Բենզինը թանկացել է՝ կարող է լինել կարտելային համաձայնություն

- in Տնտեսական

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կասկածներ ունի, որ Հայաստանում վերջին օրերին բենզինի գնի թանկացումը կարող է հակամրցակցային համաձայնության հետևանք լինել։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հայկ Գևորգյանն ասաց, որ աշխարհում բենզինի գների աճ կա։ Բայց տնտեսական գործոնից բացի, Հայաստանի դեպքում, ըստ նրա, կասկածելին այն է, որ միաժամանակ բոլոր ընկերությունների մոտ թանկացել է բենզինը. «Կասկածներ ունեմ, որ այդտեղ կարող է լինել կարտելային համաձայնություն։ Եթե ընկերություններ են գործում դաշտում, դա արդեն վկայում է, որ մենաշնորհ չէ։ Ուրիշ հարց, որ ընկերությունները կարող են իրար հետ ունենալ կարտելային համաձայնություն։ Այս պահի դրությամբ բենզին ներկրողների թիվն ավելի շատ է, քան նախկինում էր, բայց ես ասում եմ, որ ինձ անհանգստացնում է այն փաստը, որ դրանք միաժամանակ բարձրացրել են գինը»։

ինչ վերաբերում է սոցցանցերում հնչող քննադատություններին, թե թանկացումներ կան, Հայկ Գևորգյանն արձագանքեց․ «Իսկ սոցցանցերի օգտատերերին հարցրե՞լ եք, թե ինչպես է ստացվել, որ գնաճը Հայաստանում առաջին եռամսյակի դրությամբ ընդամենը 1․5 տոկոս է եղել այն դեպքում, երբ Բյուջեի մասին օրենքով պետք է լիներ առնվազն 2.5-5.5 տոկոս։ Իսկ դա ինչի՞ հետևանք է, դա հետևանք է հենց բազմաթիվ ոլորտներում նոր տնտեսվարողների ի հայտ գալով, որովհետև որևէ այլ հիմնավորում, թե ինչու է գնաճը ցածր ստացվում, չկա»։

Հայկ Գևորգյանն ասաց, որ բենզինի թանկացման հարցը հրապարակային բարձրացնում է, որպեսզի լրագրողներն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փորձեն պարզել՝ հակամրցակցային համաձայնության հետևանք է սա, թե՞ օբյեկտիվ պատճառներ կան։

Բենզինի ու դիզվառելիքի գները կրկին աճել են: Այսօր բենզինի գների 10 դրամով թանկացում է տեղի ունեցել: Ռեգուլյար տիպի բենզինը վաճառվում է 430, պրեմիումը՝ 450 դրամով: Գնային փոփոխություն է տեղի ունեցել նաև բենզինի սուպեր տեսակի վրա և այն 500 դրամից դարձել է 510 դրամ: