Այս տոնական օրը շնորհավորելով բոլորին՝ ես չեմ կարող իմ վրդովմունքը զսպել

- in Կարծիք
Paruyr Hayrikyan

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն առաջարկում է մայիսի 28-ը ոչ թե Հանրապետության օր անվանել, այլ Անկախության:

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած ճեպազրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ Սարդարապատը կերտողներն ընդամենը ինքնապաշտպանական կռիվ էին մղում, սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ փաստորեն այդպես Հայաստանը վերակերտեց իր անկախությունը:

«Գալով մեր օրերին՝ ես պետք է ընդգծեմ մի մի տխուր փաստ: Այս տոնական օրը շնորհավորելով բոլորին՝ ես չեմ կարող իմ վրդովմունքը զսպել: Ուղղակի անպատկառություն է: 1919  թվականին այս օրերին նշվեց Հայաստանի անկախության մեկամյակը: Հայաստանի պառլամենտն այն ժամանակ որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը: Մեզ համար մայիսի 28-ն անկախության փարոս էր: Հիմա եկել են, նախ կոչեցին Առաջին հանրապետության օր, հետո հիմա արդեն Տոների և հիշատակի մասին օրենքով կոչվում է պարզապես Հանրապետության օր»,- ասաց նա:
Հայրիկյանը նշեց, որ օրերս դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով վերջապես այդ քայլը կատարել, փոփոխություն անել, որովետև Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի ընդդիմացել այդ առաջարկին: «Իհարկե, հայ միջազգայնագետներն առաջարկում են ավելացնել նաև վերականգնում բառը, որովհետև մեր իրական անկախությունը սկսվում է Հայկի ու Բելի կռվից:

Այսինքն՝ օգոստոսի 11-ը նշել որպես հայ ազգի կայացման ու հայության անկախության օր, իսկ մայիսի 27-ը անկախության վերականգնման օր:

Նա ասաց, որ վարչապետից դեռ պատասխան չի ստացել»,- հավելեց Հայրկյանը:

Նա անդրադարձավ նաև սեպտեմբերի 21-ի խորհրդին:

«Իմ ստեղծած օրը, որը ես կոչել եմ Ինքնորոշման օր, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն, իրենք կոչում են Անկախության օր: Ախր ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Դուք կարող եք ձեր զավակին ինչպես ուզում եք կոչեք, բայց իմ զավակի անունը ես եմ դրել: Եվ ի վերջո 1991 թվականի սեպտեմբերի 21-ը կոչելով անկախության օր՝ մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը, այլ նաև օգոստոսի 23-ը: 1990 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է անկախության հռչակագիր: Ես պարտավոր էի անդրադառնալ այս հարցին: Երևի աշխարհի ոչ մի երկրի քաղաքական գործիչներ էս մակարդակը չունեն, բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել: Կամ գուցե ինչ-որ բան, որը կապված է ԱԻՄ-ի հետ, ցա՞վ է առաջացնում»,- հայտարարեց նա: