Էդուարդ Բաբայանը տաքսու վարորդին հորդորել է աշխատանքից դուրս գալ՝ ՔՊ-ի շտաբի առջեւ կանգնելու պատճառով

- in Ընտրություններ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում խնդիր է առաջացել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Պետրոսյանը նշեց, որ խնդիրը տեղի է ունեցել 4-5 օր առաջ. «Ունեցանք ահազանգ, որ Վահագն Գեւորգյանի շտաբը համակարգող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը իր մոտ է հրավիրել «Մուլտի» տաքսիում աշխատող տաքսու վարորդի եւ հորդորել է աշխատանքից դուրս գալ, քանի որ ինքն անձամբ տեսել է, որ ՔՊ-ի շտաբի առջեւ կանգնած է եղել այդ երիտասարդը: Պարզապես անցնելիս կանգնել է, որեւէ քաղաքական աջակցության, որեւէ քաղաքական գործընթացի մաս չի եղել, պարզապես բարեւ-բարի լույսի մակարդակի: Նրանք քաղաքական խանդի տեսարաններ են ստեղծել»,- ասաց Կոտայքի մարզպետը:

Պետրոսյանը նշեց, որ նաեւ տեղեկատվություն ունի, որ նրանց շտաբերի պետերին հրահանգված է, որպեսզի ուշադիր լինեն, որ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցներին եւ նրանց հարազատներին որեւէ կերպ, որեւէ աջակցություն, որեւէ փոխայցելություն թույլ չտան «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի շտաբ: Ու առհասարակ որեւէ կերպ չմասնակցեն ՔՊ-ի բակային հանդիպումներին՝ սպառնալով աշխատանքից ազատել:

«Դա պարզապես մի քանի աղբյուրներից բարձրաձայնված տեղեկություններ են, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս: Քաղաքացիները, ցավոք սրտի, ցանկանում են մնալ անանուն, քանի որ դեռեւս Աբովյանում կա որոշակի կաշկանդվածություն: Քանի որ 25 տարի ստատուս քվոն նույնն է եղել: Հեղափոխությունից հետո, որքան էլ մենք տարածքային կառավարման մակարդակով, նաեւ համապետական ընտրություններին մեծագույն քվե տարանք 65-70 տոկոս, ամեն դեպքում մարդիկ կաշկանդվելով իրենց նախկին հարաբերություններով, կաշկանդվելով գուցե ընթացիկ աշխատանքը կորցնելու վախից՝ զերծ են մնում հայտարարություն տալուց: Բայց մեր թիմը աշխատում է մարդկանց հետ: Բազմաթիվ են այդպիսի ահազանգները, որ աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ մարդկանց կողմից ցուցակներ են պարտադրում, մարդկանց կողմից ցուցակագրման են դրդում ու մարդիկ ստիպված են լինում այդ մասին պատմել նաեւ իրենց հարեւաններին, հարազատներին: Ըստ օդում կախված լուրերի՝ սպառնալիք է հնչել, որ եթե Վահագնը չընտրվեց, դուք կարող եք այլեւս աշխատանքի չգալ, աբովյանցիներ:

Ես բազմաթիվ անգամ կոչ եմ արել մեր քաղաքացիներին՝ չտրվել այդ վախի մթնոլորտին, չտրվել այդ ցուցակներ կազմելու գայթակղությանը, որովհետեւ դրանք ոչինչ չեն նշանակում եւ բոլոր դեպքերում վերջին ընտրությունը քվեախցում իրականացնում է մեր քաղաքացին, ով իր ընտրությունն արդեն իրականացրել է նաեւ դեկտեմբերին»,- ասաց Պետրոսյանը: