Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված հարցն իրավական է. Նիկոլ Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

- in Պնակալեզներ

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է իրավական: Նա մայիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

«Ես հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, և դրա պատճառով նաև քննադատության եմ արժանացել, որովհետև մատնանշում էին կոնկրետ մարդկանց: Ես ասում եմ՝ օլիգարխ ի՞նչ է նշանակում է: Նշանակում է քչերի իշխանություն։ Մարդ կամ մարդկանց խումբ, ով ունի իշխանության որոշումների վրա ազդելու լծակներ։ Այդ առումով Հայաստանում օլիգարխ չկա։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա դիմումը տրվել է ընթացակարգերով, թող քննարկվի, որոշում կայացվի։ Դա իրավական հարց է, այստեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինտրիգների կարի՞ք ունի։ Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել: Համոզված ասում եմ, այսօր խորհրդարանական ընտրություն լինի, մենք ավելի շատ ձայն կհավաքենք: Մարդիկ կան ինձ փորձում են փողոցային գործընթացներով վախեցնել, հիմա ոնց չասես, որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում», – ասաց վարչապետը։