Անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ

- in Կարծիք
Artak Zeynalyan

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողներին ասաց, որ անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ: Ուսումնասիրվելու է աշխարհի լավագույն փորձն ու ներդրվելու է:

«Այն, որ դատական համակարգում ու իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Եվ որ անհրաժեշտ է շուտափույթ դրանց լուծում գտնել, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Վեթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվելու է աշխարհում: Այս պահին Ալբանիայում այն կիրառվում է եվրոպական կառույցների աջակցությամբ: Այդ իրավունքը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- ասաց նա:

Հարցին, թե որ դատավորների նկատմամբ է իրականացվելու վեթինգ, Զեյնալյանը պատասխանեց. «Առանց խտրականության է իրականացվելու, որևէ դատավոր չի թիրախավորվելու: Եվ այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: Այն չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»:

Վեթինգի արդյունքում բոլոր այն դատավորները, ովքեր չեն համապատասխանի չափանիշներին, կհեռացվեն զբաղեցրած պաշտոնից, ասաց Զեյնալյանը:

Մեխանիզմները պետք է մշակվեն, ըստ նրա, հաշվի առնելով միջազգային փորձը ու տեղայնացնելով այն:

Զեյնալյանն ասաց, որ նման քայլի գնալու հրատապ անհրաժեշտություն կար: Հարցին, որ մտավախություն կա, թե ցանկացած նոր իշխանության ձևավորման դեպքում կարող են հին դատավորներին վեթինգի ենթարկել, Զեյնալյանը պատասխանեց, որ սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված չէ: «Եվ այս մտավախությունը, որը դուք ունեք, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի փարատվի այն օրենսդրական դաշտով, որը պատրաստվում է»,- հավելեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի վեթինգի անհրաժեշտությունից, նաև ասել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

Արտակ Զեյնալյանն այսօր ասաց, որ սա քաղաքական կոչ ու ուղերձ էր այն դատավորներին, ովքեր կգտնեն, կգնահատեն, որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ իրավունք, քան ՀՀ սահմանադրությամբ է ամրագրված: Չի բացառվում, որ կլինեն այդպիսի դատավորներ, ովքեր կորոշեն հեռանալ:

Զեյնալյանը նաև հավելեց, որ վեթինգն անցումային արդարադատության հետ որևէ առնչություն չունի, տարբեր ինստիտուտներ են: «Անցումային արդարադատությունը պետք է միտված լինի հաշտեցմանը, սա հետապնդման, վրեժի լուծման գործիք չէ: Չի կարելի ընկալել որպես վրեժի գործիք»,- ասաց նա: Ըստ Զեյնալյանի՝ ժամանակը շատ կարճ է, պետք է ստեղծել անկախ ու անաչառ ոչ խամաճիկ դատարաններ, որպեսզի գործի ազատ մրցակցությունը, մարդիկ կարողանան հարստանալ ու հարստացնել պետությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...