Երևանի բուհերում պահանջված մասնագիտություններ են ծրագրավորումը, իրավաբանությունն ու հոգեբանությունը

- in Կրթություն

Երևանի պետական բուհերի դիմորդների մեծ մասը 2019 թվականին նախապատվությունը տվել է այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են իրավաբանությանը, ծրագրավորումը, մանկավարժությունը, հոգեբանությունը: Օտար լեզուներից դիմորդները առաջնահերթությունը տալիս են անգլերենին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ`այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների ներկայացուցիչները:

«Երևանի պետական համալսարանում դիմորդների մեծ մասը նախապատվությունը տվել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և կառավարման, Ժուռնալիստիկայի ֆակուլտետներին: Ամենաքիչ դիմորդները եղել են միջուկային ռեակտորների ֆիզիկա մասնագիտության համար և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում»,- նշեց Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը:

Խոսելով ԵՊՀ-ի տարբեր հաստատությունների հետ համագործակցության մասին` նա նշեց, որ  Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը սերտորեն աշխատում է «Սինոփսիս» ընկերության հետ, և վերոնշյալ ֆակուլտետի ուսանողների մեծ մասը դեռ երրորդ կուրսից աշխատելու հնարավորություն է ունենում:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի խոսքով` իրենց բուհում դիմորդների մեծ մասը նախընտրել է հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, պարարվեստ, հագուստի մոդելավորում կրթական ծրագրերը:

Բանախոսների կարծիքով` դիմորդները մասնագիտություններ են ընտրում` հաշվի առնելով, թե տվյալ մասնագիտությամբ որքանով է հնարավոր ինքնաիրացվել աշխատաշուկայում:

Արտաշես Մարտիրոսյանն ասաց, որ  դեռ խորհրդային տարիներից գիտության հետ առնչվող մասնագիտությունների գծով դիմորդները քիչ են: Ըստ նրա` հատուկենտ մարդիկ են կարող իրենց նվիրել գիտությանը:

«Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ամենաշատը դիմում են «Միջմշակութային հաղորդակցություն» ծրագրի անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն բաժիններ, նախընտրում են նաև թարգմանչական գործը»,- ասաց համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...