Դատարանների շուրջ զարգացումները հստակություն մտցրին քաղաքական դաշտում

- in Ընտրություններ
dat

Նկատելի է, որ դատական համակարգի շուրջ վերջին երկու օրվա զարգացումներն ավելին են, քան պարզապես դատարանների թեման: Եվ դա բնական է՝ դատական համակարգը նախորդ համակարգում իրականացնում էր ավելի լայն գործառույթներ, քան պարզապես արդարադատությունը:

Այն կոչված էր ապահովել իշխող քրեական համակարգի անվտանգությունն ու «լեգալությունը» իրավական, տնտեսական ու այլ հարցերում:

Ըստ այդմ, դատական համակարգը ենթարկված էր իշխանության յուրացման, քվոտաների ու ստվերային պայմանավորվածությունների տրամաբանությանը, ունենալով նաեւ իր ներքին «սահմանադրությունը», կապված որոշումների կայացման ու ստվերային փողի շրջանառության սխեմաների հետ:
Դա նկատելի է դատավորների մի զգալի մասի գույքի ու եկամուտների հայտարարագրերից, որոնցում հատկապես մեծ գումարներ ու գույք է ձեւակերպված նվիրատվություն կետի ներքո: Այսպիսով, իշխող համակարգն իր համար ապահովում էր դատական իշխանության լոյալությունը եւ վերահսկելիությունը:

Ներկայում սա գրեթե միակ ոլորտն է մնացել, որտեղ նախկին վարչակարգը պահում է զգալի ազդեցություն: Եվ պատահական չէ, որ քաղաքական ուժերն ու խմբավորումները, որոնք մաս են կազմել նախկին քրեական-կոռուպցիոն համակարգին, բուռն արձագանքեցին դատարանների շուրջ վերջին զարգացումներին ու կառավարության մտադրություններին:

Դա ոչ միայն անվտանգության խնդիր է նրանց համար, նկատի առնելով տնտեսական ու քաղաքական կոռուպցիոն բացահայտումների շարունակվող գործընթացը, այլեւ քաղաքական դաշտում մնալու ու նոր իրավիճակում որոշակի դիրքավորումներ հստակեցնելու հնարավորություն:

Դատարանների շուրջ այս զարգացումները հստակություն մտցրին քաղաքական դաշտում, գծելով ներքաղաքական դիմակայության սահմանը: Այս առումով, դատական համակարգի վերափոխումը ժամանակի ու ընթացքի մեջ լիովին արտահայտելու է այդ դիմակայության բնույթն ու տրամաբանությունը, ներառելով ներքին ու արտաքին խնդիրների լայն շրջանակ:

Spread the love