում շատ ճիշտ կլինի, եթե ներկայացուցիչ լինի քաղաքաշինության պետական կոմիտեից, մենք աշխատանքների համակարգումը վստահենք մասնագետի, որը կլինի կապող օղակ աշխատանքների իրականացման բոլոր շահագրգիռ կողմերի միջև»,- ասաց մարզպետը: