Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել

- in Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: 

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ և շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը և յուրացրել ստացված մետաղյա խողովակները: Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության 5, սպառնալիքի 4, յուրացման կամ վատնման 3, խուլիգանության եւ ծեծի 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու ալիմենտ վճարելուց խուսափելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, դիակի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...