ԱԱԾ պետը փակագծեր բացեց. ոչ ստանդարտ իրավիճակ

- in Վերլուծական

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին եւ դրա «կարված» լինելու մասին մեղադրանքներին եւ հայտարարություններին, ասել է, որ եթե պարզվի գործը անհիմն է եւ շինծու, ապա ինքը պատասխան կտա թե օրենքի, թե հանրության առաջ:

http://lragir.am Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե գործի շինծու լինելու պարագայում թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն ՀՔԾ կամ դատախազություն, ինչու՞ չեն անում: Ըստ նրա, չեն անում, որովհետեւ այդ դեպքում նրանց զհուշացնում են, որ կեղծ հաղորդման դեպքում պատասխանատվություն է կրում այն ներկայացնողը:
Վանեցյանը նաեւ ակնարկել է, որ մեղադրանքը դեռ չի նշանակում դրա անպայման հաստատում, ասելով, որ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվում, որոնք հետո չեն հաստատվում, քննության ընթացքում վերանայվում են եւ այլն: Ինչո՞վ է Դավիթ Սանասարյանը տարբեր այլ դեպքերով անցնող անձանցից, հարցրել է Վանեցյանը:

Հանրության տարբեր շրջանակներ շարունակում են աշխուժորեն քննարկել պայմանականորեն ԱԱԾ-ՊՎԾ գործը, որին տվել են ընդհուպ «սորոսական» եւ «ոչ սորոսական» ներիշխանական թեւերի պայքարի բնորոշում:

Ակնառու է, որ նոր իշխանության «ընդդիմախոս» քարոզչա-քաղաքական եւ ֆինանսական մի շարք խմբեր օգտագործում են առիթը թե իշխանությանն ընդհանրապես, թե ԱԱԾ-ին մասնավորապես հարվածելու համար: Միաժամանակ գործը ծառայում է ոչ միայն հարվածի հիմք, այլ նաեւ «սորոսական»-«ոչ սորոսական» բաժանման «թեզն» առաջ մղելու, որն ակնհայտորեն կազմում է նախկին իշխող համակարգի տեղեկատվա-քարոզչական գործիքակազմի մասերից:

Կա՞ իրականում այդպիսի բաժանում: Այն, որ կան պաշտոնյաներ, որոնք տարբեր տարիների գործակցել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ այլ կերպ ասած «Սորոսի հիմնադրամի» հետ, աներկբա է: Բայց, ամբողջ հարցն այն է, որ հիմնադրամը Հայաստանում տարիներ շարունակ ծավալել է շատ լայն գործունեություն, եւ այդ շրջանակում տարբեր առիթներով ներգրավվել են մարդիկ, որոնք այսօր սուր քննադատության են ենթարկում «Սորոսին», որոնք նախկին իշխանության մաս են եղել, պաշտոնյա, մերձակա հատվածներում դիրքավորվող գործիչ եւ այլն:

Ըստ այդմ ակնառու է, որ խնդիր որպես այդպիսին, խորքային առումով չկա, այն ավելի շատ գեներացվում է քարոզչական մակարդակում, ընդհուպ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում աջակիցների շրջանակ ձեւավորելու համար:

Ինչ վերաբերում է բուն գործին, ապա այստեղ իրավիճակն իսկապես արտառոց է, հաշվի առնելով այն, որ ընդհուպ օրինականության եւ իրավականության դիրքերից տարիներ շարունակ ներկայացած մարդիկ եւ խմբեր իրավիճակը սկսեցին չափել ընկերության եւ մտերմության դիրքերից, առանց շատ կոնկրետ եւ հստակ իրավական հարցադրումների:

Դրանք տվյալ դեպքում պետք է ներառեն մեղադրանքի ապացուցողական բազայի վերաբերյալ հարցեր ԱԱԾ-ին, որից հետո միայն դրանց վրա ձեւավորված գնահատականի եւ դիրքորոշման ակնկալիքով:

Այդ տեսանկյունից, իրապես որքան տարօրինակ կարող էր թվալ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին ներկայացվող մեղադրանքը, նույնքան արտառոց էր հակադարձ սուր մեղադրանքը եւ ալիքը ԱԱԾ դեմ: Ալիք, որն իր գործնական դրսեւորումը ստացել է դեռեւս հայտնի գաղտնալսման դեպքից: Այն ժամանակ հանրությունը կանգնեց ԱԱԾ թիկունքին, թույլ չտալով, որ ալիքը հասնի շոշափելի հաջողության:

Ակնառու է, որ այժմ օգտագործվում է ՊՎԾ պետի գործը: Սա իհարկե ամենեւին չի նշանակում, որ այդ հանգամանքը ԱԱԾ համար պետք է «ալիբի» ստեղծի այդ գործում: ԱԱԾ պետ Վանեցյանն իրապես պետք է պատասխանատու լինի գործի անաչառ եւ օրինական ընթացքի համար, որովհետեւ սեղանին իսկապես բավական լուրջ հարց է դրված, քան միայն կոնկրետ գործը կամ հեղափոխության մասնակից դեմքերից մեկի հարցը: Անպատասխանատու, անգամ եթե ոչ դիտավորության, այլ նույնիսկ մասնագիտական կոմպետենտության պակասի հետեւանքով ծագած աղմկոտ գործը ԱԱԾ-ն կարող է հեղափոխության հենարանից վերածել հեղափոխության «դամբարանի»:

Այդ առումով, Դավիթ Սանասարյանն իհարկե չի տարբերվում որեւէ քաղաքացուց, եւ ոչ ոք չպետք է տարբերվի, բայց գործն այդուհանդերձ իր կարգավիճակով տարբերվող է, առանձնահատուկ, այն բոլոր գործերի համեմատ, որոնց մասին հիշատակում է ԱԱԾ պետը՝ երբ մեղադրանքը կարող է ներկայացվել, բայց հետո չհաստատվել:

Դա բնականոն իրավական պրակտիկա է, անշուշտ, սակայն հանրությունը ներկայում գտնվում է ոչ բնականոն մի պատմական շրջափուլում, հետեւաբար մոտեցումներն այստեղ պետք է ունենան շատ ավելի ամուր եւ զգայուն հիմք, քան բնականոնության ստանդարտները: Ի վերջո, հեղափոխություն ապրած Հայաստանն ունի այդ բնականոնության բարձր ստանդարտներ ձեւավորելու խնդիր, եւ այստեղ ԱԱԾ դերը բավական մեծ է, այդ թվում այն պատճառով, որ այդ ստանդարտների խնդիրը խոշոր հաշվով ազգային անվտանգության ռազմավարական հարցերի շրջանակում է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...