Վիտալի Բալասանյանն ու «Սասնա ծռերը»

Vitali Balasanyan

Դեռ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռերի» և Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միջև առաջացած առճակատումը նոր երանգներ է ստանում։

Բալասանյանն իր վերջին հարցազրույցներում վերահաստատում է նախկինում իր հայտնած այն տեսակետը, թե «Սասնա ծռերն» ահաբեկչական գործողություններ են իրականացրել, ահաբեկիչներ են։ Իսկ խոսելով նրանց այն հայտարարության մասին, որ Արցախը Հայաստանի մարզն է, հորդորել էր չհատել Արցախի սահմանը։

Նախօրեին «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և նշել մասնավորապես հետևյալը. «2019 թ. ապրիլի 9-ին ՀՀ Արցախի մարզի Ասկերանի շրջանի վարչական մարմինների հետ հանդիպման ընթացքում Բալասանյանը կոպիտ կերպով և բացահայտ ցինիզմով անցել է իր պաշտոնեական լիազորությունները»։

Խորհրդակցությանը մասնակցել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գեղամ Գրիգորյանը, որը «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության համակարգողն է։ Ըստ հայտարարության՝ Բալասանյանը փորձել է սպառնալի ոճով երկընտրանքի առջև կանգնեցնել՝ ստիպելով նրան հրաժարվել իր քաղաքական հայացքներից կամ հեռանալ դահլիճից. «Գեղամ Գրիգորյանից ստանալով իրավունքի, սահմանադրականության և օրինականության հղումներով հիմնավորված արժանապատիվ ու իրավաչափ պատասխան՝ Վիտալի Բալասանյանն էլ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը և բոլորի ներկայությամբ նրան բացեիբաց սպառնացել է, թե փոխանցիր քո ընկերներին, որ եթե այս անգամ էլ փորձեն ավտոերթով գալ Արցախ, ապա իրենց համար շատ ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշեց. «Կասկածում եմ, որ Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն արած լինի։ Ես լսել եմ, որ նա հայտարարությամբ հանդես է եկել «Սասնա ծռերի» ասած՝ Արցախի մարզի հետ կապված։ Բայց այլ իրադարձությունների, բախումների հրահրման հետ կապված դժվար թե նման հայտարարություն արած լինի»։

Բաբայանն ընդգծեց. «Իմ մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը հայտնելու իրավունք՝ սա Սահմանադրությամբ ամրագված իրավունք է, նաև՝ ցանկացած գործունեություն ծավալելու իրավունք, սա ևս սահմանադրական իրավունք է։ Բայց այս ամենը պետք է լինի օրենքի սահմաններում։ Որևէ մեկը չպետք է լինի օրենքից վեր, որևէ մեկի համար օրենքը չպետք է արտոնյալ պայմաններ ստեղծի, մյուսի համար՝ ոչ արտոնյալ։ Եթե նրանց ծավալած գործունեությունը համապատասխանում է օրենքին, ապա որևէ արգելք լինել չի կարող։ Սա իմ և մեր պետության կարծիքն է»։

Մեր այն հարցին՝ արդյոք Արցախում կա՞ մտահոգություն, որ «Սասնա ծռերը» կարող են ապակայունացնող գործունեություն ծավալել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չի բացառվում, որ ապակայունացնելու փորձեր տարբեր ուժեր փորձեն իրականացնել։ Մի քանի հարթությամբ պետք է աշխատանք տարվի։ Անթույլատրելի է ցանկացած ապակայունացման փորձ՝ դա օրենքի խախտում է, օրենքը պետք է գործի։ Կա նաև տարբեր քաղաքական ուժերի ներքին կարգապահության, արժեհամակարգի խնդիրը։ Բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում, օրենքի ցանկացած խախտում անթույլատրելի է, և մենք թույլ չենք տալու, որ օրենքի խախտում լինի։ Որևէ մեկի իրավունքները չեն չարաշահվելու, բայց մյուս կողմից էլ՝ որևէ մեկն իրավունք չունի այլ մարդկանց իրավունքները չարաշահելու՝ ապակայունացման փորձեր անելու»։

Դավիթ Բաբայանը եզրափակեց. «Ապակայունացման ի՞նչ անհրաժեշտություն կա, եթե շուտով ընտրություններ և իշխանափոխություն են լինելու։ Հետևաբար այն ուժերն են ուզում իրավիճակն ապակայունացնել, ովքեր իրենց ուժերի վրա վստահ չեն և չեն կարող ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց նպատակներին հասնել։ Անձամբ ես դեմ եմ, որպեսզի որևէ ապակայունացում լինի, և այսպես է մտածում Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնությունը»,- եզրափակեց նա։

Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանն ասաց, որ հայտարարությունից տեղյակ չէ, մի քանի օր է՝ շրջաններում հանդիպումներ է անցկացրել: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդ կոնֆլիկտն այդպես հասունացել, չգիտեմ՝ ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանն այսօր Բերձորի դեպքերի հետ կապված նման հայտարարություններ անում»,- ասաց նա։

Ըստ Խանումյանի՝ Բերձորի դեպքերի հիմնական պատասխանատուն Բակո Սահակյանն էր, այն ժամանակվա ոստիկանապետը, ԱԱԾ ղեկավարը: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը այժմ փորձում նրանց արդարացնել։ Այն, ինչ եղել է Բերձորում, եղել է ստորություն, սահմանադրական կարգի տապալում, որովհետև ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օգտագործվել են ոչ իրենց նպատակների համար, օգտագործվել են որպես բանդիտական կառույցներ։ Դրա համար Բակո Սահակյանը մի օր պատասխանատվություն կրելու է։ Մենք Բերձորի դեպքերի օրը հայտարարությամբ հանդես եկանք, որ դրա մեղավորը Բակո Սահակյանն է, և հենց նրա լիազորությունները ավարտվեն, մեր կուսակցությունը դիմելու է դատարան՝ այդ գործով Բակո Սահակյանին պատժի ենթարկելու հայցով։ Ես չգիտեմ՝ Վիտալի Բալասանյանը ինչո՞ւ է փորձում այդ հանցագործներին արդարացնել, ես այդտեղ լուրջ տրամաբանություն չեմ տեսնում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հայկ Խանումյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյոք Արցախում կա՞ն մտահոգություններ այժմ, որ «Սասնա ծռերը» կարող են այնտեղ իրավիճակ ապակայունացնել: «Չեմ կարծում։ «Սասնա ծռերի» արցախյան թևը փոքր կուսակցություն է, ես իրենց գործունեությունից ինչ-որ վտանգ չեմ տեսնում»,- պատասխանեց նա։