Ի՞նչ գործոններով է պայմանավորված անշարժ գույքի գների աճը

- in Տնտեսական
Tun

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, թե ինչ գործոններով է պայմանավորված անշարժ գույքի գների աճը։

Նրա խոսքով՝ առաջին պատճառը Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել։ Երկրորդ պատճառը հիպոթեքի շուկայի ակտիվացումն է, այսօր միջինը 6.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով հիպոթեքային վարկեր կան։ Երրորդ գործոնն, ըստ նրա, այն է, որ մասնավորապես Երևանում կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարարական գործունեություն ծավալելը։ Ուստի, բազմաթիվ փոքր և միջին կառուցապատողներ, որոնք նախկինում միգուցե խնդիրներ ունեին, հիմա հեշտ թույլտվություններ են ստանում։
Անդրադառնալով հարցին, թե արտերկրի հայերը այսօր ձգտո՞ւմ են բնակարաններ գնել Հայաստանում, Սարհատ Պետրոսյանն ասաց․«Մենք անում ենք նման մոնիթորինգ, բայց ես խնդրեցի դադարեցնել այն։ Ինչո՞ւ, որովհետև հատկապես երկքաղաքացիների քանակի աճը բերել է նրան, որ մեր պատկերը ճիշտ չէ։ Բայց ես հիշում եմ, որ վերջին թվերով ավելի շաշափելի մաս էին կազմում։ Բնականաբար, առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են, եթե չեմ սխալվում, հաջորդը ԱՄՆ-ն էր գալիս, ԵՄ-ն, հետո Իրանը»,- ասաց նա։

Գործարքների մեջ մեծ մասնաբաժին է կազմում բնակարանների առք ու վաճառքը, երկրորդ տեղում առանձնատների համար հողերի վաճառքն է, իսկ երրորդ տեղում՝ կոմերցիոն տարածքներինը։ Ամենամեծ պահանջարկը Երևանի կենտրոնում է, հաջորդում են Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները։

Սարհատ Պետրոսյանն անդրադարձավ նաև Երևանի կենտրոնում անշարժ գույքի գներին, այն դիտարկումներին, որ Կենտրոնում չարդարացված բարձր գներ են։

«Մենք շուկայական տնտեսություն ունենք, և շուկան է որոշում այդ գինը։ Նախկինում մենք ունեինք շենքեր, որտեղ այսինչ պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին լինել թանկ։ Բնականաբար, նման բաներ չկան, և հիմա շուկան ամբողջովին ցույց է տալիս իր կարողությունը և հնարավորությունները»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...