Feliks Colakyan

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեմ է իրենց գերատեսչության և ՀՀ ոստիկանության միավորմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ցոլակյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին:

«Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, ԱԻՆ-ը՝ ավելի մարդասիրական»,- նշեց նախարարը և հավելեց, որ հումանիտար և պատժիչ գործողությունները անհամատեղելի են։

Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը 1992 թվականից պետական միջոցներով որևէ տեխնիկական հագեցվածության խնդիր չի լուծել, և իրենց ունեցած գրեթե 600 տեխնիկայի 90 տոկոսը ձեռք է բերվել հումանիտար օգնության միջոցով։

«Այս երկու գերատեսչությունների միանալու դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է»,- ընդգծեց Ցոլակյանը և շեշտեց, որ ինքը դեմ է սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին, պետք է ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթներն ավելի հստակեցնել:

Գազի ներտնային սպասարկման գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հետ կապված լուրջ քննարկում չի եղել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մենք առանձնապես ոգևորված չենք եղել այդ հարցով, որ միացվի այդ սպասարկումը ԱԻՆ-ին։ Կարծում եմ, որ մասնավորը բավականին լավ է մատուցում ծառայությունը: Այստեղ մենք որևէ խորացված ուսումնասիրություն չունենք, չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո»,- նշեց Ցոլակյանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այս պահին  մեզ մոտ նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով մենք առաջարկելու ենք փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Դեռևս քննարկման փուլում է հարցը, թե որքանով կբարձրանա: Փրկարարների աշխատավարձը միջինը 115 հազար դրամ է կազմում, իսկ սպայական կազմինը՝ 230 հազար: Փրկարարների աշխատավարձն իսկապես ցածր է, մարդն իր կյանքն է վտանգի տակ դնում, և այդ մարդու աշխատավարձը շատ ցածր է»,- նշեց Ցոլակյանը և հավելեց, որ ցածր աշխատավարձը պատճառաբանվում է, թե 3 օր տանն են, 1 օր աշխատում են:

Նրա խոսքով՝ այդ անձինք օրվա ընթացքում 24 ժամ են աշխատում ու գրեթե միշտ վտանգում իրենց կյանքը:

Հայաստանի Հանրապետությունում Արարատյան դաշտում և մնացած ցածրադիր գոտիներում ցրտահարություններ չեն սպասվում,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Ցրտահարություն չի լինի, սակայն հնարավոր է նաև կարկուտ տեղա»,- նշեց ԱԻ նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...