Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջուր է լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին

- in Կարծիք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին մեղադրում է ժողովրդի ու պետության շահերին հակառակ գործելու մեջ: Թորոսյանը, արձագանքել է տեսչության հայտարարությանը, գրել է.

«Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սեփական փիառով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում, հասկանում է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը և ոչ` հակառակը: Հույս ունեմ վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն և լայնորեն կլուսաբանվեն»:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ տեսչությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր.

«Ի պատասխան վերջին օրերին մամուլում շրջանառվող այն ահազանգին, ըստ որի դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու, տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Գործի ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։