Ֆրանսիական միջնադարյան երաժշտարվեստը՝ վառ, գունեղ, պատկերավոր՝ «Տաղարանի» մատուցմամբ – Լուսանկարներ

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

«Տաղարանի» ապրիլյան համերգին հնչեց ֆրանսական բարձրակարգ երաժշտություն՝ 13-րդ դարից մինչև 19-րդ դար ընդգրկումով:

Ֆրանսական երաժշտարվեստին «Տաղարան» համույթի կողմից հերթական անդրադարձի առիթը Ֆրանկոֆոնիայի երկամսյակն է Հայաստանում: Իսկ տասը կոմպոզիտորների՝ Ռամոյի, Լյուլլիի, Պլանսոնի, Բոնէի, Կուպերենի, Շարպանտյեի, Սերմեզիի, Դյուբուայի, Դյուֆայի, Բատայի ստեղծագործական հարուստ ժառանգություններից ապրիլի 27-ի համերգին կատարելու համար ընտրվել էին թե՛ աշխարհիկ բնույթի գործեր և թե՛ տաճարական-հոգևոր երկեր, բոլորը՝ ֆրանսական երաժշտարվեստին բնորոշ առանձնահատկություններով, ֆրանսական լեզվամտածողությամբ և աշխարհընկալմամբ , միջնադարյան հոգևոր ու աշխարհիկ մշակույթի կնիքը կրող :
Թեթևաշունչ սիրերգերից մինչև Աստծո առջև մաքրագործման հոգևոր ոգորումներ, ազգային վառ յուրահատկություն ունեցող երգերից՝ շանսոններից մինչև երգեհոնային երկնամերձ հունչեր,- այս ամենն ամբողջության մեջ համաշխարհային մշակույթի անկապտելի մասը կազմող ֆրանսական ազգային արվեստն ու լեզվի գեղեցկությունը յուրահատուկ դիտանկյունից ներկայացնելու կերպ էր, որ ընտրել էր Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Ծրագիրը հարուստ էր, ընդգրկուն, կատարումները՝ տպավորիչ, երեկոյի երաժշտական գունապնակը՝ բազմերանգ:

Ֆրանսացի կոմպոզիտոր, երգեհոնահար, Արվեստների ակադեմիայի անդամ, 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկիզբ՝ Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն Թեոդոր Դյուբուայի սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունների մեծ մասն իր կենդանության օրոք աննկատ է մնացել: XIX և XX դարերի սահմանագծին Դյուբուայի երաժշտությունը, ինչպես նաև իր դասավանդման տեսանկյունները հանրության կողմից ընդունվում էին՝ որպես գերպահպանողական: Դյուբուայի երաժշտության հանդեպ հետաքրքրությունն «արթնացավ» XXI դարում: Նրա աշխարհիկ բնույթի բազմաքանակ երգեհոնային երկերից «Տաղարանի» համերգին հնչեց «Տոկատան»՝ երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի կատարմամբ: Ներդաշնակ կառույցով և բարձրահունչ այս երկի կատարումը՝ արտաքնապես՝ մերթ զուսպ, մերթ պոռթկուն, ներքին ջերմ հնչողությամբ, մի անգամ ևս վկայեց, որ զուր չեն դրա հեղինակին ժամանակին արժանացրել Հռոմեական պատվավոր մրցանակի:

Համերգին հնչած հոգևոր ստեղծագործությունների շարքում էր Շարպանյեի հոգևոր քառերգությունը, որ կատարեցին Գալինա Ցոլակյանը, Գրիշա Մարտիրոսյանը, Սվետլանա Հովհաննիսյանը, Անի Մանվելին՝ զուգերգերով և մեներգերով: Առանձնակի ազդեցիկ էին «Մագթաղենացու և Հիսուսի երկխոսությունը» և «Բարձրանալ Աստծո մոտ» մասերը՝ հավատի, կատարելության ձգտման. զղջման, խոստովանանքի, ապաշխարության և ամենաներող հոգեկցության տոնայնությամբ:

Ապա «Տաղարանն» ունկնդրին տեղափոխեց ուշ միջնադար՝ նվագախմբի կատարմամբ ներկայացնելով ֆրանսական օպերայի հիմնադիր, ծագմամբ իտալացի Ժան Բատիստ Լյուլլիի ստեղծագործությունից հատվածներ՝ «Աքիլլեսը և Պոլիքսենը», «Ացիսը և Գալաթեան»: Իտալացի ջրաղացպանի որդին պիտի դառնար 17-րդ դարի ամենահայտնի երգահաններից մեկը. նա ջութակահար էր, չտեսնված պարող, դիրիժոր, մանկավարժ, հեղինակը նվագախմբի և առանձին նվագարանների համար ստեղծագործությունների, տրիոների, դիվերտիսմենտների, հոգևոր երկերի, բալետների և քնարերգական ողբերգությունների, որոնք հարյուր տարի չեն իջել բեմերից: Նրա մահը ծանր են տարել ողջ Ֆրանսիան և նրան մեծապես գնահատող Լյուդովիկոս 14-րդը: Լյուլլիի արարումներից հատվածների գործիքային կատարումն արդեն որոշակիորեն պատկերացում տվեց հեղինակային ձեռագրին հատուկ դրամատիկ էֆեկտների, երաժշտության գերազանց արժանիքների մասին:
Նվագախմբային կատարմամբ հնչեց նաև մեկ այլ ֆրանսացի հեղինակի՝ Ռամոյի «Հերոսական» բալետի նախերգանքը («Zai’s»):

17-րդ դարի երաժշտարվեստի մեկ այլ ակնառու դեմքի՝ Ֆրանսուա Կուպերենի արվեստը «Տաղարանը» մատուցեց գործիքային կատարմամբ: Ժամանակակիցներն իրեն մեծարում էին՝ որպես «Մեծ Կուպերենի», նրա տոհմը Ֆրանսային տվել է երաժիշտների մի քանի սերունդ, Կուպերենի ստեղծագործությունը ֆրանսական կլավեսինային արվեստի բարձունքն է: Մեղեդայնությամբ աչքի ընկնող և բարոկ երաժշտության կանոններով գրված «Իմպերիալ» եռամաս ստեղծագործությունը կատարեցին Մաեստրո Սեդրակ Երկանյանը (կլավեսին), Քրիստինե Չթչյանը (առաջին ջութակ), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա), Հովիկ Օգանեզովը (թավջութակ) : Հանդիսականը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Մաեստրո Սեդրակ Երկանյանի նվագը՝ նույնչափ նրբագեղ և հուզական, որչափ նրբակառույց և հնչուն է Կուպերենի երևակայության արգասիքը: Մաեստրոյի կլավեսինային կատարմանը միացան ջութակահար Ք. Չթչյանը՝ լարված-հուզական, թավջութակահար Հ. Օգանեզովը՝ խորն ու մտորուն, ֆլեյտահար Հ. Հակոբյանը՝ հեղվող- գեղգեղուն հունչերով:

Համերգային երեկոյի կառույցն ամբողջացրին միջնադարյան աշխարհիկ բովանդակությամբ գողտրիկ երկերը՝ հիմնականում սիրերգեր, շանսոններ: Խաղացկուն սիրախաղերը՝ ուրախ-հմայիչ, ծիծաղկոտ-կենսախինդ, ամեն մեկը՝ մի փոքրիկ պատմություն՝ երգով շարադրված, քաղվել էին Դե Պրեի, Բատայի, Բոնէի, Սերմեզիի, Պլանսոնի, Դյուֆայի ստեղծագործություններից: Ի սկզբանե պոլիֆոն երգի ժանրը՝ շանսոնը, ձևավորվել և մշակվել է 15-րդ դարի ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտորների կողմից: Բալլադներից ու ռոնդոներից սկիզբ առնելով՝ ժանրը Վերածննդի շրջանում զարգացել, հոմոֆոն բնույթ է ստացել: Ազգային վառ յուրահատկություն ունեցող այս երգերի մի բույլ հնչեցրին «Տաղարանի» մեներգիչներ Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Պերճ Քարազյանը և Հովսեփ Նշանյանը:
Դե Պրեի «Մնաս բարով, ի՛մ սեր» սիրերգը կատարեց Լուսինե Մարկոսյան – Պերճ Քարազյան դուետը՝ սիրող սրտերի հրաժեշտի և ափսոսանքի թախծությամբ:
«Քանի դեռ բաբախում է իմ սիրտը…» (Alors que mon…)՝ երգեց Գ. Ցոլակյանը՝ վերահաստատելով Բոնէի ֆրանսական կենսասիրություն ու սիրառատությունը: Բատայի «Reve je»-ն նույնի ՝ սիրո և կյանքի մասին էր, որ իր երգեցողությամբ հաղորդեց «Տաղարանի» մեներգչուհի Լ. Մարկոսյանը:

Երգչական քառյակի կատարմամբ հնչեցին Սեմեզիի «Քանի դեռ ապրում եմ» և Պլանսոնի «Սպասուհին» երգերը. առաջինը կենսասիրությամբ է լեցուն, կյանքի ամեն պահը սիրո զգացմամբ ապրելու կենսուրախությամբ, մյուս գործը զվարճալի պատմություն է՝ սիրային փոփոխվող «եռանկյունիներով»: «Սպասուհին» երգիչները կատարեցին ֆրանսական սրամտությամբ, արտիստիկ, ասես թե մի փոքրիկ բեմադրություն ներկայացնեին:

Մի սիրային պատմություն էլ կենդանացրեց Պ. Քարազյան – Սվ. Հովհաննիսյան երգչական զույգը: «Ավաղ, երբ տեսնում եք» սիրերգը 15-րդ դարի հեղինակ Դյուֆայինն է: Անհայտ հոգևորականի ապօրինածին զավակը, որ կրում էր իր մոր ազգանունը, ինքն էլ հոգևորական պիտի դառնար, դասվեր կարդինալների մերձավորների ու վստահյալների շարքը և պետք է հիշվեր սերունդների կողմից՝ որպես երգահան ու երաժիշտ, պետք է արվեստի պատմության մեջ մնար իր հոգևոր և աշխարհիկ երաժշտությամբ, մոտետներով՝ գրված տաճարների բացման առիթով, իշխաններին ձոնված իր բալլադներով, եկեղեցական արարողությունների համար գրված պոլիֆոնիկ վոկալ ժանրի ստեղծագործություններով, մագնիֆիկատներով, հիմներով … Եվրոպայի այն տարիների ամենահայտնի կոմպոզիտորը նաև 87 աշխարհիկ երգերի հեղինակ էր. Դյուֆայի շանսոնները մեծամասամբ փոքրածավալ երգեր են, որոնցում տեքստերի տարբեր մասերը համադրվում են միևնույն երաժշտական թեմայով կամ դրան մոտիկ տարբերակներով: Որպեսզի կրկնությունը շահեկանորեն ներկայացվեր, երաժշտությունը պետք է լիներ ճկուն և հյութեղ: Դյուֆայի շանսոնները պատկերավոր են, միաժամանակ՝ պարզ: Շանսոնների գործիքային մուտքն ու ավարտը համակցված են մարդկային ձայնի առաջնայնությամբ: Ֆրանսական նման երգերի տեսակը գալիս է դեռևս տրուբադուրներից:
«Տաղարանի» կատարմամբ միջնադարյան ֆրանսական երգերը հնչեցին վառ, կենդանի, գունեղ՝ ֆրանսերենի անուրանալի երգչական հմայչությամբ…

Հասմիկ Սարգսյան

Հ. Գ.- Ֆրանսա, ֆրանսերեն, ֆրանսական- այս գրությունն անսխալ է:

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 4 человека, в том числе Haykuhi  Hakobyan, Седрак Ерканян и Kristina Chtchyan, люди улыбаются, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: Haykuhi  Hakobyan, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 8 человек, в том числе Седрак Ерканян, люди улыбаются, люди стоят, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 4 человека, в том числе Haykuhi  Hakobyan и Kristina Chtchyan, люди улыбаются, в помещении

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...