Զոհերի ու վիրավորների թիվը չի նվազում. Կոշտ միջոցներ են նախատեսվում

- in Կարծիք

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարորդների համար բալային համակարգի սահմանման նախագծին, որը կառավարության այսօրվա նիստում հաստատվեց։

Նրա խոսքով՝ օրենքով խիստ են վարվելու հատկապես ծանր խախտումներ անող վարորդների հետ։ «Նրանք զրկվելու են վարորդական իրավունքից, որովհետև մեր բոլորի համար անվտանգության սպառնալիք են։ Վիրավորների տարեկան թիվը շուտով կհատի 6000-ը, մահերի թիվը 340-ը անցել է 2018 թվականին։ Տուգանքների խստացումը, չափի բարձրացումն իր կանխարգելիչ էֆեկտից զրկվել է, ոչ մի արդյունք չի տալիս։ Խախտումները շարունակվում են, պատահարների, զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել»,- ասաց փոխոստիկանապետը։

Նա նշեց, որ ոչ մի նախադրյալ չկա, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պետք է նվազի, ավտոմեքենաների թիվը շարունակում է աճել, ավտոպարկը մեծանում է, մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, դրանք իրավախախտումներ ծնող պատճառ են։

«Այսինքն՝ այս իրավիճակի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել զոհերի թվի աճի հետ։ Ոստիկանությունը վարչապետի հանձնարարականը կատարելով՝ ներկայացրեց այս օրինագիծը, որի հիմնական խնդիրը մահերի թիվն իջեցնելն է, գոնե դրական միտումներ լինեն։ Եվ երկրորդ, այդ խնդիրները լուծել ոչ թե քաղաքացու հաշվին, այլ առանց քաղաքացիների վրա բեռ դնելու, առանց տուգանքների չափերը բարձրացնելու, հակառակը՝ իջեցնելով, մենք բարձրացնում ենք անվտանգության մակարդակը։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ ոչ բոլոր արարքներն են, որ բալավորվել են։ Հարյուր զանցանքներից 20-ի համար է նախատեսված տուգանային միավորը։ Իսկ դրանք որ խախտումներն են, այն խախտումներ են, որոնք ավելի հաճախ են հանգեցնում մահերի»,- հավելեց Քոչարյանը։

Նա որպես օրինակ բերեց ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում մեքենան վարելու, արագության գերազանցման, հանդիպակաց գոտի դուրս գալու դեպքերը։ Այդ ծանր խախտումների ցանկը, նրա խոսքով, ոստիկանությունը պարբերաբար հրապարակելու է։

«Մեր օրինապահ վարորդներին այս օրինագիծը ոչ մի կերպ չի սպառնում։ Մեր վերլուծության արդյունքներով՝ մեր վարորդների 80 տոկոսը օրինապահ են։ Այս օրինագծի թիրախը չարամիտ խախտում կատարող վարորդներն են, նրանց թիվը փոքր է, բայց հասարակության մոտ տպավորություն կա, որ անպատժելիության մթնոլորտ կա»,- ասաց փոխոստիկանապետը։

Նա հաստատեց, որ նման խախտումներ անողները հիմնականում թանկարժեք մեքենաների տերերն են։ Նրանք, ովքեր նյութապես ապահովված են, բարձր տուգանքները նրանց չեն զսպում։ Հետևաբար, ըստ փոխոստիկանապետի, չարամիտ և պարբերաբար կրկնվող խախտումները պետք է կանխարգելել։