Ինչո՞վ է վտանգավոր ներքաղաքական օրակարգում գերակշռող կեղծ դիսկուրսը

- in Կեղտոտ լվացք
Serj Sargsyan

Քաղաքական գործընթացներում բացարձակ ազնվություն կամ անկեղծություն փնտրելն, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց կեղծիքի այն չափաբաժինը, որն այսօր առկա է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում, այնուամենայնիվ մտահոգիչ է։ Քարոզչամիջոցների կողմից հասարակությանը պարտադրված ներքաղաքական օրակարգն ըստ էության ամբողջովին կեղծ է։

Որո՞նք են այս օրերի ներքաղաքական օրակարգի «թոփ թեմաները»։ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցն ու ԲՀԿ-ի հնարավոր պատասխան քայլերը (եթե իշխող քաղաքական ուժն «ընթացք տա» այդ գործին), Ռոբերտ Քոչարյանի «քաղհալածյալ լինելու» թեման, հանրապետականների շարունակվող «մտահոգությունը» անվտանգային խնդիրներով, եւ Դաշնակցության կոշտ ընդդիմադիր կեցվածքն ու արդեն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մտադրությունը։

Իսկ ինչո՞ւ է այս օրակարգը կեղծ։ Սկսենք առաջինից։ Խորհրդարանական մի ամբողջ խմբակցություն հնարավոր բոլոր քարոզչամիջոցներով փորձում է հասարակությանն ապացուցել, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ իր բիզնեսներով չի զբաղվում։ Այսինքն՝ ըստ էության փորձում է ապացուցել, որ մածունը սեւ է, որովհետեւ Ծառուկյանն ինքն է տեսախցիկների առջեւ անձամբ կարգավորում իր բիզնեսների հետ կապված մեծ ու փոքր հարցերը, մանրամասներ ներկայացնում, հրահանգներ տալիս, թե ում ինչքան գումարներ փոխանցեն, ինչ ժամկետներում, եւ այլն։ Ավելին՝ մի ամբողջ հեռուստաալիք առավելապես զբաղված է հենց Ծառուկյանի կողմից անձամբ իր բիզնեսները ղեկավարելու գործընթացի լուսաբանմամբ։ Մեծ հաշվով՝ խնդիրն այն չէ, թե իրավաբանորեն ինչ է իրենից ներկայացնում դա, խնդիրն այլ է՝ Հայաստանում կա՞ մեկը, ով չգիտի, որ Գագիկ Ծառուկյանը լավ էլ անձամբ զբաղվում է իր բիզնեսներով, հիմա ո՞ւմ են փորձում մոլորեցնել այս անհեթեթ քննարկումներով։

Նույնպիսի կեղծ դիսկուրս է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործի «շինծու լինելը»։ Մարդկանց աչքերի մեջ նայելով ուզում են համոզել, որ Երեւանի կենտրոնում մի քանի ժամ շարունակ քաղաքացիների դեմ հրազեն է կիրառվել առանց պետության ղեկավարի գիտության եւ հրահանգի։ Եվ նորից՝ խնդիրն իրավական ձեւակերպումները չեն, խնդիրն այն է, որ ամիսներ շարունակ քննարկվում է մի հարց, որի վերաբերյալ հասարակությունը վաղուց ունի իր միանշանակ կարծիքն ու համոզմունքը։

Հանրապետականների «մտահոգությունների» մասին շատ է խոսվել, բայց նրանք համառորեն շարունակում են հանրային դիսկուրսում թեժ պահել այն թեման, թե ի տարբերություն իրենց՝ նոր իշխանությունները թուլացնում են մեր արտաքին անվտանգությունը։ Սա ասում է այն կուսակցությունը, որի ղեկավար մարմնի անդամների անձնական ունեցվածքը, անգամ պաշտոնական հայտարարագրերի համաձայն, ավելին է, քան ԼՂՀ Պաշտպանության բանակի տարեկան բյուջեն (իսկ իրական ունեցվածքը վստահաբար գերազանցում է նաեւ ՀՀ զինված ուժերի մի քանի տարվա բյուջեն)։

Դաշնակցությունն էլ մյուս կողմից է փորձում հիշեցնել իր մասին (որպեսզի բան է, եթե հանկարծ ներքաղաքական գործընթացները թեժանան՝ իրենց չմոռանան)։ Իսկ կեղծիքը (կամ զավեշտը) տվյալ դեպքում այն է, որ 70 տոկոս վստահության քվե ստացած ուժին մտադիր է անվստահություն հայտնել մի ուժ, որն իր օրում 10 տոկոսից ավելի վստահություն չի ունեցել, իսկ վերջին ընտրություններում անգամ 5 տոկոսանոց շեմը չի հաղթահարել։

Իսկ ինչո՞վ է վտանգավոր ներքաղաքական օրակարգում գերակշռող կեղծ դիսկուրսը։ Ի վերջո, քննարկում են՝ թող քննարկեն, ո՞վ է լուրջ ընդունում։ Իրականում վտանգն այն է, որ կեղծ դիսկուրսով հասարակության ուշադրությունը շեղվում է իրական խնդիրներից ու մարտահրավերներից։ Իրականությունն այն է, որ բոլոր նախկիններն ու ոչ այնքան նախկինները (բայց նախկինում իրենց ավելի լավ զգացածները) հնարավոր բոլոր միջոցներով փորձում են թուլացնել նոր իշխանություններին՝ հարմար պահի չորս կողմից «վրա տալու» համար։ Սա է, ուրիշ բան չկա։

Իսկ իշխանությունների միակ «զենքը» հասարակության հետ անկեղծ երկխոսությունն է։ Դա միակ բանն է, որ նախկիններն ու ոչ այնքան նախկինները չեն կարող անել։