Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա

- in Տնտեսական

Այսօր լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք: 

Դա վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշն է: Մենք ունենք նաեւ մաքսային պետական ծառայության տվյալները, որոնք ավելի բարձր աճի մասին են վկայում՝ 14,5 տոկոս, ասել է նախարարը:

Նա նշել է, որ արտահանման երեք ուղղություն կա. լեռնահանքային արտադրանքն արտահանվում է հիմնականում Չինաստան, եվրոպական շուկա եւ Ռուսաստան: Երկրորդը ծխախոտի արտադրանքն է, որը տարեկան շուրջ 200 մլն դոլարի արտահանման ծավալ ունի եւ արտահանվում է արաբական աշխարհ: Երրորդ հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, ուր արտահանվում է հիմնականում տեքստիլ, գյուղատնտեսական արտադրանք: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս երեք ուղղություններով էլ աճ կա:

Ամուլսարի հանքավայրի հարցով փորձաքննության արդյունքների ավարտին շատ ժամանակ չի մնացել, բայց դեռ փորձաքննության վերջնական արդյունքները չկան: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը այդ հարցի մասին կկարողանա խոսել, երբ պաշտոնապես հաստատվեն այդ արդյունքները:

«Այս հարցի մասին կարող եմ խոսել, երբ իրենք պաշտոնապես կհաստատեն ու կդառնան հրապարակային, այս պահին որեւէ բան հայտնի չէ»,- ասաց նա՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերի, թե Ամուլսարի հետ կապված փորձաքննության արդյունքները դրական են:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...