«Թքեց ձեռքիս, որ մատանիս հանի…». ինչպես է «բիզնեսմեն» տղամարդը Խոր Վիրապում թալանել բարեգործական կազմակերպության կին տնօրենին

- in Իրավունք

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Արշակյանի գործի դատական քննությունը:

43-ամյա Արթուր Արշակյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 10-ի երեկոյան Արթուր Արշակյանը, որը նախկինում ՌԴ-ում երկու անգամ դատապարտվել էր, «Ֆեյսբուք»-ի միջոցով ծանոթացել է բարեգործական աշխատանքներով զբաղվող ՀԿ-ներից մեկի տնօրեն Ռիտա Մ.-ի հետ՝ ներկայանալով որպես գործարար: Բարեգործության նպատակով Ռիտա Մ.-ին 20 հազար դրամ տալու պատրվակով պայմանավորվել է հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում հանդիպել վերջինիս:

Պայմանավորված ժամին Արթուր Արշակյանը, ըստ մեղադրանքի, գնացել է Ռիտա Մ.-ի՝ Երևանի Բագրատունյաց փողոցում գործող գրասենյակի մոտ և առաջարկել է, որ մինչև 20 հազար դրամը տալը միասին գնան եկեղեցի ու մոմ վառեն:

Արշակյանի առաջարկով Ռիտա Մ.-ն նրա հետ տաքսի է նստել, ու գնացել են Խոր Վիրապ: Այնտեղ մոմ վառելուց հետո Արշակյանն առաջարկել է մոմ վառել նաև քիչ հեռու գտնվող մատուռում: Ըստ մեղադրանքի՝ այդ առաջարկով Արշակյանը նպատակ է ունեցել Ռիտա Մ.-ին հեռացնել մարդաշատ վայրից և… ավազակությամբ հափշտակել նրա ոսկե զարդերը…

Ժամը 16-ի սահմաններում Արթուրն ու Ռիտան քայլելով հասել են Խոր Վիրապից հեռու գտնվող բլրի լանջին: Ճանապարհը խորդուբորդ ու քարքարոտ լինելու պատճառով Ռիտան հոգնել է, առաջարկել է հետ գնալ:

Այդ պահին Արթուր Արշակյանը «բարեգործ գործարարի» դերից դուրս է եկել, ըստ մեղադրանքի, նա իրականացրել է իր հանցավոր դիտավորությունը՝ պահանջել է, որ Ռիտա Մ.-ն իրեն հանձնի ոսկե զարդերը՝ շղթան, խաչը, ականջօղերն ու մատանին:

Կինը հրաժարվել է կատարել Արշակյանի պահանջը: Վերջինս հարձակվել է Ռիտա Մ.-ի վրա, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ սեղմելով տուժողի պարանոցը, ֆիզիկական ցավ պատճառելով ու սպանելու, խեղդելու սպառնալիքներով նորից պահանջել է իրեն հանձնել ոսկե զարդերը: Ռիտա Մ.-ն փորձել է ձեռքի շարժումներով ու ոտքով հարվածներ հասցնելով՝ ազատվել Արշակյանից, բայց կնոջ դիմադրությունը հաղթահարելու համար Արթուր Արշակյանը բռնել է նրա աջ ձեռքից, սեղմել է, արյունազեղման ձևով վնասվածք է պատճառել ու այսպես՝ ֆիզիկական և հոգեկան ճնշում գործադրելու արդյունքում հասել է նրան, որ Ռիտա Մ.-ն նրան է հանձնել ոսկե զարդերը՝ ընդհանուրը՝175 հազար դրամ արժողությամբ:

Դրանից հետո Արթուր Արշակյանը բաց է թողել Ռիտա Մ.-ին, ով վազելով հեռացել է, ճանապարհին վայր է ընկել, մի կերպ հասել է Խոր Վիրապի մոտ գտնվող ավտոկայանատեղի, որտեղ ոստիկանի է հանդիպել ու հայտնել է կատարվածի մասին: Արթուր Արշակյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, հետագայում վաճառել է հափշտակած ոսկե զարդերը:

Ըստ դատական ակտի՝ Ռիտա Մ.-ն շուրջ հինգ տարի եղել է բարեգործությամբ զբաղվող ՀԿ-ներից մեկի տնօրենը, զբաղվել է հաշմանդամ երեխաների բուժման համար հովանավորներ գտնելով:

2018 թվականի մայիսի 10-ի երեկոյան նա «Ֆեյսբուքով» ծանոթության հայտ է ստացել Արթուր Արշակյանից, սկզբում չի ընդունել առաջարկը, բայց Արթուրը ներկայացել է որպես գործարար, ասել է, թե տարբեր բիզնեսներ ունի:

Ռիտա Մ.-ն առաջարկել է, որ «գործարարը» 20 հազար դրամով աջակցի կազմակերպությանը դիմած հաշմանդամ երեխաներից մեկի բուժմանը: Արշակյանը պատրաստակամություն է հայտնել, նրա խնդրանքով Ռիտա Մ.-ն հայտնել է հեռախոսահամարը: Հաջորդ առավոտյան Արշակյանը զանգել է Ռիտային, առաջարկել է, որ գումարը փոխանցելու համար հանդիպեն: Ռիտա Մ.-ն հայտնել է կազմակերպության գրասենյակի հասցեն:

Արթուր Արշակյանը Արտաշատում տաքսի է նստել, եկել է Երևան՝ Բագրատունյաց փողոցում գտնվող գրասենյակի մոտ: Ռիտան դուրս է եկել գրասենյակից, հանդիպել է Արթուրին, առաջարկել է, որ գումարը հանձնելու համար գնան գրասենյակ: Իսկ Արթուրն առաջարկել է բարեգործություն անելուց առաջ գնալ եկեղեցի ու մոմ վառել… Ռիտա Մ.-ն համաձայնել է…

Դատարանում Արթուր Արշակյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե ինքն ավազակություն չի արել, տուժողն է ոսկե զարդերը հանել ու տվել իրեն: Ինքը ֆինանսական պրոբլեմ ուներ, ասել է այդ մասին ու գումար է խնդրել, տուժողն էլ ասել է, թե գումար չունի, նա իր հոժար կամքով հանել է ոսկե զարդերն ու տվել է իրեն: Ինքը խոստացել է մեկ ամսից զարդերը վերադարձնել:

Ամբաստանյալն ասել է՝ եթե իմանար, որ Ռիտան ամուսնացած է, նրա հետ գործ չէր ունենա: Եթե ինքը պիտի նրան 20 հազար դրամ տար, հասել էր նրա գրասենյակի մոտ, այնտեղ կտար այդ գումարը, ոչ թե մեքենա կնստեր ու 50 կմ կանցներ՝ Խոր Վիրապ հասնելու համար: Իրենք պարզապես գնացել են Խոր Վիրապ, բարձրացել են եկեղեցի, մոմ են վառել, հետո նա ասել է՝ գնանք խաչի մոտ էլ մոմ վառենք, ինքը չի մերժել: Ինքը նրան լուսանկարել է լուսանկարչական ապարատով, հետո նրա հեռախոսով: Հետո նստել են մի ուրիշ տաքսի ու վերադարձել են: Ինքն իջել է իրենց փողոցում, իսկ նա գնացել է Երևան: Ինքը չի հրաժարվում՝ նրա ոսկեղենը վերցրել է, խոստացել է 1,5 ամիս հետո վերադարձնել: Բայց ինքը Ռիտայի վրա չի հարձակվել, այդ ոսկեղենն էլ վերցրել է մոր բուժման համար…

Տուժողը նշել է, թե ամբաստանյալին նախկինում չի ճանաչել: Նա իրեն գրել է «Ֆեյսբուքով», ներկայացել է որպես «բիզնեսմեն», հարցրել է՝ ինչո՞վ կարող օգնել իր կազմակերպությանը: Ինքն ասել է, որ իր կազմակերպությանը դիմած 18 հիվանդ երեխաներ կան, բոլորն էլ օգնության կարիք ունեն, օրինակ՝ մեկի աչքը վիրահատված է, պետք է պրոթեզավորում կատարվի, եթե ցանկություն ունի՝ թող այդ երեխային օգնի: «Բիզնեսմենը» տվել է համաձայնությունը, ասել է, թե 20 հազար դրամով կօգնի: Պայմանավորվել են հանդիպել: Նա տաքսիով է եկել իրենց կազմակերպության գրասենյակի մոտ: Նա է առաջարկել բարեգործական գումար տալուց առաջ եկեղեցի գնալ ու մոմ վառել: Տաքսիով գնացել են Խոր Վիրապ, որտեղ ինքն առաջին անգամ էր լինում՝ ցուցանակը կարդալով է իմացել, որ Խոր Վիրապում են: Մոմ են վառել եկեղեցում, դուրս են եկել, նա բռնել է իր վզից ու ասել է. «Հանի՛ ոսկեղենդ, հանի՛»: Ինքն ասել է՝ եկել ենք, որ ե՞ս ոսկեղենս տամ, թե՞ դու ինձ գումար տաս:

Արշակյանը հափշտակել է իր ոսկեղենը, ինքը մի կերպ փախել, հասել է եկեղեցու բակ, գոռացել, օգնություն է կանչել, մի ոստիկան իրեն ոստիկանության բաժին է տարել:

Տուժողն ասել է, թե մատանին մատից դուրս չէր գալիս, Արթուրը «թքել է իր ձեռքին ու հանել է մատանին», նա է հանել նաև իր ականջօղերը, ցեպը խաչով: Ինքը վախենում էր, որ նա կվերցնի նաև պայուսակը, որի մեջ էին կազմակերպության կնիքը, փաստաթղթերը: Մի կերպ գետնից վերցրել է պայուսակն ու փախել է:

Արշակյանն իրեն սպառնում էր, թե կսպանի, ասում էր. «Տեղիցդ չշարժվես, մի հատ պպզի…»:Նա միայն իր վիզն է սեղմել՝ սպառնալով, որ կխեղդի, այլ մարմնական վնասվածք իրեն չի պատճառել: Ինքը վախեցել է, մտածել է միայն՝ անվնաս տուն հասնի: Բայց ընթացքում նաև դիմադրել է նրան, իսկ փախչելիս վայր է ընկել ու վնասել ոտքը:

Հափշտակած ոսկեղենից Արշակյանն իրեն ոչինչ չի վերադարձրել, գումար էլ չի տվել, եթե վնասը հատուցի, ինքը չի բողոքի…

Դատարանը Արթուր Արշակյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մայիսի 21-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...