Բաքուն որոշակի դեմարշ է անում Վաշինգտոնի դեմ

- in Միջազգային

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերին Ադրբեջան կայցելի Վենեսուելայի նախագահ Մադուրոն, որը կմասնակցի Չմիավորված երկրների շարժման Վեհաժողովին: Շարժմանն անդամակցում են այն պետությունները, որոնք այս կամ այն ռազմա-քաղաքական բլոկի մաս չեն:

Մինչ Մադուրոյի այցը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վենեսուելա կայցելի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Թե հատկապես երբ է ծրագրվում այդ այցը, չի նշվում:
Տեղեկությունը հետաքրքրություն է առաջացնում Վենեսուելայի շուրջ իրավիճակի առումով: Այդ երկրում արդեն մի քանի ամիս շարունակվող դիմակայությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, իսկ հանգուցալուծումը դեռ չի նշմարվում: Վենեսուելայի հարցում դիմակայության մեջ են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որոնք միմյանց մեղադրում են այդ երկրում միջամտության համար:

Օրերս Ֆինլանդիայում տեղի ունեցավ ՌԴ ու ԱՄՆ արտգործնախարարների հանդիպում, որտեղ օրակարգի հարցերից մեկը հենց Վենեսուելան էր: Դրանից օրեր անց էլ ԱՄՆ արտգործնախարար Մայք Պոմպեոն այցելեց Սոչի, որտեղ հանդիպումներ ունեցավ Լավրովի եւ Պուտինի հետ, ու Վենեսուելան դարձյալ հարցերից մեկն էր:

Ամերիկա-ռուսական «վենեսուելական» դիմակայության հարցը բավականին նուրբ է այլ երկրների քաղաքական դիրքավորման համար: Այդ իմաստով, արդյոք Բաքուն չի «միանում» Վենեսուելայի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը, որն իհարկե նաեւ Թուրքիայի դիրքորոշումն է, քանի որ Անկարան էլ աջակցում է Մադուրոյին:

Դա նշանակու՞մ է, որ Բաքուն որոշակի դեմարշ է անում Վաշինգտոնի դեմ: Արդյոք դա նշանակում է, որ Սոչիում ամերիկա-ռուսական հանդիպումից Բաքուն ստացել է ոչ այնքան հուսադրող ազդակներ, մասնավորապես Վաշինգտոնի մոտեցումների առումով, որոնք կարող են այս կամ այն կերպ ասոցացվել կովկասյան ռեգիոնի ռազմա-քաղաքական իրավիճակին:

Ի դեպ, ամերիկա-ռուսական հանդիպումների ֆոնին պաշտոնական Երեւանը արտգործնախարարի մակարդակով բարձրաձայնեց, որ Վաշինգտոնում հնարավոր է Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Մինչ այդ Բաքուն էր այդ թեման շոշափում, սակայն Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին:

Երեւանն ի պատասխան հայտնում էր, որ վաղ է խոսել դրա վերաբերյալ, քանի չկա կոնկրետություն: Եվ ահա օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը ազդարարեց, որ կարող է լինել հանդիպում, բայց նա խոսեց արդեն Փաշինյան-Ալիեւ մակարդակի մասին:

Միաժամանակ, այդ ընթացքում Բաքուն ապտակ ստացավ Եվրոպայում, որտեղ Արեւելյան գործընկերության տասնամյակի առիթով Հռչակագրում հրաժարվեցին ընդունել Բաքվի տարածքային ամբողջության մասին ձեւակերպումները:

Բաքուն պատասխանում է Մադուրոյո՞վ:

Երեւանն ազդարարել է մայիսի վերջին Մինսկի խմբի համանախագահների այցի մասին: Արդյոք օրակարգում Վաշինգտոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...