Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ կին թեկնածուն խոչընդոտել է հանձնաժողովի անդամների աշխատանքը՝ պահանջելով գործարք

- in Իրավունք
axjik

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Լիանա Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Լիանա Մ.-ն, հանդիսանալով 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու, խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված Էլիզա և Լուսինե Ջ.-երի լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև որպես քաղաքացիներ՝ նրանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Լիանա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Լուսինե և Էլիզա Ջ.-երը ունեցել են տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համապատասխան լիցենզիա:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից որպես թիվ 9/22 և 9/27 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներ՝ առաջադրվել են Լուսինեն ու Էլիզան, ովքեր թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 2018 թվականի սեպտեմբերի 5-ի համապատասխան որոշման հիման վրա նշանակվել են վերոհիշյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ և ստանձնել են օրենքով նախատեսված՝ ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրվելիք նիստերին մասնակցելու, ընտրությունները կազմակերպելու, արդյունքներն ամփոփելու և այլ լիազորություններ:

Ըստ դատական ակտի՝ սեպտեմբերի 8-ին Լուսինեն և Էլիզան մասնակցել են տեղամասային ընտրական հանձնաժողովների հերթական նիստերին: Նախատեսվել է հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի սեպտեմբերի 22-ին:

Ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լիանա Մ.-ի հրավերով Լուսինեն և Էլիզան 2018 թվականի սեպտեմբերի 16-ի երեկոյան գնացել են Երևանի Վրացյան փողոցում գտնվող՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբ:

Հանդիպման ժամանակ Լիանա Մ.-ն փորձել է պարզել կայանալիք ընտրություններում նախկին կուսակիցների՝ Լուսինե և Էլիզա Ջ.-երի դիրքորոշումը:

Վերջիններիս պատասխանը չի գոհացրել ավագանու թեկնածու Լիանա Մ.-ին: Նա Լուսինեից և Էլիզայից պահանջել է, որ հանձնաժողովի անդամի համար նախատեսված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց նրանցից յուրաքանչյուրն իր հերթին՝ 10-ական ձայն ապահովի «Օրինաց երկիր» կուսակցության օգտին: Հակառակ դեպքում Լիանան պահանջել է, որ Լուսինեն ու Էլիզան ինքնաբացարկ հայտնեն, որպեսզի 55 հազար դրամ աշխատավարձ ստանան այն անձինք, ովքեր կարող են ապահովել նրա պահանջը՝ կուսակցության օգտին ձայներ ապահովելու վերաբերյալ:

Լուսինեն ու Էլիզան պատասխանել են, թե ներկայացվող պահանջները կատարել չեն կարող, Լիանա Մ.-ի պարտադրանքով ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել են նախընտրական շտաբից:

Սեպտեմբերի 17-ին այդ դիմումները մուտքագրվել են թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողով, ու դադարեցվել է Լուսինե և Էլիզա Ջ.-երի լիազորությունները:

Դրանից հետո կատարվածի վերաբերյալ Լուսինե Ջ.-ն իր դժգոհությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունում և խնդրել է հնարավորության դեպքում համացանցում տեղադրել համապատասխան հրապարակում:

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Էլիզա Ջ.-ին զանգել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և տեղեկացրել է, որ Էլիզան ու նրա դուստր Լուսինեն վերականգնված են 9/22 և 9/27 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ որպես անդամներ, ու կրկին կարող են կայանալիք ընտրություններում իրականացնել իրենց լիազորությունները:

Առաջադրված մեղադրանքում Լիանա Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի է առել, որ Լիանա Մ.-ն բնութագրվել է դրական, մանկավարժության դասախոս է բուհերից մեկում: Ըստ աշխատանքային բնութագրի՝ Լիանա Մ.-ն «աչքի է ընկել պատասխանատվության բարձր զգացումով, բարեկիրթ է, համբերատար, անխոնջ նվիրվածությամբ է վերաբերվում աշխատանքին… Բնավորության գծերն ընդօրինակելի են…»:

Լիանա Մ.-ն ունի առողջական խնդիրներ:

Դատարանը հաշվի է առել, որ նա անկեղծորեն զղջացել է:

Լիանա Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝ 700 հազար դրամի չափով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...