Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի և ՀՅԴ մասին

- in Ով ով է ...

«Ինչի՞ համար վտանգ ներկայացնի, որ իշխանությունը կխլի՞ մեզնից»,- այսօր լրագրողների հարցին հարցով պատասխանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալու մասին հարցին։

Նա նշեց, որ անկախ նրանից, թե ով կլինի իշխանությունը, դա որոշում է ՀՀ ժողովուրդը։

«Եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի իշխանություն։ Եվ եթե որևէ անձ, այդ թվում՝ ձեր նշած մարդը, կհավաքի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, ապա քավ լիցի, մենք խնդիր չունենք պահել իշխանությունը և չտալ որևէ մեկին»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա «ոնց որ թե էդ մարդը օրենքի հետ խնդիրներ ունի էլի։ Մի հատ տեսնենք, թե ինչ է լինում, հետո կխոսենք»։

Լրագրողների դիտարկմանը, որ ՀՅԴ—ն է իշխանություններին լրջանալու կոչեր հնչեցնում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․«Եկեք չխոսեմ էլի։ Կարո՞ղ է Դաշնակցությունն ինքը հետևություն անի»։

«Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, Ազգային ժողովն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատավորի անդամի ընտրություններին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ չընտրեց ՍԴ անդամի  թեկնածու Արթուր Վաղարշյանին, քանի որ Իմ քայլը խմբակցությունը դեմ էր քվեարկել։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև Ազգային ժողովի և նախագահի պատկերացումները համընկնեն։ Սա խնդրում եմ որևէ կերպ չմեկնաբանել իբրև նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման կամ դրա բացակայության շրջանակներում»,- ասաց Միրզոյանը։

Հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ նախագահն ունի իր պատկերացումները։ «Ելնելով այս կամ այն փաստարկներից՝ նախագահն անում է առաջադրումեր, տեսնենք հաջորդ առաջադրումը ոնց կլինի։ Իր կողմից մեր, մեր կողմից իր նկատմամբ դեմարշի մասին խոսք ամենևին չկա։ ԱԺ-ն պետք է ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին հարմար կգտնի առաջադրել նախագահը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն անվստահություն չի հայտնում նախագահի ինստիտուտին։