Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի թեկնածուի և Վահե Գրիգորյանի մասին

- in Կարծիք

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր աջակցությանը։

«Ես լավ եմ վերաբերվում պարոն Հարությունյանին, մենք բազմիցս ունեցել ենք տարբեր հանդիպումներ և քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Ես կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ Հայաստանում ընթացած հեղափոխությունը և ընթացող ժողովրդավարական գործընթացներն այլընտրանք չունեն և միայն աննախադեպ լավ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի ու Արցախի համար»,- ասաց Միրզոյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր ակնարկել, որ Արցախում պետք է աջակցեն այն ուժերին,ովքեր աջակցում են Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ շատ նորմալ գործընթացի մասին է խոսքը։

«Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է իքս ճանապարհով ընթանան, կան մարդիկ, որ իգրեկ ճանապարհի կողմնակից են։ Հիմա դուք ասում եք, որ այս իգրեկ ճանապարհի դիրքորոշումը կիսողներից մեկն այնպես է անում, որ իրեն աջակցություն լինի։ Ինչ-որ բարդ կոմբինացիաներ եք մտածում։ Մարդը մտածում է, որ այս ժողովրդավարական գործընթացներն անշրջելի ու լավ են ՀՀ ու Արցախի համար։ Ես էլ եմ այդպես կարծում, այստեղ անկեղծ համագործակցության մասին է խոսքը»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների համագործակցությանը, ովքեր էլ լինեն ՀՀ-ում ու Արցախում, այդ իշխանությունները դատապարտված են անեմասերտ համագործակցության՝ հանուն մեր ազգի բարօրության:

Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ  դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ Հանրապետության նախագահը ՍԴ անդամի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանն ասաց, որ չի ուզում թաքցնել՝ լավ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Իմ քայլը խմբակցությունը Հանրապետության նախագահի առաջադրած նախկին երկու թեկնածուներին դեմ էր քվերակել։

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի թեկնածության քվեարկությունը մեկ անգամ ձախողվել էր ԱԺ-ում, երբ իշխող խմբակցությունը ՀՀԿ-ն էր։ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ հակաօրինական քայլ է տեղի ունեցել, քանի որ օրենքը հստակ ասում է՝ իրավասու մարմինը մեկից ավելի անգամ չի կարող նույն անձի թեկնածությունն առաջադրել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ համամիտ չէ այս գնահատականի հետ։

«Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք։ Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա։ Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է»,- նշեց Միրզոյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...