Գերմանուհի Իրման Երևանում սպանել է սիրեկանի ընկերոջը, որը փորձում էր տիրանալ նրան

- in Իրավունք
danakaharutyun

1985 թվականի օգոստոսի սկզբին ազգությամբ գերմանուհի Իրման, որ Գրոզնիում էր բնակվում, սիրած հայ տղամարդու հետ վերջապես ժամանեց Երևան:

Իրման Սուրենի մտերմուհին էր դարձել կես տարի առաջ: Սուրենն արհեստավոր էր, Իրմայի համար կարծես ոչինչ չէր խնայում: Անվերջ պատմություններ էր պատմում երևանյան իր հնարավորությունների, հարուստ ծնողների մասին: Իրման սպասում էր, թե Սուրենը երբ է ամուսնության առաջարկ անելու: Բայց Սուրենը չէր շտապում: Ասում էր, թե հայ տղամարդը երկար է մտածում պաշտոնապես ամուսնանալուց առաջ: Բացի այդ՝ ծնողների համաձայնությունը պիտի ստանա՝ օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար:

Իրման Սուրենին համոզում էր, որ մեկնեն Երևան, հանդիպեն նրա հարազատներին, ծնողներին, ինչո՞ւ պիտի չցանկանան, որ իր նման հարս ունենան…

Ի վերջո, չկարողանալով մերժել Իրմային, Սուրենը համաձայնել էր նրան Երևան բերել, բայց զգուշացրել էր՝ հարազատները կարող է չցանկանան իրենց հետ հանդիպել, ծնողները շատ զայրացած են, հայրը Հայրենական պատերազմի վետերան է, գերմանացիների դեմ է կռվել…

Սուրենի պատմություններն իրականության հետ ոչ մի կապ չունեին: Իրականությունն այն էր, որ Սուրենը կին ու երեխաներ ուներ Երևանում: Նա Գրոզնիում վաստակ էր գտել, արդեն մի քանի տարի գտնվում էր այնտեղ՝ պարբերաբար ընտանիքին ապրուստի միջոցներ ուղարկելով: Ընտանիքը համեստ ապրելակերպով էր ապրում, ոչնչով աչքի չէր ընկնում, ծնողներն էլ ապրում էին գյուղում…

Գրոզնիից Երևան ժամանելու մտադրության մասին Սուրենը կնոջն ասել էր՝ նշելով, թե երեխաներին կարոտել է, մի քանի օրով գալու է Երևան ու հետ գնա՝ աշխատանքի թեժ շրջան է…

Ժամանելու կոնկրետ օրվա ու ժամի մասին ոչինչ չէր ասել, նշել էր, թե անակնկալ է անելու:

Իրմային հետը Երևան բերելը Սուրենին արկածային կինո էր հիշեցնում՝ օրվա կեսը Իրմայի հետ կանցկացնի, կեսը՝ ընտանիքի: Մնում էր, որ լուծեր Իրմայի բնակության վայրի հարցը:

Երևան գալուց առաջ Սուրենը Գրոզնիից զանգահարել էր ընկերներից մեկին՝ Արտեմին, հարցրել էր՝ կարո՞ղ է մի քանի օրով ծանոթուհու համար ապրելու տեղ գտնել: Արտեմը հարցրել էր՝ լո՞ւրջ բան է: Սուրենն էլ պատասխանել էր. «Ժամանակ եմ անցկացնում, ախպե՛ր, ի՞նչ լուրջ բան, հոգիս հանել է, թե՝ տար Երևան, տար Երևան, ես էլ հետս բերում եմ, բայց մերոնք բան չգիտեն, չպետք է իմանան, հասկանում ես, էլի, տղայական…»:

Արտեմը հասկացել էր ընկերոջը, մտել էր նրա դրության մեջ ու ասել էր, թե ընտանիքին ճանապարհել է հանգստյան տուն, ինքը տանը մենակ է, կարող է հյուր ընդունել ու մի քանի օր պահել… եթե Սուրենը դեմ չէ…

Սուրենը դեմ չէր՝ նա Իրմայից ազատվելու նպատակ ուներ՝ Իրման սկսել էր նյարդերի վրա ազդել ամուսնության մասին կպչուն խոսակցություններով…

Իրման Երևան ժամանեց տղամարդկանց պայմանավորվածության մասին ոչինչ չիմանալով ու ապագայի ծրագրեր կազմելով: Սուրենը նրան Երևանում մի քիչ պտտեց ու առաջարկեց ընկերոջ տուն գնալ՝ հանգստանալու: Զգուշացրեց՝ ընկերոջ տանն են ապրելու, մինչև ծնողների ու հարազատների հետ լեզու գտնի: Իսկ եթե լեզու չգտնի՝ մի քանի օրից պիտի վերադառնան Գրոզնի:

Արտեմը Սուրենին ու Իրմային ընդունեց ջերմորեն, սեղան բացեց: Ուշ երեկոյան Սուրենը ձևացրեց, թե զանգում է ծնողների տուն, ապա անհանգստացած տեղեկացրեց, թե հայրը հիվանդանոցում է, ինքը շտապ պիտի գնա հոր մոտ:

Իրման Արտեմի հետ մնաց մենակ: Հասկացրեց, որ հոգնել է, կցանկանար քնել, եթե տանտերը դեմ չէ:

Արտեմը, սակայն, այլ բան սկսեց հասկացնել Իրմային՝ ինչո՞ւ գիշերը համատեղ չանցկացնեն, չէ՞ որ երկուսով են բնակարանում…

Իրման փորձեց համոզել, խնդրել, բայց Արտեմը իրենն էր պնդում: «Ճանապարհից եմ, պիտի լոգանք ընդունեմ, հետո կխոսենք»,- ասաց Իրման ու մտավ լոգասենյակ՝ հետը գաղտնի վերցնելով խոհանոցային մեծ դանակը: Մտածում էր՝ ամբողջ գիշերը լոգասենյակում կնստի, մինչև առավոտյան Սուրենը գա, և նրան կասի, թե իրականում ով է նրա ընկերը…

Արտեմը որոշ ժամանակ սպասեց Իրմային, հետո սկսեց թակել լոգասենյակի դուռը: Հասկանալով, որ Իրման մտադրություն չունի այնտեղից դուրս գալու, Արտեմը, զայրանալով, մտավ զուգարան: Զուգարանն ու լոգասենյակը բաժանող պատը առաստաղին չէր հասնում: Արտեմն էր բաղնիքն ու զուգարանը կիսապատով առանձնացրել: Հիմա նա բարձրացավ զուգարանակոնքին, այնտեղից՝ բաժանարար պատի վերևի հատվածով իջավ լոգասենյակ: Իրման, որ անակնկալի էր եկել Արտեմի արարքից ու սթրեսային վիճակում էր, դանակը մխրճեց նրա որովայնը՝ հենց որ նա ոտք դրեց լոգասենյակի հատակին:

Դանակի առաջին հարվածին հետևեցին ևս մի քանի հարվածներ: Արտեմն ընկերոջ սիրուհու շեշտակի հարվածներից մահացավ սեփական լոգասենյակում՝ սեփական արյան լճակի մեջ:

Իրման վաղ առավոտյան փախավ այդ բնակարանից, հասավ օդանավակայան ու հեռացավ Երևանից՝ առանց Սուրենի հետ խոսելու…

Երևանի 26 կոմիսարների շրջանի իրավապահները Արտեմ Ա.-ի սպանության բացահայտման աշխատանքների ընթացքում պարզեցին, որ դեպքի օրվա երեկոյան Արտեմի տանը հյուրընկալվել էր նրա ընկերը՝ ինչ-որ կնոջ հետ:

Ընկերոջ ինքնությունը ճշտելու համար մի քանի օր պահանջվեց: Սուրեն Հ.-ն, իմանալով կատարվածը, Երևանից արդեն մեկնել էր, նա, ինչպես նաև Իրման, արդեն Գրոզնիում էին, բայց՝ ո՛չ իրար հետ: Սուրենը հայտարարել էր, թե չի հավատում Իրմային ու… չի ներում ընկերոջ մահվան համար:

Իրավապահներն արդեն Սուրենի հետքը գտել էին: Բերման ենթարկվելուց կարճ ժամանակ անց նա հայտնեց, որ սպանությունը կատարել է Իրմա Մ.-ն:

Իրման արգելանքի տակ առնվեց, տեղափոխվեց Երևան: Այս անգամ նա ապագայի ոչ մի ծրագիր չուներ, միայն վախն էր նրան ուղեկցում դեպի Երևան:

Իրմա Մ.-ն մեղավոր ճանաչվեց անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարած սպանության համար, դատապարտվեց 3 տարի ազատազրկման…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...