Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը

- in Պաշտոնական

Ադրբեջանի Հանրապետությունը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի կողմից նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից: Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման Ադրբեջանի հանձնառության իրականացմանը»,- ասաց Նաղդալյանը:

Մայիսի 20-24-ն Ադրբեջանում անցկացվում են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Դրանց հիմնական թեման գիշերային ժամին, հակառակորդի հարձակման կանխումն է, նրան տարբեր ուղղություններով հակահարված տալը՝ անցնելով հարձակման: Զորավարժություններում ներգրավված է մինչև 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...