Արթուր Մեսչյանը դժգոհում և նախազգուշացնում է

- in Տնտեսական

«Երևանում ապօրինի շինարարության ծավալն իսկապես պակասել է, տղերք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա նշեց՝ այսօր նախկին վիճակը չի բոլորովին:

«Վերջապես սկսեցին հասկանալ, որ էսօրվա օրոք բոլորը հետևում են ապօրինի շինարարությանը, միայն վերահսկողության վարչությունը չէ: Եվ ցանկացած հողազավթում և ապօրինի շինարարություն, թող իմանան շատ լավ, որ ի վերջո կլինեն դիտակետի տակ ու կունենան պրոբլեմ: Նորից եմ խնդրում մեր բնակիչներին՝ մի արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում: Պրոբլեմ եք ունենալու, իսկ պրոբլեմն էն ա, որ պիտի գաք ինքներդ ձեր ձեռքով քանդեք»,- ասաց նա:
Ըստ Մեսչյանի՝ Երևանում կան փոսորակներ, որոնք զուտ էսթետիկական ու փոշու տեսանկյունից են վատ, որ քաղաքի կենտրոնում ունենք փնթի փոսարակներ: Բայց կան փոսորակներ, որոնք վտանգավոր են: «Մի քանի օր առաջ մենք քաղաքաշինության կոմիտեի աշխատողների հետ միասին գնացինք Կասկադի շարունակության վրա այդ տարածքը: Եվ ուշադրություն դարձրեցինք Գաֆեսճյան թագարանի փոսորակին, որը քանի տարի է այդ վիճակում է: Այդ փոսորակը հնարավորինս արագ պետք է փակվի շինարարությամբ: Հիմա կա խնդիր, դա իր սեփականությունն ա: Ամենադժվար բանը՝ գտնենք, թե ում հետ բանակցենք: Խնդրանքներս ու պահանջներս ի՞նչ ա լինելու՝ եթե շինարարություն չի լինի, թող վաճառեն: Եթե վաճառեն, մենք կարող է գտնենք կառուցապատողներ, որոնք ի վերջո կավարտեն Կասկադը: Բայց էլի վերադառնում եմ նույն բանին՝ տղերք փող չկա, պետք ա ճանապարհներ գտնենք ու հայթայթենք»,- ասաց նա:

Գլխավոր ճարտարապետը նշեց, որ իրենց աշխատանքը խոչընդոտում են օրենքները: Օրենսդրական դաշտը պետք է փոփոխման ենթարկվի:

Արթուր Մեսչյանին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին փողոցային առևտրի մասին: Նա նշեց, որ ամբողջությամբ հնարավոր չէ այն արգելել:

Մեսչյանը նշեց, որ քաղաքապետարանը փորձում է փողոցային առևտրի հարցը լուծել այլընտրանքային տարբերակներ մշակելով:

Մեսչյանն ասաց. «Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել, փողոցում վաճառում է և այդ վաճառած լոլիկով իր երեխային պիտի կերակրի, ցավը տանեմ իրա»: Մեսչյանի խոսքով, եթե որևէ արգելք է դրվում, պետք է շանս տալ:

Մեսչյանը տեղեկացրեց, որ Երևանում առևտրի կազմակերպման գոտիներ են մշակվում:

Մետրոպոլիտենի նոր կայարանի և  Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ:

Նա հույս հայտնեց, որ մինչև այս տարվա հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով  Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցմանը, Մեսչյանն ասաց, որ դրանով հնարավորինս  կթեթևացվի տրանսպորտային կոլապսը:

«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է  նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանի տարածք: Կարծում ենք այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»,- հավելեց նա:

Արթուր Մեսչյանն այսօր հրավիրած ասուլիսում դժգոհեց հասարակության վերաբերմունքից և նախազգուշացրեց՝ եթե առաջիկայում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, նույն որակի աշխատանք չպետք է ակնկալել:

«Բոլոր այն բաժինները, որ իմ կուրացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ը աշխատում են և մեկ էլ հեռուստատեսությամբ լսում են բավական անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ և մի քանի կոպեկ աշխատավարձի, որ պետք է ավելանա կամ չավելանա: Ճիշտ ասած, դա էդքան ազնիվ չէ: Ես մի բան պիտի ասեմ, չզարմանաք՝ եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին ես բոլորին ուղարկելու եմ տուն: Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու: Էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակի օրերի մասին: Կարող եք սա ընդունել որպես նախազգուշացում: Այն աշխատավարձը, որ ստանում են մարդիկ, որոնք կատարում են այդ աշխատանքը, ոչ մի տրամաբանական սահմանների մեջ չէ: Շատ տգեղ խոսակցություններ են գնում էս վերջերս քաղաքապետի աշխատավարձի հետ կապված և այլն: Ուզում եմ մի բան ասեմ՝ եթե քաղաքապետի աշխատավարձը արդեն բարձրացրած տարբերակով մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորողի աշատավարձին, պրոբլեմն ի՞նչ է, ես ուզում եմ հասկանամ ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու՝ հարստանալու, գումար վաստակելու կամ ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Մենք իսկապես փորձում ենք հնարավորինս օգտակար լինել քաղաքին, և մենք գոնե բարոյական աջակցությունը ինչ-որ չափով պետք է պահանջենք նաև ձեզանից»,- ասաց Մեսչյանը:

Նա նշեց, որ ցանկացած ծրագիր, որն իրականացվում է այսօր Երևանում՝ սկսած սրճարանների ապամոնտաժումից վերջացրած այգի կառուցելով, անմիջապես ինչ-որ զարմանալի դիմադրության է հանդիպում, որն անհասկանալի է:

«Մի քանի օր առաջ բացվեց մի այգի, մարդիկ շատ տարօրինակ վերաբերմուքն ցույց տվեցին: Բայց մի հատ երեկոյան գնացեք էդ այգու կողքը, տեսեք ինչքան մարդ ա էնտեղ հավաքվում: Մենք ունենք ֆինանսական պրոբլեմներ, և եթե ծրագրերը փորձում ենք իրականացնել սեփականատերերի ու կառուցապատողների միջոցով, դա լավ կյանքից չէ: Իմ համար հաճույք չէ կառուցապատողին համոզել, որ այս կամ այն ծրագիրն անի, եթե դրա համար բյուջեում գումար լիներ», հավելեց նա:

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Վերածնունդ երիտասարդական ավանը շուտ կառուցվի: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հայտարարեց, որ շատ նախագծերի այսօր «ոչ» է ասում: Հարցին, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նաև «ոչ» է ասել Վերածնունդ ծրագրին, Մեսչյանը պատասխանեց. «Այստեղ են ասել՝ լրիվ հակառակը: Հակառակը, մենք հնարավորինս նպաստում ենք, որ Վերածնունդ ծրագիրը հնարավորինս շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են էդ թաղաամասի ավարտին»:

Ըստ Մեսչյանի՝ շինարարության զրոյական նիշի թույլտվությունն արդեն տվել են, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: «Ես չգիտեմ էդ տեղեկությունը որտեղից է, բայց ոչ մի դեպքում, տենց բան չի կարող պատահի»,- հավելեց նա: