2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է

- in Տնտեսական

Կառավարության 2002 թվականի 1465 Ա որոշման երկրորդ կետով նշվում է, որ «Արարատցեմենտ» ընկերության բաժնետոմսերի գինը 200 հազար դոլար է սահմանված, որը պետք է վճարվի բանկային 3 օրվա ընթացքում, դրանից հետո պարտքերի մասին է խոսվում, որոնք պետք է մարվեն եւ այլն։

Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանն «Արարատցեմենտը» 200 հազար դոլարով չի գնել, այլ պարտքերի հետ ընդհանուր հաշվարկով մոտ 10 մլն դոլարով, եւ որ Հայկ Գեւորգյանն իր պնդման մեջ առնվազն ազնիվ չի եղել. «Որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ էդ ժամանակ վճարում կատարվել է, թե ոչ։ Երկրորդը, գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ իր կապը չի հաստատում Գագիկ Ծառուկյանը։ Ես կմեջբերեի որոշման նաեւ մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի բոլոր պարտքերը ներվում են գործարանին, կհորդորեի իմ գործընկերներին՝ ներկայանցել իրավիճակը, թե ինչ է եղել գործարանի հետ սեփականաշնորհումից մեկ տարի առաջ, ինչպես է «Հայռուսգազարդի» նկատմամբ պարտքը 1 մլն-ից դարձել յոթ միլիոն եւ այսպես շարունակ։ Բայց․․․ իրենց կայքում դրված է, որ 2002-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպ»-ին, իսկ իրականում 2002-ին, երբ 200 հազար դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմանդիրը օֆշորային ընկերություն է, թող բարի լինեն բացահայտել էդ օֆշորային ընկերության իրական սեփականտերերին»։

Փաստորեն ստացվում է՝ Գագիկ Ծառուկյանը հիմա «Արարատցեմենտը» նվիրելու է Հայկ Գեւորգյանի՞ն, քանի որ Ծառուկյանն ասել էր, որ եթե Գեւորգյանն ապացուցի, ապա կնվիրի իրեն գործարանը, պատգամավորը կեսկատակ պատասխանեց՝ թող Գագիկ Ծառուկյանը որոշի, ես սպասում եմ առաջարկներին։

Խոսվում է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրայից հանեց տուրքը, բայց ի սկզբանե ցեմենտի եւ կլինկերի ներկրման համար պետական տուրք սահմանված չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․ «Ցեմենտի ու կլինկերի նկատմամբ պետտուրք չկա, կառվարությունն առաջարկում էր երկուսի նկատմամբ էլ սահմանել, մենք ասում ենք, որ հստակ հիմնավորումներ չենք լսել, եւ դրա համար էլ այս պահին կլինկերի վրա պետտուրք կիրառելը ոչ նպատակահարմար ենք գտնում։ Երկուսի վրա էլ տուրք սահմանելու եւ դրա չափը հասկանալու համար մեզ պետք է իմանալ ցեմենտի իրական ինքնարժեքը, իսկ ինքնարժեքը որոշելու համար այսօր աշխատանքային խումբ է ձեւավորվելու: Մենք առաջնորդվում ենք ՀՀ տնտեսական շահերով, եւ ինչքան էլ փորձեն անուղղակի ճնշումներ գործադրել, մենք գնալու ենք այդ ճանապարհով»։

Տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն էլ ասաց, որ եթե տնտեսվարողը ցանկանում է ստանալ կառավարությունից որեւէ պրետերենցիա, որ, օրինակ, ներկրվող ցեմենտը ներքին արտադրության նկատմամբ պակաս մրցունակ կդառնա, ապա պիտի պատրաստ լինի իր ամբողջ գործունեությունը դարձնել թափանցիկ, որպեսզի կառավարությունը հասկանա՝ ինչի հետ գործ ունի․ «Հիմա մենք առաջարկում ենք անկախ աուդիտ անցկացնել, որ հասկանանք՝ իրականում ինչքան պիտի լինի տուրքը, որ գործարանները նորմալ շահութաբերությամբ աշխատեն, իսկ դրան պատասխանում են անձնական վիրավորանքներով։ Եթե թաքքցնելու բան չկա, թող բացեն ամբողջ հաշվապահությունը, վստահելի աուդիտորը թող ստուգի՝ ինչ է եղել վերջին 17 տարիների ընթացքում: Իմ կարծիքով, ուրեմն թաքցնելու բան կա, որ չեն ուզում աուդիտ անցկացվի»։

Բաբկեն Թունյանը հայտնեց, որ ինքը «Մուլտի գրուպ» եւ «Արարատցեմենտ» ընկերությունների պատասխանատու Սեդրակ Առուստամյանին հարցրել է՝ պատրա՞ստ են բացել ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, վերջինս համաձայնել է․ «Պատրաստ են ամբողջ խորությամբ բացել, չգիտեմ, կախված է ուսումնասիրության խորությունից, կարող է մի փաստաթուղթ ուզենք, որ չտրամադրեն, իսկ մենք կուզենք այնպիսի փաստաթուղթ, որ հաճելի չի լինի տրամադրել, բայց մենք գնում ենք անկեղծ ու թափանցիկ ճանապարհով»։

Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին, եւ այն մասին հարցին, որ «Իմ քայլը» հայտատարել էր՝ նոր խորհրդարանում չեն լինելու օլիգարխներ եւ որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե բիզնեսմեն է, այլ սեփականատեր։

Բաբկեն Թունյանն ասաց, որ բոլոր ժամանակների կառավարության համար խնդիր է եղել բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, բայց այս դեպքում Գագիկ Ծառուկյանն ուներ իրավունք՝ զբաղվել պատգամավորական գործունեությամբ ու լինել սեփականատեր․ «Այլ խնդիր կլիներ, եթե մեր մոտ լինեին նման խոշոր օլիգարխներ, որոնք կառաջնորդվեին սեփական շահերով, փառք Աստծո, մեր խմբակցությունում չեք գտնի նման պատգամավորներ»։

Հայկ Գեւորգյանն էլ հավելեց, որ իրենք ասել են՝ իրենց խմբակցությունում չի լինելու օլիգարխ, եւ վստահեցրեց, որ երրորդ խմբակցությունում՝ «Լուսավոր Հայաստան»-ում, եւս չկան այդպիսիք, դա հատուկ է միայն մեկ խմբակցության․ «Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության, կարող եմ ասել, որ մեզ մոտ եւ երրորդ խմբակցությունում էլ չկան»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...