«Քեռուն ցբխեցի». Նոր Հաճնում զարմիկը սպանել է հիվանդ քեռուն, ոստիկաններից էլ թաքնվել մահճակալի տակ

- in Իրավունք
cec

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հովակիմ Ղանդիլյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Հովակիմ Ղանդիլյանը 31 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Տուժողը Հովակիմի քեռին էր:

Ըստ մեղադրանքի՝ Հովակիմը մոր և քեռու՝ Վալիկի հետ բնակվել է Նոր Հաճնում: Հովակիմն ու մայրը չարաշահել են ալկոհոլը: Տուժող Վալիկը գլխուղեղի կաթված էր տարել ու անկողնային հիվանդ էր, չէր կարողանում տեղաշարժվել:

2017 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 20-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում Հովակիմ Ղանդիլյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, քեռու կողմից մորը հայհոյելու պատճառով անկողնում պառկած Վալիկի պարանոցից բռնել, սեղմել է, ապա շուրջ 40 րոպե բռունցքով հարվածներ է հասցրել հիվանդ քեռու գլխին ու դեմքին, պատճառել է գանգուղեղային փակ, բութ վնասվածք, օջախային ու կետավոր բազմաթիվ արյունազեղումներ, արյունահավաքներ, քթոսկրերի փակ կոտրվածք…

Օգոստոսի 25-ին, ժամը 00:20-ին Վալիկ Մ.-ն հիվանդանոցում առանց գիտակցության գալու մահացել է:

Հովակիմ Ղանդիլյանը դիտավորյալ սպանության համար դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ռուսաստանում է եղել, Հայաստան է վերադարձել 2017թվականի մայիսին: Բնակվել է Բանավանում, մեկ շաբաթ անց մոր հետ տեղափոխվել է Նոր Հաճն: Ապրել են նույն տարվա ապրիլ ամսին Ռուսաստանից եկած ու Հայաստանում ինսուլտ ստացած քեռու հետ՝ խնամել են վերջինիս:

Ըստ Հովակիմ Ղանդիլյանի՝ ինքը քեռուն վերաբերվել է, ինչպես… հարազատ հորը… Միշտ հոգ է տարել, ուտելիք է պատրաստել, առաջինը քեռուն է կերակրել, հետո ինքն է կերել: Բայց վերջին օրերին քեռին սկսել է իրեն «վատ պահել»: Նա մի քանի անգամ ինքնավնասումներ է կատարել, երբ ինքը գնում էր խանութ, նա սողալով հասնում էր միջանցք ու հարևաններից ծխախոտ էր խնդրում: Ինքը վիճում էր քեռու հետ՝ ծխախոտի պատճառով, քեռին իրեն հայհոյում էր, բայց ինքը «ընդունակ չէր քեռուն սպանելու»:

Դեպքի օրն ինքը ալկոհոլ էր օգտագործել, ոչինչ չի հիշում՝ երբ ալկոհոլ է օգտագործում, հիշողությունը կորցնում է… Միայն հիշում է, որ առավոտյան արթնացել, գնացել է քեռուն տեսնելու, քեռին կապտուկներով ընկած էր հատակին: Զանգել է մորաքրոջը:

Նա պահանջել է շտապօգնություն զանգել: Հետո մորաքույրը զանգել ու պահանջել է, որ բնակարանի դուռը բացեն, քանի որ ոստիկաններն ուզում են դուռը կոտրել: Ինքը դուռը չէր բացում, որովհետև ահավոր վախեցած էր, բայց մորաքրոջ հետ խոսելուց հետո դուռը բացել են: Երբ ոստիկանները բնակարան են մտել, ինքը թաքնված էր մահճակալի տակ, քանի որ… շատ վատ էր…

Հովակիմը պնդել է, թե քեռին գլխով բազմիցս հարվածել է պահարանին, դրանից են առաջացել դեմքի կապտուկներն ու գլխի վնասվածքները: Ինքն իրեն մեղավոր է ճանաչում քեռու հետ վիճելու համար, բայց քեռուն ինքը չի սպանել, դեպքի համար էլ շատ ցավում է… Հովակիմը հարևանների ցուցմունքները անվանել է իրականությանը չհամապատասխանող…

Դեպքից հետո՝ 2017 թվականի օգոստոսի 26-ի հարցաքննության ժամանակ Հովակիմ Ղանդիլյանը հայտնել է, թե քեռի Վալիկը Հայաստան էր եկել 2017 թվականի ապրիլին՝ հարազատներին տեսնելու: Բայց ինսուլտ է տարել: Նրան ինքն ու մայրն էին խնամում: Ինքը չէր աշխատում, խմիչքը չարաշահելու պատճառով էլ ամուսնալուծվել էր:

Մայրն էլ սեր ուներ ալկոհոլի նկատմամբ, ինքը մոր հետ ամեն օր ալկոհոլ էր օգտագործում: Քեռին էլ տեսնում և ուզում էր: Բայց ինքը նրան խմիչք չէր տալիս, որովհետև նա հիվանդ էր: Հուլիսից սկսած՝ ինքը պատահել է՝ հարվածել է քեռուն, երբ նա հայհոյանքներ էր տալիս:

2017 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում ինքն ու մայրը նորից տանը խմել են, քեռին խմիչք է ուզել, ինքը մերժել է, նա հայհոյել է իր մոր հասցեին: Ինքը զայրացել, մոտեցել է անկողնում պառկած քեռուն, բռնել է նրա պարանոցից ու սեղմել է, հետո բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին:

Մայրը փորձել է միջամտել, ինքը մորն էլ է հարվածել, մայրը տանից փախել է: Ինքը ներսից փակել է բնակարանի դուռը ու մոտ 40 րոպե ծեծել է քեռուն…

Երբ նրա քթից արյուն է հոսել, ինքը սթափվել է, հասկացել է, որ նա մահացել է, այլևս չի խփել:

Դուրս է եկել տանից, բակում մոր հետ մի քիչ… զբոսնել է… Երբ տուն են բարձրացել, մայրը տեսել է, որ քեռու դեմքը ամբողջովին արյան մեջ կորած է:

Հարցրել է՝ ի՞նչ ես արել: Ինքը պատասխան չի տվել: Մայրն ու ինքը լվացել են քեռու դեմքի ու մարմնի վրայի արյունը, մաքրել են տանը եղած արյան հետքերը: Ինքը ցանկացել է հեռանալ, խնդրել է, որ մայրը տա Բանավանի իրենց տան բանալին, բայց մայրը չի տվել: Ինքը շորերը փոխել, դուրս է եկել շքամուտք, գոռացել է, որ քեռին ինքն իրեն վնասվածքներ է հասցրել՝ գլխով խփել է մահճակալի մոտի պահարանին: Հետո ինքը մտել է տուն ու քնել է:

Առավոտյան ոստիկաններն այցելել են իրենց բնակարան, ինքը դուռը չի բացել, վախեցել, թաքնվել է մահճակալի տակ: Բայց ոստիկաններն իրեն գտել ու բաժին են տարել…

Լսելով իր նախաքննական ցուցմունքը՝ Հովակիմը դատարանում ասել է, թե քննիչի ասելով է գրել այդ ցուցմունքը, քննիչը չի թողել, որ ինքը մասնակցի քեռու թաղմանը: Իրենց անձնական կյանքի մանրամասները չգիտի՝ քննիչը որտեղից կարող էր իմանալ, միգուցե որոշ բաներ մայրն է հայտնել… Հովակիմը դատարանում պնդել է, թե իրեն դիտավորյալ սպանության համար մեղավոր չի ճանաչում, քանի որ դեպքից ոչինչ չի հիշում, և ինքը չէր կարող քեռուն սպանել…

Դատական վիճաբանությունների փուլում Հովակիմ Ղանդիլյանը փոխել է դիրքորոշումը, իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար ու զղջացել է, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Դեպքի վայր բնակարանին պատկից բնակվող հարևանուհին՝ գործով վկա Ա.-ն, հայտնել է, թե 2017 թվականի մայիսից մինչև օգոստոս «ահավոր բաներ են կատարվել» այդ բնակարանում՝ անընդհատ կռիվ, գոռոցներ, հայհոյանք, ծեծ: Հովակիմը երբեմն մորն էլ էր ծեծում, մայրը քնում էր շքամուտքում:

Դեպքից երկու օր առաջ տուժողին մենակ էին թողել բնակարանում, նա սողալով միջանց ք էր հասել, ձեռնափայտով ծեծել էր դուռը, ասել էր, թե իրեն սպանելու են: Հարևաններով նրան ջուր են տվել, պառկեցրել են թախտին:

Դեպքի օրը այդ բնակարանից ուժեղ ձայներ են լսվել: Հովակիմը մոր հետ էր վիճում, մայրը դուրս է եկել, իջել է բակ: Հովակիմը մենակ է մնացել Վալիկի հետ: Բարձր ձայներ են լսվել, բղավոցներ, դմփդմփոց: Հովակիմը անընդհատ կրկնում էր՝ էլի կանե՞ս, արա՛, էլի կանե՞ս: Նա խփում էր պատին, իսկ Վալիկը ուժեղ գոռում էր… Տպավորություն էր, թե Վալիկին պատերին էին խփում…

Հարևանուհին նշել է, թե դիտանցքից նայել է պարբերաբար, բնակարան ոչ ոք չի մտել, այնտեղ միայն Հովակիմն ու Վալիկն էին…

Հարևանուհին այդպես ամբողջ ընթացքում բավարարվել է… դիտանցքից նայելով… Հարևաններից ոչ ոք ոստիկանություն չի ահազանգել…

Հովակիմը դուրս է եկել շքամուտք ու գոռացել է՝ մոմերը վառեք, պրծանք, սպանեցի… Նա իջել է բակ, մոր հետ բակում որոշ ժամանակ մնացել է, հետո մայր ու որդի իրար հետ բարձրացել են տուն… Ըստ հարևանուհու՝ Հովակիմը մորն ասել է, թե քեռուն «ցբխել է»… Հովակիմը հարբած էր, «ոտքի վրա կանգնել չէր կարողանում՝ ճոճվում էր», նաև՝ հեռախոսով նկարահանում էր…

Ըստ հարևանուհու՝ ինքը լսել է տուժող Վալիկի վերջին ճիչը… Առավոտյան կարողացել է կապվել Վալիկի մյուս քրոջ՝ Գայանեի հետ, ում հեռախոսը նախորդ գիշեր անջատված էր: Ասել է՝ ախպերդ այլևս չկա, շուտ արի ու տես՝ ինչ է կատարվել… Գայանեն է ոստիկանություն ահազանգել…

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովակիմ Ղանդիլյանը ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ ախտորոշվել են «անձի ու վարքի խանգարումներ՝ ալկոհոլի գործածման հետևանքով»:

Դատարանը Հովակիմ Ղանդիլյանին մեղավոր է ճանաչել քեռուն դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի օգոստոսի 24-ից:

Հովակիմ Ղանդիլյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 369 հազար 816 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...