Հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Սեյրան Օհանյանի փաստաբանն ասել է, որ դատարանն ամենայն հավանականությամբ ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատարանը կարող է նման որոշում կայացնել։

Այս հոդվածը փաստացի մեղադրանքի հիմքն է, եւ Սահմանադրական դատարանում պետք է որոշվի դրա հիմնավորվածությունը: Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ այն ժամանակ այդ հոդվածը չկար, այդ պատճառով էլ անհիմն է մեղադրանքը:

Այսօր տարածվել էր դատական փորձագետ Արտակ Գալստյանի գրառումը, որում նա հայտնում էր. «Ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը․ ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Վերոնշյալ անձինք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է, թե ոչ:

Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ եւ որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետեւանքով Սահմանադրական կարգը չի տապալվել, եւ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական կարգի տապալումից»:

Փաստորեն, այդպես էլ եղել է՝ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Քոչարյանի պաշտպանները հերքել էին տեղեկությունը, թե իրենք նախօրոք տեղյակ են եղել այս ամենին:

Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ նշել է այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են դատական համակարգը բարեփոխելու եւ անցումային արդարադատությունը կիրառելու համար: Միեւնույն ժամանակ, խորհրդակցության ժամանակ նրա ելույթը ցույց տվեց, որ խնդիրը շատ ավելի լայն է, քան դատաիրավական համակարգի խնդիրը, եւ առնչվում է վերջին տարիներին ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի ընդգրկուն համալիրի:

Ի՞նչ ընթացք կունենա մարտի 1-ի գործը, եւ որքան ժամանակ ՍԴ-ն կքննի դատարանի հայցը: Ըստ ամենայնի, այդ ժամանակը համընկնելու է ներքին ու արտաքին քաղաքական բազմաշերտ խնդիրների հանգուցալուծման ժամանակաշրջանին, որը Նիկոլ Փաշինյանը բնորոշել է որպես հեղափոխության երկրորդ ու ամենակարեւոր փուլ: Հայաստանի քաղաքական ուժերի վերջին օրերի ակտիվությունն ուղղված է այս գործընթացում սեփական դիրքերի ճշգրտմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...