Արսեն Ջուլֆալակյանը հերքել է, որ ծեծել են 63-ամյա քաղաքացուն

- in Իրավունք
cec

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. և Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

Տեղեկացնենք, որ Արսեն Ջուլֆալակյանն ըմբշամարտիկ է, ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր:

Լևոն և Արսեն Ջոլֆալակյանների մասնակցությամբ ծեծկռտուք չի եղել, զուտ գործնական խոսակցություն է եղել։ Այս մասին ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե հիվանդանոց տեղափոխված 63-ամյա քաղաքացուն ստորգետնյա ավտոկայանատեղիում ԱԺ պատգամավորն ու նրա հայրը ծեծի են ենթարկել։

«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Հիմա չեմ մեկնաբանում տեսնելու համար, թե նման բան ասողը ի՞նչ է նկատի ունեցել, ո՞նց է հիմնավորում։ Առայժմ սպասենք՝ ինչ է ասում, հետո կմեկնաբանենք»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերթական պարզաբանումն է տվել լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի մասին: Ըստ հրապարակումների՝ երեկ՝ մայիսի 5-ին, նա ու հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ծեծել են 63-ամյա մի տղամարդու: Ավելի վաղ «Հակական ժամանակ»-ի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշել էր, որ այդ մարդը սրճարանային բիզնեսում իրենց հետ համասեփականատեր Սերգեյ Մխիթարյանն է, ու որ նրա հայտարարություններն այն մասին, որ իրենք նրան ծեծել են, սուտ են: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում Արսեն Ջուլֆալակյանը նաեւ գրառում է կատարել:

«Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների եւ իհարկե լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, եւ լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար…

Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։

Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք եւ ֆիզիկական բռնություն իմ եւ իհարկե Լեւոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր, եւ երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր…), կանչել ենք շտապ օգնություն եւ տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը եւ ինչի՞ համար է այդ ամենն արվում։

Թերեւս այսքանը։ Մնացածը երեւի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լեւոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (եւ մի հատ էլ հայրս հետս…) մեկին ծեծեինք, ինչ հետեւանքներ կարող էր դա ունենալ…

63-ամյա տղամարդը, որի խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ծեծել են իրեն, հիվանդանոցում չէ: «Հակական ժամանակ»-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ նա հետազոտվցել ու տուն է գնացել:

«Նա այս պահին տանն է, իմ տեղեկությունով՝ տանն է, եկել է, հետազոտվել է, գնացել է տուն»,- ասաց նա:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ տղամարդը հիվանդանոց էր դիմել «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով»: Հարցին, թե ինչի հետեւանքով նա կարող էր նման վնասվածքներ ստացած լինել, Մանուկյանը չպատասխանեց: Նա նշեց, որ դա պարզելը ոչ թե հիվանդանոցի, այլ դատաբժշկի գործառույթն է: