Իմ Քայլի պատգամավորները խոսում են. Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով

- in Կարծիք

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. սա փաստ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Դատարանի հանդեպ իշխանության ճնշումների մասին հայտարարությունները լկտի, նենգ ստեր են։ Սա փաստ է նույնպես։

Հայաստանի Հանրապետության հաղթարշավն անկասելի է եւ անկասելի է լինելու։ Սա համոզմունք է եւ կենսակերպ։ Գլուխներդ բա՛րձր»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը՝ գրելով, որ դատարանն այսօր ապացուցեց՝ ինքը ակախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից։ Թեւոսյանը, մասնավորապես, գրել է․

«Նաեւ ինչու է պետք անցումային արդարադատությունը. տասնամյակներով ձեւավորված որոշակի արժեհամակարգով, ներքին մշակույթով, հոգեկերտվածքով ու կախվածության տարբեր դրսեւորումներով անձինք գործականում անկարող են լինել արդարադատ, ազնիվ, խիզախ՝ նույնիսկ լիակատար ազատության դեպքում:

Նման մարդկանցից առնվազն արդար չէ այդպիսի ակնկալիք ունենալ, անազնիվ է այդ մարդկանց հանդեպ, քանի որ չգիտեն ազատության պայմաններում աշխատելու ձեւը: Այդ ազատության հետ պետք իմանալ, հասկանալ, զգալ՝ ինչ անել:

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը ակախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց՝ անկախ է արդյոք պայմանականություններից, կապվածություններից ու վախից: Սրանք ավելի անդիմադրելի, գործնականում գրեթե անհաղթահարելի կախվածություններ են»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատարանն ապացուցեց այսօր, որ անկախ է գործող կառավարող ուժից, գործադիր և օրենսդիր իշխանություններից, բայց արդյոք ազատ է նախկին ռեժիմից, նախկին ռեժիմի ճնշումներից, վախերից ու ազդեցություններից, սա լուրջ հարց է և հենց այստեղ է պետք անցումային արդարադատությունը, դատական ողջ համակարգի առողջացումն ու վեթթինգի մեխանիզմի կիրառումը:

Հ.Գ. հուսով եմ, դատավորը պատկերացնում է, թե այս փուլում ինչ վտանգի է ենթարկել գործով անցնող վկաներին, ցուցմունք տված բոլոր անձանց ու նրանց սպառնացող ցանկացած վտանգ հենց իր խղճի վրա է»:

Spread the love