Ինչ գործողություններ է արել ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում

- in Սոցիալական
aac

Այսօր գիշեր Բագրատաշենի անցակետում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել: Թուրքիայից Հայաստան եկած ավտոբուսներից մեկի առևտրականների ապրանքը, ինչպես իրենք են ասում, մաքսակետում ԱԱԾ-ն խլել է, չի տալիս:

Nara Tour ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տեսանյութերը, որոնք փաստում են, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել, ինչը հարուցել է առևտրականների դժգոհությունը:

Առևտրականները պատմում են, որ արդեն չորս օր է իրենց բեռը Բագրատաշեն մաքսային անցակետի պահեստում է: ԱԱԾ-ն չի թողնում ավտոբուսը շարժվի: Առևտրականներն ասում են՝ բեռը մաքսազերծել են, բայց ԱԱԾ-ն երեկ գիշեր որոշել է ստուգել բեռները: ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործողությունները հիմնավորել են այնպես, որ տեղեկություն ունեն, որ ավտոբուսում ավելի շատ բեռ կա, քան օրինական ճանապարհով մաքսազերծված բեռն է:

«Իրենց սխալ տեղեկություն է հասել, ասել են՝ ավտոբուսի մեջ 7 տոննա ապրանք է, բայց իրականում մաքսազերծվել է 4 տոննա: Եկան կշռեցին, տեսան, որ ինչքան ապրանք է եղել, այքդան էլ մաքսազերվել է: Մենք ունենք 4 տոննա բեռ, կշռել, տեսել են ճիշտ է, հիմա մեզ ասում են՝ ապրանքի անվանումները: Բագրատաշենի մաքսակետում երբեք անվանմամբ չի արվել մաքսազերծում, քանի որ անհատը անվանումով չի անում, տեքստիլի կիլոգրամի մաքսազերծումը 4 եվրոյին համարժեք դրամ է: Պարոն վարչապետ, հերիք չէ մեզ հալածեն, ձեր ԱԱԾ-ի գործելաոճը վերանայեք»,- բողոքում են առևտրականները:

Նրանց պատմելով՝ ԱԱԾ-ականներն ասել են՝ այս կռիվը ձեր դեմ չէ, մաքսատան պետի դեմ է, դուք կապ չունեք: “Դե թող պետին ստուգեն, ոչ թե մեզ”,- ասում են առևտրականները: ԱԱԾ գործողությունները առևտրականների հուժկու դիմադրությանն են արժանացել, նրանցից մի կին անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

Իսկ արդեն առավոտյան մեկ այլ տեսանյութի միջոցով առևտրականները բացահայտումներ են անում, որը ըստ էության իրավապահները կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Նախ նրանք ասում են, որ  ԱԱԾ Տավուշի վարչության պետ Սամվել Հայրապետյանը իրենց հետ կոպիտ է վարվել: “Սահմանապահ զորքերը լցրել էին մեզ վրա, բղավում էին՝ ուժ գործադրեք: Հասկանալով, որ սխալ է գործել, առավոտյան արդեն Հայրապետյանը եկավ, ասաց՝ եկեք կոմպրոմիսի գանք”,- ասացին նրանք:

Առևտրականները  մանրամասներ են ներկայացրել, թե ինչ կոռուպցիոն սխեմա է գործում մաքսատանը: Ասում են՝ որոշ անձանց ներքին կարգով վճարել են, ապրանքն առանց մաքսազերծման անցկացրել:

“Անհնար է իրենց հետ չաշխատես, եթե դու իրենց գումար չտաս, չեն թողնի էս մաքսակետ մտնես: Մենք ունենք կանտրաբանդայի տղաներ, որոնց կոռուպցիան ճոխ աշխատում է: Այս պահին այդ կանտրաբանդայի տղաներին ասում ենք՝ մեր գումարները տվեք, մենք ռաստամոշկա անենք: Ինչ բեռ դուրս է եկել առանց մաքսազերծման, իրենց ներքին խոհանոցով է եղել: Երբ որ իրենց բերման կենթարկեն, մեզ էլ կկանչեն առերեսման, մենք թվերի մասին կխոսենք: Իրենց ղեկավարն է ոմն Էդգարը: Բայց մենք նաև օրինական շատ մուծումներ ենք արել: Երեք օր այստեղ ենք եղել ու վճարում ենք կատարել: Հարգարժան պարոն Վանեցյան, մի հատ վերանայեք ձեր անձնակազմին, նրանք գումարը մեզնից կորզում են, հետո ասում են, որ մենք պատիժ պետք է կրենք: Պարոն վարչապետ, պարոն Վանեցյան, արթնացեք, կոռուպցիոներներին ճնշեք, ոչ թե մեզ”,- ասում են առևտրականները: Նրանք նաև ասում են, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց պահում են մաքսատան տարածքում, ասել են՝ եթե դուրս գան, չեն կարող այլևս հետ գալ:

Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանվում է.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ  է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված  խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ ավտոմեքենաներով  ՀՀ տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ  հայտարարագրվել է և մաքսազերծվել  այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցների կողմից «Բագրատաշեն մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝  վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...