Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

- in Սոցիալական
mard

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ կյանքին վերջ տալու նպատակով Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջից» փորձում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ, կարողացել են համոզել քաղաքացուն, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է նրան հետ բերել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին: Կայքի տեղեկություններով, քաղաքացին Շիրակի մարզում հաշվառված, սակայն ժամանակավորապես Արմավիր քաղաքում բնակվող 29-ամյա Մ.Ս.-ն է:

Նա այդ քայլին է դիմել, քանի որ աշխատում է Արմավիր քաղաքի ավտոլվացման կետերից մեկում և այդ կետի սեփականատեր, Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանը մերժել է վերջինիս խնդրանքը, այն է` չաշխատել այդ վայրում, ինչից հետո Ռ. Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել Մ.Ս.-ին և, նվաստացած զգալով, փորձել է կամրջից ցած նետվելով ինքնասպան լինել:

Նշվում է, որ ավտոլվացման կետի սեփականատեր Ռ. Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Spread the love