Ատենախոսություն պաշտպանելը օժիտի ատրիբուտ չէ, այլ գործի համար կարեւոր մի մաս

- in Կրթություն
orensgirq

Գրագողության հարցը նոր չէ, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել։ Այս մասին այսօր՝ ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Տարբեր կերպ շահարկվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիսերտացիոն թեման։ Եթե բոլորս համոզված ենք, որ այդ աշխատանքը գրվել է այլ մարդու կողմից, բայց դրա մեջ գրագողության հետքեր չեն հայտնաբերվում, չենք կարող մարդուն մեղադրանք ներկայացնել։ Սա մեկ այլ խոսակցության թեմա է։ Գրվել են դիսերտացիաներ՝ ուրիշ մարդկանց կողմից, գումարի դիմաց՝ այլ անձանց համար։ Սա հատկապես բնորոշ էր նախորդ համակարգին, երբ մարդիկ, ամեն ինչ ունենալուց բացի, փորձում էին իրենց հարսի կամ տղայի համար դիսերտացիա նվիրել ծնունդին կամ հարսանիքին։ Դա կոչումների ատրիբուտ էր, պարտադիր երեւույթ»,- նկատեց Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ նման երեւույթներն այլեւս չեն հանդուրժելու, որովհետեւ անընդհատ կրկնում ենք գիտելիքահեն տնտեսության, գիտության զարգացման եւ այլնի մասին, բայց աչքներս փակել ենք նմանատիպ երեւույթների վրա․

«Հիմա աչք չենք փակելու։ Բոլոր բուհերին կոչ եմ անում ակտիվորեն ներդնել հակապլագիատ գործիքներ, որոնք կսովորեցնեն ուսանողին չարտագրել, չգողանալ ուրիշի մտքերը»,- նշեց ԱԺ կրթության հանձնաժողովի փոխնախագահը՝ հավելելով, որ գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում։

Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ իրեն հայտնի են դեպքեր, երբ տարիներ շարունակ տնտեսագիտության բնագավառում Ռուսաստանում պաշտպանած ատենախոսությունը թարգմանել են հայերեն, փոխել են վիճակագրությունը, դարձրել Հայաստանի համար, ու ներկայացրել իբրեւ սեփական․

«Մարդ կար՝ տարեկան երեք-չորս դիսերտացիա էր գրում, նմանատիպ դեպքերը պետք է բացառվեն, բայց բավականին բարդ է, քանի որ էթիկական,բարոյական դաշտում գտնվող հարց է»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահը՝ նշելով, որ դաշտը պետք է առողջանա, եւ մարդիկ հասկանան՝ ինչի համար է ատենախոսություն պաշտպանելը․

«Ատենախոսություն պաշտպանելը օժիտի ատրիբուտ չէ, այլ գործի համար կարեւոր մի մաս»։ Հովհաննես Հովհաննիսյանը մեկնավանեց, որ երբ մարդիկ կհասկանան հարցի էթիկական եւ բարոյական կողմը, այդ ժամանակ կսկսի դաշտի առողջացումը։

Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն կանի ամեն ինչ՝ գրագողությունը պատժելու համար։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...