1998-ի ընտրությունները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է

- in Իրավունք
Vahan Shirxanyan

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ից հայտնում են՝ գործին ընթացք չի տրվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

21 տարի առաջ ընտրություններում տեղ գտած լայնածավալ կեղծիքների մասին բարձրաձայնած պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՔԾ-ում նաև պատմել էր, թե այդ ժամանակ հաղթած թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացիության և մշտական բնակության մասին կեղծ տեղեկանք է ներկայացրել: Իրավապահները այս դրվագով ևս գործ չեն հարուցել, քանի որ նախկինում այդ մեղադրանքը չի հիմնավորվել, և առկա է չվերացված որոշում:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:

Իրավապահների համար նյութեր նախապատրաստելու առիթ էր դարձել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շիրխանյանը, մասնավորապես, գրել էր․ – «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

«Ազատության» հետ զրույցում Վահան Շիրխանյանը պնդել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և ինքը պատրաստ է այդ մասին ցուցմունք տալ ՀՔԾ-ում: Պաշտպանության նախկին փոխնախարարը կանչվել էր ՀՔԾ, որտեղ նրան, իր իսկ վկայությամբ, հարցրել էին ՝ «կարո՞ղ ենք Ձեր հայտարարությունն ընդունել որպես ոճրագործության մասին հայտարարություն», ի պատասխան՝ Շիրխանյանը ասել էր՝ «այո՛, կարող եք»։