Իմ քայլը խմբակցության որոշումը Գագիկ Ծառուկյանի հարցով

- in Հրապարակ

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը որոշել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով չի ստեղծի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այո, խմբակցությունում քննարկում եղավ այդ մասին, և ըստ էության մենք հանգեցինք այն եզրահանգման, որ այս պահին մեզ համար իսկապես հետաքրքիր ու կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը՝ միևնույն ժամանակ նախաձեռնելով այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնց անհրաժետությունը կա՝ թե բացերի մասով, թե էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնելու մասով։ Բայց մեր այս հայտարարությունը չի նշանակում, որ մենք բացառում ենք էթիկայի հանձնաժողով ստեղծելը։ Ոչ, բայց այս փուլում գերադասում ենք սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,- ասաց Մակունցը։

Նա նշեց, որ չի ուզում պատասխանել հարցին, թե իրավապահների որոշումի՞ց են կախված լինելու իրենց հետագա անելիքները։

Նշենք, որ Իմ քայլը խմաբակցությանը ՔՈ կուսակցությունն էր առաջարկել Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել։