Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել – Լուսանկարներ, Տեսանյութ

Hrdeh

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: 

Տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։

Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է գրեթե երկու հարյուր տարի:

  • Հրշեջները արդեն մի քանի ժամ պայքարում են համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը ոչնչացումից փրկելու համար:
  • Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը: Վարկածներից մեկը կապվում է վերանորոգման աշխատանքների հետ:
  • Հրդեհն արդեն ոչնչացրել է տաճարի 12-րդ դարում կառուցված սրաձողն ու տանիքի մի մասը:
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է դեպքի վայր:
  • Առայժմ վստահություն չկա, որ կհաջողվի փրկել տաճարի մնացած մասը: Փարիզի հրշեջ ծառայության ղեկավարը նշել է, որ գալիք մեկ ժամը վճռորոշ նշանակություն է ունենալու:

Հրշեջներին հաջողվել է մարել Փարիզի Նոթր Դամ դե Պարի տաճարում հրդեհը։ Այս մասին գրում է Figaro-ն՝ վկայակոչելով հրշեջների պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսին։

Նա հավելել է, որ տվյալ պահին «արտակարգ ծառայությունները շարունակում են հետևել օջախներին և սառեցնել տաք կառույցները», որպեսզի հրդեհը չվերսկսվի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը տեղայնացվել է։ Հրդեհի մարման ժամանակ մեկ հրշեջ է տուժել։

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հարցաքննել է տաճարի վերականգնողական աշխատանքներով զբաղվողներին։

Հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար առնվազն տասը տարի կպահանջվի, հոգաբարձուների ներկայացուցիչ Միշել Պիկոյի հայտարարությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Անցյալ տարի մենք սկսել ենք տասը տարվա համար նախատեսված վերականգնման ծրագիրը: Հաշվի առնելով այսօր տեղի ունեցած ավերածությունը, վերականգնումն, իմ կարծիքով, առնվազն 10 տարի կտևի՝ կրկնապատկված ջանքերով»,- ասել է նա:

Բացի դրանից, ըստ նրա, Նոտր Դամի զանգը կարող է ընկնել, եթե հրդեհի տարածումը չկանխվի:

Հաղորդվել է նաև, որ Փարիզի Աստվածամոր տաճարի գանձարանը, հավանաբար, հրդեհից չի տուժել:

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- Twitter-ի իր էջում անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...