Ջիու – Ջիցու, մարտեր առանց կանոնների և գրապլինգ մարզաձևերից աշխարհի բազմակի չեմպիոն, ազգությամբ հայ դյուցազնի անցած ճանապարհը – Լուսանկարներ

Ջիու-ջիցու՝ կազմավորվել է 13-14- րդ դարերում, ճապոնական մարտարվեստ է: Նախատեսված է զինված հակառակորդին առանց զենքի կամ միայն կարճ զենքով հաղթելու նպատակով /ինքնապաշտպանական տեխնիկա/։

Հիմնական հնարքներն են՝ 4 հարվածներ մարդու մարմնի առավել խոցելի մասերին՝ արևահյուսակ, քներակ, լյարդ, ձեռքերի և ոտքերի հոդերի ոլորում: Զուգակցվում է տարբեր ձևերի նետումներով և հակառակորդի շնչառական ուղիները ճնշող բռնումներով։ Կիրառվել է որպես սամուրայների ֆիզիկական և մարտական պատրաստության համակարգ։

XIX դ․ վերջին Ջիու-ջիցուի տարրերի ընտրության և արդիականացման ճանապարհով ստեղծվել է ճապոնական ազգային ըմբշամարտը՝ ձյուդոն։

Մեր հայրենակից, ԱՄՆ-ում բնակվող Գոքոր Չիվիչյանի անունը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Նա հասել է մեծ նվաճումների իր նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Մեծ վարպետը՝ լինելով բարձրակարգ մարզիկ, մարզիչ 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն ջիու – ջիցու մարզաձևից, 6 անգամ՝ աշխարհի չեմպիոն է դարձել մարտեր առանց կանոններից և 4 անգամ ՝ արժանացել է գրապլինգ մարզաձևի աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ գրապլինգ մարզաձևի /ստեղծողը/ հիմնադիրը հանդիսանում է ամերիկահայ Գոքոր Չիվիչյանը: Այս մարզաձևը, արդեն մեծ մասսայականություն է վայելում աշխարհի տարբեր երկրներում:

Ընդամենը մի քանի օր առաջ ազգությանբ հայ մեծ վարպետը մենամարտելով, հաղթելով իննը անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած մարզիկին, կրկին դարձավ աշխարհի չեմպիոն:

Գ. Չիվիչյանը ծնվել է Երևանում 1963 թվականին: 5 տարեկանից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով Դինամո մարզական միությունում, մարզիչ՝ Սպարտակ Բեջանյան:

Տարիներ անց զբաղվել է ձյուդո, սամբո և բռնցքամարտ մարզաձևերով: Այս մարզաձևերի առաջնություններում՝ Հայաստանում գրավել է առաջին տեղը: Հետագայում դարձել է բազմաթիվ միջազգային ընկերական առաջնությանների հաղթող: Ձյուդոյի մարզիչը եղել է Թելման Քոչարյանը, այդ ժամանակահատվածում նրա հետ մարզվել է նաև Գագիկ Դաբաղյանը, ով տարիներ անց դարձավ Չիվիչյանի մարզիչը:

1979 թ. ԱՄՆ-ում մասնակցել է ձյուդոյի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:

16 տարեկան հասակում, ընտանիքի հետ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում:

Նա չի մոռանում իր հայ լինելու ինքնությունը և մշտապես աշխարհին ներկայանում է ոչ միայն ամերիկյան՝ այլ նաև հայկական դրոշի ներքո:

Ասվածի վառ ապացույցն է ԱՄՆ-ում նրա կողմից հիմնադրած «Հայաստան» մարզադպրոցը /Hayastan MMA Akademiy/, որտեղ մարզվում են ինչպես հայ, այնպես էլ բազմաթիվ ազգերի երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ: Նրանք ևս հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո, սա հայորդու պարտադիր պահանջն է իր սաներից:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի բազմակի չեմպիոնի հետ ունեցած իմ հարցազրույցի մի մասը:

– Պարոն Չիվիչյան, այսօր ի՞նչ գործունեություն եք ծավալում ԱՄՆ-ում և աշխարհի բազմաթիվ երկրներում:

– Ամենամյա սեմինար-մարզումներ եմ անցկացնում ՌԴ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Դանիայում, Հունաստանում, Լեհաստանում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Ես այդ սեմինարների շրջանակներում լավագույն մարզիկներին, մարզիչներին շնորհում եմ գոտիներ, միչև 9-րդ դան՝ նաև պաշտոններ:

Այսօր, ԱՄՆ-ի ամբողջ ոստիկանության և բանակի գլխավոր մարզիչը ես եմ: Տարիներ առաջ սեմինարներ եմ անցկացրել նաև Հայաստանում, 6-րդ վարչության աշխատակիցների համար:

– Դուք առիթ եք ունեցել /աշխատել/ մարզել աշխարհահռչակ դերասանների, պատմեք այդ աշխատանքների մասին:

– Ես նկարահանվել եմ ամերիկյան 48 ֆիլմերում, որոնք եղել են գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ: Տասը ֆիլմերում մեծ դերեր եմ տարել, իսկ մնացած ֆիլմերում՝ կասկադյորի դերերում եմ հանդես եկել, ինչպես նաև սովորեցնողի դերում, թե ոնց կարելի է կռվել:

Պարապել եմ` Չակ Նորիսի, Ջան-Քլաուդ Վան Դամի, Հայդեն Քրիշտենսենի, Ջեկի Չանի, Լիեվ Սչրեյբերի, Մաուրիս Բենարդի, Ջեսսիկա Բիելի, Քեևն Քաստրի այլ սիրված և հանրաճանաչ դերասանների հետ, թե՜ կինոյի պատրաստման, թե՜ ուղղակի մարզվելու համար:

– Դուք աշխարհում համարվում եք գրապլինգ մարզաձևի հիմնադիրը, ինչպե՞ս ստեղծվեց գրապլինգ մարզաձևը:

– Նախ ասեմ, որ գրապլինգ մարզաձևը նույն ջիու-ջիցու մարզաձևն է՝ մի փոքր ավելի զարգացած տեսակը, հիմնականում իմ կողմից ստեղծած: Այսօր արդեն մեծ ճանաչում ունի աշխարհում: Գրապլինգ նշանակում է բռնվել: Աշխարհի առաջնություններին, մրցումներին մասնակցելու ժամանակ, իմ մարզիչը բղավում էր՝ Գոքոր իրեն բռնի, բռնի, անգլերենով՝ գրապլինգ:

Ես բրազիլացիների հետ շատ լավ, բարեկամական հարաբերություններ ունեմ, նրանց հետ հանդիպելուց միշտ ասում էի. «Կիմանոն հանեք, առանց կիմանոյի գրապլինգ անենք, սակայն նրանք ասում էին, որ իրենք միայն ջիու-ջիցու գիտեն կիմանոյով, առանց կիմանոյի գոտեմարտել չեն կարող»: Հետագայում ես սկսեցի մրցումներ անցկացնել, այն նպաստեց մարզաձևի ճանաչմանը, տարածմանը և մասսայականություն վայելելուն:

-Ինչպես որոշեցիք Նորդ Հոլիվուդում հիմնադրել «Հայաստան» մարզադպրոցը:

-1986 թ. հիմնադրել ենք «Գոքոր Չիվիչյան» անվամբ մարզադպրոցը, այդ ժամանակ ես և՜ մարզում էի և՜ մենամարտում էի: 1991թ մարզադպրոցը անվանակոչվեց «Հայաստան» /գտնվում է 7229 Atoll Ave North Hollywood, Ca 91601 հասցեում/:

Ունենք տղաներ, ովքեր ջիու-ջիցու, գրապլինգ մարզաձևերից դարձել են աշխարհի չեմպիոններ, իրենք էլ իրենց մարզադպրոցներն են հիմնադրել: Ինձ հետ են համագործակցում մրցումների գնալուց՝ «Հայաստան» անվան տակ ենք հանդես գալիս, նույնիսկ օտար ազզություն ունեցողները: Ունենք ազգությամբ քուրդ մարզիկ՝ Յաուզը, ծնվել է Գերմանիայում, իմ մոտ է մարզվում, վերջերս ինքն էլ դարձավ աշխարհի չեմպիոն:

Աշխարհում՝ Եվրոպայում և հարյուրից ավելի երկրներում կան «Հայաստան» անունը կրող դպրոցներ: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ունենք «Հայաստան» մարզադպրոց, որտեղ հայեր չկան մարզվող, գերմանացիներ են, այստեղ 14 դպրոցներ են գործում: Մենք այժմ ամբողջ աշխարհում ունենք շուրջ 500 000-ից ավելի աշակերտներ և ես նրանց գլխավոր մարզիչն եմ: Աշխարհի տարբեր երկրներում գործող այդ մարզադպրոցներում մարզիկները հագնում են մարզաշապիկներ, որոնց վրա գրված է «Հայաստան»: Հայաստան համակարգի մեջ են, մարզադպրոցներում դրված է հայկական դրոշը և իմ նկարը, որպես իրենց գլխավոր մարզիչ:

Տեղեկացնենք, որ մեր հայրենակիցը այս տարի պատրաստվում է մասնակցելու երկու աշխարհի առաջնությունների՝ օգոստոսի 24-ին ջիու-ջիցու, դեկտեմբերին՝ գրապլինգ մարզաձևերից:

Նրան մաղթում ենք հաջողություններ և նորանոր նվաճումներ:

ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ. Գոքոր Չիվիչյանի մասին, տե՛ս նաև այստեղ. https://www.imdb.com/name/nm0158477/?ref_=nv_sr_1?ref_=nv_sr_1

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...