Երեւանը ճիշտ է, Բաքուն սխալվում է. Բարձրաստիճան արձագանք Վաշինգտոնից

- in Վերլուծական
usa-spitak-tun

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Ջորջ Քենթը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում կայանալիք հնարավոր հանդիպման հարցին, ասել է, թե տեղը դեռ որոշված չէ, բայց ԱՄՆ լուրջ է վերաբերում խաղաղ կարգավորման իր պատասխանատվությանը:

http://lragir.am ԱՄՆ հանդիպման թեման օրակարգ բերեց Բաքուն, արտգործնախարար Մամեդյարովը Մոսկվայում ապրիլի 15-ին Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի հետ հանդիպումից օրեր անց հայտարարեց, թե Վաշինգտոնն առաջարկում է հաջորդ հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում: Հաջորդ հանդիպման համաձայնություն նախարարները ձեռք էին բերել Մոսկվայի հանդիպմանը, եւ այդ մասին նշվում էր դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Սակայն, Երեւանը Բաքվից հնչած այդ հայտարարությանն արձագանքեց, որ վաղաժամ է խոսել ամերիկյան առաջարկի եւ Վաշինգտոնում հանդիպման մասին, քանի որ չկա որեւէ կոնկրետություն: Օրերս ԱՄՆ հնարավոր հանդիպման մասին հայտնել էր Բաքվում Նահանգների դեսպանը: Երեւանը դարձյալ անդրադառնալով հարցին ասել էր, որ չկա որեւէ կոնկրետ պայմանավորվածություն: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ երբ հյուրընկալող կողմից լինի հրավեր ու ժամկետների հստակեցում, այդ ժամանակ էլ Երեւանը կարձագանքի:

ԱՄն պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթի հայտարարությունը փաստացի վկայում է, որ Երեւանը ճիշտ է, այսինքն չկա կոնկրետություն տեղի եւ ժամկետների առումով: Միաժամանակ նկատելի է, որ Քենթը կարծես թե սկզբունքային չի դիտում հաջորդ հանդիպումը հենց ԱՄՆ-ում անցկացնելու հարցը, քանի որ խոսում է Նահանգների լուրջ պատասխանատվության մասին, թափանցիկ ակնարկելով, որ անկախ հանդիպման տեղից, վայրից ու ժամանակից՝ Նահանգները լուրջ է վերաբերում խաղաղ կարգավորման իր հանձնառությանը:

Քենթը միաժամանակ նշել էր, որ Մոսկվայի հանդիպմանը նախարարները ունեցել են բավարար պայմանավորվածություններ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կարծես թե վկայում է, որ Մոսկվայի հանդիպումը բավարարել է Նահանգներին, այդպիսով թերեւս ցրելով վարկածի կամ ենթադրության հիմքը, թե ԱՄՆ Մոսկվայի հանդիպումից դժգոհ փորձում է այսպես ասած «պատասխան» հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում:

Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչու՞ է Բաքուն փորձում «խթանել» վաշինգտոնյան հանդիպում: Արդյոք Մոսկվայի հանդիպումից դժգոհ է հենց Բաքուն եւ փորձում է այսպես ասած մրցակցություն խթանել համանախագահների միջեւ, այդպիսով մոսկովյան պայմանավորվածությունների համար իր պատասխանատվությունը լղոզելու նպատակով:

Իսկ մոսկովյան պայմանավորվածությունները, համենայն դեպս հանդիպումից հետո հայտարարությամբ ամրագրված, առնչվում են հրադադարի պահպանման շարունակությանը, նաեւ մարդասիրական նախաձեռնություններին, լրագրողական փոխայցերին, սահմանամերձ բնակավայրերում գյուղաշխատանքների ապահովմանը: Ընդ որում, Բաքվի դժգոհության մասին է խոսում թերեւս այն, որ նա խախտեց այդ պայմանավորվածությունները Տավուշի ուղղությամբ, ընդ որում Հայաստան ՌԴ վարչապետ Մեդվեդեւի այցի օրը:

Ընդհանրապես, Մոսկվայի հանդիպումից հետո անմիջապես խոսելով Վաշինգտոնում հանդիպելու առաջարկի մասին, Բաքուն թերեւս փորձում էր ստեղծել մթնոլորտ, որտեղ մոսկովյան պայմանավորվածությունները «կճանաչվեն» այսպես ասած ոչ ամբողջական, շարունակության անհրաժեշտություն ունեցող:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի անդրադարձն այդ առումով Վաշինգտոնից բարձր մակարդակով հիշեցում էր Բաքվին, որ պետք է պատասխանատու լինել պայմանավորվածությունների համար եւ չակնկալել, որ Նահանգները կարող է օժանդակել այդ պատասխանատվությունից խուսանավելու հարցում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...