Փնտրվում է Սերժ Սարգսյանը

serzh-sargsyan

Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի խորհրդարանական քննարկումը դարձյալ առաջին պլան է բերել խոսակցությունը սուպերվարչապետության մասին:

Այդ հասկացությունը շրջանառության մեջ մտավ 2015 թվականին փոխվող Սահմանադրության քննարկումների ընթացքում, պայմանավորվելով նրանով, որ վարչապետը ստանում է մեծ լիազորություն:

Դեռեւս այդ քննարկումների ընթացքում մի շարք հոդվածներում, անդրադառնալով թեմային, նշել եմ, որ այդ ձեւակերպումն ու մտայնության գեներացիան ունի լոկ քաղաքական շարժառիթ, որով օրվա ընդդիմությունը ձգտում է թիրախավորել Սերժ Սարգսյանին: Կարծիք եմ հայտնել, որ հիմքում Սերժ Սարգսյանի անձն է եւ դրա համակարգային ընկալումը, եւ դրանից դուրս գալու դեպքում ակնառու կլինի, որ սուպերվարչապետություն բնորոշումը առավելապես հոգեբանական է:
Հատկանշական է, որ դրա նաեւ «հոգեբանական» լինելու մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ խոսում էր Սերժ Սարգսյանի սուպերվարչապետության մասին:

Սուպերվարչապետությունը Սարգսյանին չօգնեց պահել իշխանությունը, թեեւ պնդում էին, որ նա դա անում է հենց այդ նպատակով: Ավելին, թավշյա հեղափոխությանն ընդառաջ, երբ դրա արդյունքը հանրության գերակշռող մասը չէր պատկերացնում հաղթանակի տեսքով, քարոզչական խոսակցություն էր շրջանառվում, որ ապրիլի 17-ին Սարգսյանը կնշանակվի վարչապետ եւ ամեն ինչ կգցի իր տեղը, իսկ մինչ այդ իրավիճակը վատ է կառավարվում, որովհետեւ «սուպերվարչապետությունը» դեռեւս չի մտել ուժի մեջ:

Բայց, իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ սուպերվարչապետությունն իսկապես հոգեբանական է: Ընդ որում, այն չաշխատեց թե հանրային, թե իշխանական տիրույթում, որովհետեւ անկասկած է, եւ կան նաեւ տարբեր գնահատականներ ու խոսակցություններ, որ հենց իշխանության համակարգում եղած տարբեր թեւեր ու բեւեռներ շահագրգռված էին «սուպերվարչապետի» դեմ շարժումով: Այլ հարց է, որ ապրիլի 25-ից հետո արդեն շարժումը չգնաց նրանց ցանկալի հունով: Եվ այստեղ իհարկե առաջանում են այլ շերտեր:

Վերադառնալով սուպերվարչապետությանը: Այդ ինստիտուտը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ոչ թե հանրությանը, կամ ընդդիմությանը, այլ հենց իշխանությանը առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: Այն իշխանությանը, ավելի շուտ համակարգին՝ իր տնտեսա-քաղաքական, քրեա-օլիգարխիկ իշխանական եւ ոչիշխանական բեւեռներով, որոնց համար Սերժ Սարգսյանն այդպես էլ չդարձավ լեգիտիմ առաջնորդ: Թե ինչու, դա ավելի լայն քննարկումների ու դիտարկումների առարկա է:

Այդպիսով, Սարգսյանը գնաց առանցքային որոշման՝ խորհրդարանական մոդելի անցման, վարչապետի մեծ՝ «սուպեր» լիազորությամբ, որն իրականում «սուպեր» պետք է լիներ իշխող համակարգի, ոչ թե հանրության զսպման կամ կառավարման համար:

Խորհրդարանական մոդելը, ինչպես բազմիցս անդրադարձել եմ այդ օրերին, նրան անհրաժեշտ էր քաղաքական իրողությունների եւ որոշումների համար պատասխանատվությունն առնվազն դե յուրե «բաշխելու», գերազանցապես իր վրայից հանելու համար: Այդպիսով, Սարգսյանը մտադիր էր իշխող համակարգը «սանձել» պատասխանատվությամբ: Իսկ խորհրդարանը, ինչպես հայտնի է, կազմվում էր գերազանցապես իշխող համակարգի լայն կոնսենսուսով, առանց որեւէ «պատահական» մանդատի: Այլ հարց է, թե որ մանդատի դեպքում ինչու համար էր այն տրվում կամ «հանձնվում»:

Գործնականում, իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ հակընդդեմ նախաձեռնությունների առաջացումը քանդում է «սուպերվարչապետական» համակարգը: Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, երբ իշխանության դե յուրե միակ, բացառիկ առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանին, եւ խորհրդարանն է գործադիր իշխանության ձեւավորողը՝ «սուպերվարչապետությունը» հանրության եւ ընդդիմության «գլխում» է, ոչ մի այլ տեղ:

Այդտեղից իհարկե այն դուրս բերելը բավական բարդ է, որովհետեւ առաջացնում է անհարմարություն եւ պահանջում նախաձեռնողական վարքագիծ: Ավելի դյուրին է ապրել «սուպերվարչապետությունը» գլխում: Բայց, դա էլ խաբկանք է, որ գալիս է նախկին համակարգից: Մի բան է ապրել այդ գլխով «Սերժ Սարգսյան» համատարած ոչ լեգիտիմ սուբյեկտի պայմաններում, մեկ այլ բան է ապրել այդ գլխով, երբ նա արդեն հեռացած է: Պարզապես, հանրային ու քաղաքական զգալի շրջանակներ դրանից հետո ստեղծված իրավիճակում ոչ թե հնարավորություններն են փնտրում, այլ փնտրում են «Սերժ Սարգսյան»-ին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան