Ոստան համայնքում կյանքը՝ բնականոն հունով – Լուսանկարներ

- in Հասարակություն

Արարատի մարզի Ոստան գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, առաջին բնակիչները վերաբնակություն են հաստատել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառների բնակավայրերից: Նախկինում գյուղը անվանակոչել են Բաջազլու, Բեգջիվազլու, իսկ Ոստան՝ վերանվանվել է 1945  թվականին:

Ոստան համայնքում իրականացվող աշխատանքներն  այսօր ղեկավարում է 2002 թ. համայնքի ղեկավար ընտրված Հակոբ Խաչատրյանը:

Ծնվել է 1954 թվականին, մասնագիտությամբ տեխնիկ-շինարար է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971 թ. Արտաշատի գինու գործարանի պահակային ծառայությունից, այնուհետև աշխատել է տրանսպորտի ինժեներ: 1986 թվականից՝ ջրհան կայանների վարչության ավագ ինժեներ: 2000-2002 թթ. էլեկտրական ցանցի տեսչության բաժնի պետ:

Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Ոստան համայնքում, փորձառու համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի ջանքերով, տեղեկացանք Հակոբ Խաչատրյանի հետ ունեցած հարցազրույցից:

–  Պարոն Խաչատրյան, համայնքի բնակչությունն այսօր,  հիմնականում ինչո՞վ է զբաղվում:

–  Ոստան համայնքն այսօր ունի 3378 բնակիչ: Մեր համայնքում բնակչությունը  զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, կաթնամսատու անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ:

– Ձեր ղեկավարած ժամանակահատվածում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում,  որոնք թեթևացրել են բնակչության հոգսը: 

–  Այս տարիների ընթացքում, գյուղում  բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, որոնք կարևոր նշանակություն են ունեցել համայնքի զարգացման համար: Ձեռնամուխ ենք եղել հիմնականում խմելու ջրի կառուցման խնդիրներին: Նախկինում, ոռոգման ջուրը  ընդհանրապես չէր հասնում համայնք, մեզ սպասարկում էր Մխչյանի ՋՕԸ-ն և գտնվում էինք ոռոգման ջրի սպասարկվող համայնքների վերջնամասում: Իմ՝ համայնքի ղեկավար ընտրված  ժամանակահատվածում 4 խորքային հորեր է կառուցվել, ոռոգման խնդիրը կարելի է ասել լուծվել է: Ներկայումս մեր հողատարածքների 289 հեկտար մշակվող հողերը հիմնականում ոռոգվում են 6 խորքային հորերի միջոցով: Կան հողատարածքներ, որոնք շուրջ 900 մ հեռավորության վրա են գտնվում այդ խորքային հորերից: Ջուրը հողային հունով անցնելով, գրեթե ոչինչ տեղ չի հասնում /շոգ ժամանակ ներծծվում է հողի մեջ, մի մասն էլ գոլորշիանում է/: Մենք ծրագրեր ենք կազմել, որպեսզի այդ հողային հունը փոխարինենք բետոնե կիսախողավակներով: Այդ ծրագիրը մենք կիրագործենք ՀՀ կառավարության հետ միասին, կարծում եմ աշնան վերջին այդ հարցը կկարգավորվի:

– Ներհամայնքային  ճանապարհների, արտաքին լուսավորվածության հետ կապված, ի՞նչ խնդիրներ կան:

– Մեր ճանապարհները ամբողջովին անցանելի,  բարեկարգ վիճակում են: Խճապատել ենք նաև գերեզմանոցի ճանապարհը: Ինչ վերաբերում է լուսավորությանը՝ ցանկանում ենք արտաքին լուսավորություն անցկացնել: Այդ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի՝ 50 տոկոսը մեր, 50 տոկոսը կառավարության կողմից:

– Ի՞նչ կրթամշակութային,  մարզական օջախներ են գործում, համայնքապետարանը  աջակցու՞մ է կրթօջախների աշխատանքներին:

– Մեր համայնքում ունենք՝ դպրոց, մակապարտեզ, գրադարան, գործում են մարզական խմբեր:

Ունենք լավ, ժամանակակից վերանորոգված դպրոց՝ բոլոր հարմարություններով: Դպրոցի տնօրինությունը, ինչ հարցով դիմել է, համայնքապետարանը աջակցել է: Օգնել ենք դասագրքերի ձեռք բերման հարցերում, մշտապես օգնում ենք  սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մանկապարտեզի հետ կապված մի փոքր վերանորոգման խնդիր ունենք, կարծում եմ այդ հարցն էլ շուտով կկարգավորվի: Մինչ այժմ համայնքապետարանի հոգածության ներքո է գործում մեր համայնքի մանկապարտեզը:

Ունենք ԽՍՀՄ տարիներից լավ պահպանված գրադարան, անընդհատ գրքերով համալրում ենք: Գրադարանի հարցը մեզ մոտ լավ հիմքերի վրա է դրված:

Ոստան համայնքի երեխաների, պատանիների ֆիզիկական զարգացման, առողջության պահպանման համար, գործում են ձյուդոյի, սամբոյի մարզական խմբեր: Չնայած խմբերը գործում են հասարակական կարգով, բայց  համայնքապետարանը փորձում է ֆինանսապես օգնել այդ մարզումները անցկացնելու հարցում:

                                                      ՄԱՆՎԵԼ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...